Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ «ՊԼԱՏՖՈՐՄԻ» ՇՈՒՐՋ

Հուլիս 11,2009 00:00

\"\"Հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ հայաստանյան մի շարք կուսակցություններ պատրաստ են համագործակցել:

Երեկ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հավաքել էր հայաստանյան մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների, քաղաքական եւ մշակութային գործիչների, ինչպես նաեւ բազմաթիվ սփյուռքահայերի, որպեսզի համահայկական համաժողովի ընթացքում քննարկեն հայ-թուրքական հարաբերությունները եւ արցախյան հիմնախնդիրը՝ թե ինչ պայմաններով եւ մոտեցումներով պետք է լուծվեն այդ խնդիրները: ՀՅԴ-ի ներկայացուցիչների կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության գործընթացը սխալ եւ վտանգավոր ուղղությամբ են ընթանում: Ըստ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի՝ «Հայաստանի համար արդյոք անհրաժե՞շտ են դիվանագիտական հարաբերություններ եւ բաց ճանապարհներ, պատասխանը «այո» է, բայց խնդիրը նրանում է, թե՝ ի՞նչ գին պիտի վճարենք: Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ են դիվանագիտական հարաբերություններ, բայց առանց որեւէ նախապայմանի: Թուրքիան շարունակում է բանակցությունները նախապայմաններով. մեկը՝ Արցախի հարցը, մյուսը՝ ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը: Մենք պետք է ստիպենք, որ Թուրքիան թշնամական վերաբերմունքը փոխի եւ ճանաչի ցեղասպանությունը»:

Համաժողովին ներկա մի շարք կուսակցություններ ՀՅԴ-ի որոշ տեսակետների հետ համաձայն են եւ պատրաստ են համագործակցել: «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի խոսքերով՝ ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ «Ժառանգության» համար հայկական դիվանագիտական եւ քաղաքական էլիտայի գործողություններն անընդունելի են. «Մեր պետության արտաքին քաղաքականության մեջ չկա հստակ կոնցեպցիա, որը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Այս քննարկումը փորձ է՝ համախմբվելու գաղափարախոսական առումով: Եթե խոսքը գնում է ազգային նպատակների մասին, մենք ունենք ընդհանրություններ, եւ ես կարծում եմ, որ Կիրո Մանոյանի արտահայտած մտահոգությունները վերին աստիճանի մոտ են այն բանաձեւերին, որը «Ժառանգությունն» արտահայտել է: Մենք գտնում ենք, որ հայկական դիվանագիտական կորպուսը չի գտել այն բանաձեւը, որով կարելի է բանակցել եւ Թուրքիայի ետ մղել՝ մեզ պայմաններ թելադրելուց»:

ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Սաֆարյանը մեր այն հարցին, թե իրենք կհամագործակցե՞ն ՀՅԴ-ի հետ, պատասխանեց. «Մեր կուսակցության քաղաքական ղեկավարության մեջ կա այն կարծիքը, որ ազգային հնչերանգ ունեցող խնդիրների շուրջ մենք շարունակելու ենք համագործակցել ՀՅԴ-ի հետ, հակառակ այն իրողության, որ ՀՅԴ-ն այլեւս կոալիցիայի կազմում չի: Այդ համագործակցությունը վերաբերում է, մասնավորապես, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այս ասպարեզում մենք ունենք շատ նման օրակարգեր: ԼՂ հիմնախնդրի շուրջ էլ ունենք ընդհանրություններ: Իմ կարծիքով, այստեղ կարող է մշակվել այն քաղաքական ասելիքը, որը կարող է դառնալ շտեմարան հայ դիվանագետների համար: Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին, հայկական քաղաքական դաշտում մի համաձայնություն կա, որ ԼՂ միջազգային ճանաչումը այլընտրանք չունի. սա պետք է լինի այն անկյունաքարը, որի շուրջ մենք բանակցություններ ենք վարում որեւէ մեկի հետ»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «ՀՅԴ-ի հետ մեր տեսակետները համընկնում են, եւ պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք այս 20 տարվա ընթացքում ունեցել են հստակ դիրքորոշում եւ չեն փոխել այն: Հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ հարցը այնքան հրատապ են, որ չքննարկելը կլիներ մեծ հանցանք: Մյուս կողմից էլ՝ անհրաժեշտություն կա համակարգելու մեր գործողությունները»: Մեր այն հարցին, թե ՀԱԿ-ն էլ է առաջարկում համախմբվել հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ, պարոն Սարգսյանն ասաց. «ՀԱԿ-ի առաջարկներն ավելի քաղաքական են եւ մեր քաղաքական դիրքորոշումներին հակասում են: Ես չեմ կարծում, թե ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկները համազոր են»:

«Առավոտը» Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս համաժողովը մի շարք կուսակցություններով համախմբվելու՝ նոր պլատֆորմ ձեւավորելուն ուղղված քայլ չէ՞ ՀՅԴ-ի կողմից, ԳՄ պատասխանատուն ասաց. «Սա համաձայնության նոր պլատֆորմ է: Մենք այս քննարկման հիման վրա ձեւավորելու եւ ամբողջացնելու ենք մեր պլատֆորմը ազգային խնդիրների վերաբերյալ: Ամբողջական պլատֆորմ ենք ներկայացնելու 3 ուղղություններով՝ ազգային, ընկերական եւ ժողովրդավարական: Բայց հիմնական մեր նպատակն այն է, որ մենք կարողանանք դրա հիման վրա մեր հարաբերությունների մեջ հստակություն մտցնել: Ազգային խնդիրները հրատապ են: Այս խնդիրների շուրջ մեկ միասնական ճակատ ձեւավորելը հայության խնդիրն է, այլ ոչ միայն Դաշնակցության: Սրանք այն հարցերն են, որ ոչ մի կուսակցություն միանձնյա չի կարող լուծել: Այդ միասնական ճակատը ձեւավորելու շնորհիվ կարող ենք այս մարտահրավերներին դիմակայել եւ օրվա պահանջին համապատասխան՝ հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան խնդրում բեկում մտցնել, դրանց ընթացքը փոխել»:

Նշենք, որ ՀՅԴ ներկայացուցիչների վստահեցմամբ՝ համաժողովին հրավիրված են եղել բոլոր կուսակցությունները, բացի ՀԱԿ-ից: Հրավիրված Հանրապետական կուսակցությունից ոչ ոք չէր ներկայացել: Այս առիթով Լարիսա Ալավերդյանն «Առավոտին» ասաց. «Եթե դա անակնկալ էր, ապա տհաճ անակնկալ էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել