Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմնարար սկզբունքները հայտնի են

Հուլիս 11,2009 00:00

Ակվիլայում գագաթաժողով գումարած Մեծ ութնյակի ղեկավարներից երեքը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորել են կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը: Հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, ասված է.

«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուսաստանյան Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներս, հաստատում ենք մեր նվիրվածությունը՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կարգավորման Հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու գործում:

Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակ՝ Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին լուծել իրենց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները եւ ավարտական տեսքի բերել այդ Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, ինչը կուրվագծի համապարփակ կարգավորում»:

Այնուհետեւ, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ներկայացված է տեղեկանք, որը քողազերծում է հիշատակված «հիմնարար սկզբունքները»

– Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը,

– Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի,

– Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք,

– Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով,

– ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք,

– եւ անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն:

Երեք երկրների նախագահների հայտարարությանը արձագանքել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլիզադեն. «Սա բացարձակ մերկապարանոց հայտարարություն է, որի նպատակն է միայն իրենց ազնվականացնելը, այլ ոչ թե ինչ-որ ձեւով ազդելը հակամարտության վրա, որից տուժել է ադրբեջանական ժողովուրդը: Նմանատիպ հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահ երկրները հնարում են ինչ-որ աբսուրդ սկզբունքներ` կոչելով դրանք մեկ մադրիդյան, մեկ պրահյան գործընթաց, որոնք թույլ չեն տալիս պատժել զավթչին եւ վերականգնել արդարությունը»,- ըստ «Արմինֆո»-ի, ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել