Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱՑԻԻ ՆՈՒԺՆ ՎՈԺԴ»

Հուլիս 11,2009 00:00

\"\"Մարքսիստն առաջարկում է նաեւ ընդդիմության ձեւաչափի, մոտեցումների եւ լիդերի փոփոխություն

«Ազգի առաջ եղել եւ մնում են ծառացած նախեւառաջ քաղաքական միասնության եւ գաղափարական միաբանության գերխնդիրները: Նախագահի ուշացած համաներումը չլուծեց այդ խնդիրները: Դրա համար Հայաստանին հարկավոր է այնպիսի առաջնորդ, ինչպիսին էր Ֆրանկլին Ռուզվելտը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա գտնում է, որ «ժողովուրդը հիասթափված է ընդդիմության կրկնակի պարտությունից: Կարեւոր չէ, թե իշխանությունը գողացել է թե պառլամենտական, թե նախագահական, թե Երեւանի ավագանու ընտրություններում. միեւնույն է՝ պարտվողներին ժողովուրդը չի սիրում»: «Վաժեն նի մետոդ, ա՝ րեզուլտատ»,- Հիտլերի խոսքերն է հիշեցնում մեր զրուցակիցը՝ ընդդիմության «ՀՀՇ-ական պարագլուխներին» վերստին հորդորելով բաց չթողնել հնարավորությունը (նկատի ունի Երեւանի ավագանու 13 մանդատները), որի միջոցով կարելի է դեմոկրատիայի հրապարակախոսական ինստիտուտում ապահովել այն կրիտիկական զանգվածը, որի հետ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հույսեր են կապում 24-ժամյա հանրահավաքներ անցկացնելու համար:

Մարքսիստը կարծում է, որ ընդդիմությունն իր «ջախջախիչ» պարտություններից առաջ պետք է նկատի ունենար, որ Հայաստանում ընտրական իրավունքը չի գործում: «Ընտրական իրավունքի միայն այն դեֆեկտները, որ քաղաքացիներին որեւէ կերպ չի պարտադրվում իրենց քաղաքացիական պարտքը կատարել իշխանության ձեւավորման գործընթացներում, որ ընտրական իրավունքը ցենզային է, որ հանձնաժողովները ձեւավորվում են վերեւից, խոսում են այն մասին, որ ՀՀ-ում իշխանափոխությունն ընտրական իրավունքի միջոցով անհնարին է: 20 տարի շարունակ Հայաստանում իշխանությունը ձեւավորվել է խունտիզմի, պալատական հեղաշրջումների, բոնապարտիզմի, բլանկիզմի ձեւով՝ սկսած 1996 թվականի սեպտեմբերի 20-ի պետական հեղաշրջումից: Այսօր ընդդիմությանը հարկավոր են լուրջ, ռադիկալ փոփոխություններ՝ ֆորմատի, նոր ստրատեգիական տակտիկայի որդեգրում եւ քաղաքական կատալիզատորի՝ լիդերի: Նախագահական ընտրություններից հետո էլ ես ասացի՝ ստայե նուժն նովիյ վաժակ՝ մուդրիյ, լովկիյ: Բարձր գնահատելով առաջին նախագահին ու նրա դերակատարությունը՝ կարծում եմ ժամանակն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածի իր նոր հետնորդի մասին եւ Ելցինի սցենարով առաջարկի իր նոր Պուտինին: Ժողովուրդը սպասում է դրան, իսկ լիդերը դա այն քաղաքական կատալիզատորն է, որը կարող է պատմության ընթացքը արագացնել դեպի պրոգրես եւ տանել ռեգրես»,- ասում է մեր զրուցակիցն ու իբրեւ իր խոսքերի ապացույց վկայակոչում այն, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեց ընտրողների միայն 40 տոկոսը՝ «ուրեմն՝ 60 տոկոսը ոչ իշխանություններին է ուզում, ոչ էլ այսօրվա ընդդիմությանը»:

Իսկ ի՞նչ ձեւաչափ է առաջարկում մարքսիստը: Նա հիացած չէ ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» ֆորմատով: Ավելին, կարծում է, որ այդ ֆորմատն իրականություն դառնալ չի կարող՝ «ղեկավարության տարաձայնությունների պատճառով»: «Դաշնակները երբեք չեն համաձայնվի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը լինի իրենց ղեկավարը, ոչ էլ ՀՀՇ-ն թույլ կտա, որ դաշնակներն իրենց ղեկավարեն: Կարեւորը սուբյեկտների տարատեսակությունը չէ, այլ՝ ո՞վ կարող է լինել նոր տնտեսական քաղաքականության հայեցակարգային ճարտարապետը, նոր դիվանագիտական քաղաքականության ուղեղը: Դաշնակները չունեն այդ լիդերը, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ լիդերը լինել չի կարող, Լեւոն Տեր-Պետրոսյանը նոր ազգային դոկտրինա չի առաջարկում, ավելին, դիվանագիտական պարտությունները սկսվում են 1995 թվականից»:

Մարքսիստի հետ զրույցը ավարտվեց Ստալինի խոսքերի մեջբերումով՝ «Վլաստ վզյատ մոժետ կաժդիյ դուռաչոկ, նո սամոյե գլավնոյե՝ կակ պռավիտ ստռանոյ: Ռեսպուբլիկանցի նե վ սաստայանիի պռավիտ ստռանոյ, օնի նատուռալնիյե պալիտիչեսկիյե իմպատենտի: Նացիի նուժն վոժդ, ա նե վուլգառնիյ պռավինցիալնիյ պալիտիչեսկիյ պռաստաչոկ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել