Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե պահանջ չէ, ուրեմն՝ բանաձեւի խախտում չկա

Հուլիս 11,2009 00:00

Ինքնակամ ներկայացած հետախուզվողներին չկալանավորելու ԵԽԽՎ կոչի առնչությամբ ասում է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ԵԽԽՎ 1677 բանաձեւի 5.3 կետում Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում՝ «նկատի ունենալով դատարանների կողմից նրանց գործերի քննության ավարտից հետո համաներումը կիրառելու հնարավորությունը», թույլատրել հետախուզման մեջ գտնված անձանց, որ նրանք «նախքան 2009 թ. հուլիսի 31-ն իշխանություններին ներկայանալու դեպքում ազատ մնան մինչեւ իրենց գործերի դատական քննության ավարտը»: «Առավոտի» հարցին՝ արդյոք չի՞ կարծում, որ բանաձեւի այս կետն արդեն խախտվել է՝ հաշվի առնելով այն, ինչ կատարվեց «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ եւ այն, ինչը սպառնում է ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին՝ ընդհատակից դուրս գալու դեպքում, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախ տվեց ընդհանրական պատասխան. «Կարծում եմ, ընդհանրապես՝ մեր իրավական համակարգում հանցագործության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ կիրառվող խափանման միջոցները լուրջ վերանայման կարիք ունեն: Իսկ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, մեր նախաքննական մարմինները, դատախազությունը եւ իրավապահ այլ մարմինները ընդհանրապես պետք է մոռանա՛ն ու հիշեն միայն ծայրահեղ դեպքերում: Սա քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական պետության կարեւոր հատկանիշներից մեկն է: Ի դեպ՝ դա նաեւ սահմանադրական նորմ է: Սակայն ցավոք՝ այս արատավոր պրակտիկան շարունակում է պահպանվել՝ կալանավորման միջոցով մեկուսացնում են հասարակությունից եւ փորձում դրանով լրացուցիչ ճնշում գործադրել մարդկանց վրա՝ այլեւայլ նպատակների հասնելու համար: Իբրեւ իրավաբան եմ ընդգծում, որ Հայաստանում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մեխանիզմն ունի վերանայման անհրաժեշտություն»:

Անդրադառնալով ԵԽԽՎ բանաձեւի վերոհիշյալ կետին՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «5.3 կետը պետք է շատ ավելի խիստ ձեւակերպված լիներ եւ ոչ թե այս կերպ»: Նկատեցինք, որ եթե Վեհաժողովը ոչ թե կոչ աներ, այլ պահանջեր չկալանավորել ինքնակամ ներկայացած հետախուզվող գործիչներին՝ դա կարող էր դիտվել միջամտություն դատական (իբր) անկախ համակարգի գործունեությանը: «Շատ լավ, եթե մենք խոսում ենք կոչի մասին, ապա այժմ կատարվող գործընթացներում ես չեմ տեսնում բանաձեւի կետի խախտում,- ասաց ՀՅԴ պատգամավորը:- Իսկ եթե խոսեինք այնպիսի ձեւակերպման մասին, որով սա լիներ պահանջ, այլ ոչ թե հորդոր կամ խնդրանք՝ այդ դեպքում, այո՛, կարելի կլիներ սա միանշանա՛կ գնահատել որպես խախտում»:

Անկախ այս ամենից՝ Արծվիկ Մինասյանը նկատեց, որ այժմ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների փոփոխման եւ ընդունված համաներման պայմաններում գլխավոր դատախազն ուղղակի պարտավոր է նորից միջնորդությամբ դիմել ԱԺ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել