Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉ ԲԱՐԻ ԿԱՄՔ, ՈՉ ԼԻՑՔԱԹԱՓՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հուլիս 11,2009 00:00

Չնայած ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի 5.3 կետում առկա հորդորներին՝ ՀՀ իշխանությունները՝ ի դեմս ՀՔԾ-ի, հակված են կալանավորելու Խաչատուր Սուքիասյանին:

\"\"
Ներկայանա՞լ, թե՞ ոչ. կորոշի ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը:

Հինգշաբթի օրը ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խումբը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ մեղադրվող ու արդեն 15 ամիս հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի շահերի պաշտպանների միջնորդությունը: Դրանով պատգամավորի պաշտպաններ Արա Զաքարյանն ու Արթուր Գրիգորյանը փորձել էին հասնել այն բանին, որ պատգամավորի կողմից մինչեւ հուլիսի 31-ը նախաքննական մարմնին ներկայանալու դեպքում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը չկիրառվի: Հիշեցնենք, որ սա, իշխանությունների եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, իբր, բարի կամքի դրսեւորման ամենավառ ապացույցը լինելուց զատ, կարող էր նաեւ ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի 5.3-րդ կետով ՀՀ իշխանություններին ուղղված հորդորը «բանի տեղ դնելու» ազդակ լինել: Բայց իշխանությունները՝ ի դեմս ՀՔԾ-ի, Խ. Սուքիասյանի մասով, թերեւս, այլ պլաններ ունեն:

Իսկ միջնորդությունը, որը ներկայացվել էր պաշտպանների կողմից, թվում էր, թե անառարկելի պիտի լիներ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց պատգամավորի շահերի պաշտպան Արա Զաքարյանը, նախաքննական մարմնին ուղղված իրենց՝ Խ. Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության մեջ մատնանշվել էր 4 հիմք: Նախ՝ այն, որ 2008թ. մարտի 4-ին ՀՀ ԱԺ 4 պատգամավորների, այդ թվում՝ Խ. Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրանց կալանքի տակ վերցնելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության մեջ նշված հիմքն այն էր, թե՝ նաեւ Խ. Սուքիասյանը կարող է կատարած լինել արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ ՔՕ 300 հոդվածի 1-ին եւ 225 հոդվածի 3-րդ մասերով: ԱԺ-ն նման համաձայնություն տվել էր, բայց այս տարեսկզբին հիշյալ հոդվածները ապաքրեականացվեցին, եւ պատգամավորների նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոխվեց, փոփոխվեցին նաեւ փաստական հանգամանքները: Ս. թ. մարտի 24-ին նախաքննական մարմինը որոշում կայացրեց Խ. Սուքիասյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ այս անգամ արդեն ՔՕ 225 հոդվածի 1-ին մասով: Սա նկատի ունենալով էլ՝ պաշտպանները շեշտել էին, որ, ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պատգամավորին չի կարելի որպես մեղադրյալ ներգրավել, կալանավորել եւ այլն՝ առանց ԱԺ համաձայնության: «Իսկ ԱԺ կողմից մեկ անգամ տրված համաձայնությունը ամենեւին էլ չի նշանակում, որ դա հավերժական է, ու նախաքննության մարմինը, այսուհետ ունենալով այդ համաձայնությունը, ինչ հոդվածով ուզի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցի կամ կշարունակի»,- ասաց Ա. Զաքարյանը: Ըստ նրա, եթե մեղադրանքը էապես փոխվել է, ապա գլխավոր դատախազը կրկին պետք է դիմեր ԱԺ-ին՝ համապատասխան միջնորդությամբ: Իսկ այդ դեպքում չէր բացառվում, որ ԱԺ-ն կարող էր նման համաձայնություն չտալ կամ տալ, բայց մասամբ, ասենք՝ քրեական հետապնդումը շարունակել, բայց առանց խափանման միջոց կալանքը կիրառելու: ՀՔԾ-ն միջնորդության այս կետին, ըստ պաշտպանի, շատ անորոշ ձեւով է անդրադարձել, պատճառաբանելով, թե ԱԺ-ն համաձայնություն է տվել ոչ թե կոնկրետ հոդվածներով, այլ առհասարակ հետապնդում հարուցելու համար: «Սա չափազանց տարածական մեկնաբանություն է, ինչը ակնհայտ անօրինական եւ անթույլատրելի է»,- պարզաբանեց Ա. Զաքարյանը՝ հավելելով, թե դա պատգամավորական անձեռնմխելիության սահմանափակում է:

Միջնորդության երկրորդ հիմքն այն էր, որ այն մեղադրանքով, որը առաջադրվել է պատգամավորին՝ ՔՕ 225-ի 1-ին մաս, արդեն քննչական եւ դատավարական գործողություններ են կատարվել, ձեռք են բերվել բազմաթիվ ապացույցներ, եղել են դատավարություններ, այդ թվում՝ «Յոթինը», արձակվել են դատական ակտեր, որոնք գործի նախաքննությանը խոչընդոտելու հավանականությունը անգամ տեսականորեն շատ են նվազում, այնքան, որ այլեւս անձին ազատությունից զրկելու անհրաժեշտություն չկա: Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, այս պայմաններում, երբ նախաքննության ընթացքում կատարվել են քննչական բազմաթիվ գործողություններ, խոչընդոտելու հանգամանքը, որպես այդպիսին, այլեւս չի կարող բավարար լինել՝ ասելու, թե անձը ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել, եւ այդ հանգամանքն էլ գերակայի անձի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ: Պաշտպանների միջնորդության մեջ վկայակոչվել էր նաեւ ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի համապատասխան՝ 5.3 կետը: Ի պատասխան այս փաստարկի՝ ՀՔԾ-ն, Ա. Զաքարյանի գնահատմամբ՝ չափազանց լղոզված եւ անհեթեթ պատճառաբանություն է ներկայացրել, թե՝ կա բազմաթիվ գործողություններ կատարելու անհրաժեշտություն, եւ այդ պայմաններում, եթե պարոն Սուքիասյանը ազատության մեջ գտնվի, ապա մեծ հավանականություն կա, որ նա անօրինական ազդեցություն կգործադրի դատավարությանը մասնակցող անձանց վրա, կթաքնվի քննությունից, կթաքցնի գործի համար նշանակություն ունեցող նյութեր: Այդ վերջին պատճառաբանությունը, Ա. Զաքարյանի ասելով, առավել քան անհեթեթ է, մանավանդ, եթե հավատանք ՀՔԾ-ի մինչ այդ արած հայտարարություններին, թե՝ բոլոր ապացույցները հավաքված են:

Նախաքննական մարմնին ուղղված միջնորդության 3-րդ կետով պաշտպանները վկայակոչել էին «Յոթի» գործը՝ փաստելով, որ այդ գործերով արդեն կայացված դատական ակտեր կան, եւ բոլոր այն անձինք, ովքեր մեղադրվում էին նաեւ Խ. Սուքիասյանին առաջադրված՝ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, դատապարտվել են առավելագույնը 5 տարվա ազատազրկման, եւ նրանց նկատմամբ կիրառվել է համաներում: Պաշտպանները շեշտել էին, որ, նկատի ունենալով դատական պրակտիկան, եթե Խ. Սուքիասյանի գործը անգամ մտնի դատարան, ապա դատարանը նրան չի կարող դատապարտել ավելի քան 5 տարվա ազատազրկման, որի պարագայում նրա նկատմամբ եւս կկիրառվի համաներում: «Այդ պայմաններում անձին ազատությունից զրկելու որոշումը կորցրել է իր ակտուալությունը»,- պարզաբանեց պաշտպանն ու հավելեց, թե այդ փաստարկին ի պատասխան՝ ՀՔԾ-ն մի պատասխան է տվել, որն ավելի շատ ցինիկ, քան ցնցող կարելի է որակել: Այն է՝ «Յոթի գործ» վերնագրվող գործ եւ նման գործով դատական նախադեպեր նախաքննական մարմնին հայտնի չեն, ուստի անհայտ գործով դատական ակտի փաստական հանգամանքները, որպես իրավական փաստարկ, չենք կարող քննարկել»: Ա. Զաքարյանի մատուցմամբ, սրանով ՀՔԾ-ն փորձել է խույս տալ հստակ պատասխան տալուց, ու սրա դեմ որեւէ հակափաստարկ չունենալով՝ ստիպված է եղել իրեն «ուղղակի անհասկացողի տեղ դնել»: Պաշտպանը համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե՝ ՀՔԾ-ն, ըստ էության, ոչ թե խուսանավել կամ թեական պատասխան է տվել պաշտպաններին, այլ կտրուկ մերժել է վերջիններիս միջնորդությունը՝ հաստատելով, որ Խ. Սուքիասյանը ներկայանալու դեպքում մեկ է՝ կալանավորվելու է: «Այդ որոշման բովանդակությունից հետեւում է, որ Խ. Սուքիասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմքերը այս պահին չեն վերացել եւ չեն նվազել, հետեւաբար՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու հիմքեր չկան»,- պարզաբանեց պաշտպան Զաքարյանը՝ շեշտելով, որ այս որոշումը վկայում է, որ իշխանությունն ամենեւին էլ հակված չէ կատարելու ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի պահանջները եւ շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները: Ըստ նրա՝ քայլերը, որոնք անում է իշխանությունը՝ դրանք ներկայացնելով որպես բարի կամքի դրսեւորում կամ լարված մթնոլորտը լիցքաթափելուն ուղղված միջոցառումներ, իրականում այդպիսիք չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել