Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ ՁԻԱՀ-ի

Հուլիս 10,2009 00:00

Հայկական Կարմիր խաչը Սիրահարների այգում վաղը կազմակերպում է բացօթյա համերգ-ակցիա՝ «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» խորագրով:

Ըստ aysor.am-ի՝ Հայկական Կարմիր խաչի լրատվության եւ լուսաբանման բաժնի վարիչ Հայարփի Կարապետյանի փոխանցմամբ, «Երիտասարդներն ընդդեմ ՁԻԱՀ-ի» համերգի ժամանակ ելույթ կունենան «THE BOPS», «ANOTHER STORY», «ARSA», «FAIR WIND» եւ «EVA» խմբերը: Բացի այդ, ՀՀ բոլոր մարզերից ժամանած Հայկական Կարմիր խաչի մարզային մասնաճյուղերի շուրջ 150 երիտասարդ կամավորներ կիրականացնեն լայնածավալ տեղեկատվական քարոզարշավ. համերգի ընթացքում կհնչեն ուղերձներ, կանցկացվեն հարցումներ, կբաժանվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր եւ պահպանակներ:

«Հարցաթերթիկների միջոցով փորձում ենք պարզել, թե որքանով է երիտասարդությունը տեղեկացված վարակի տարածման մասին: Դրանով ուզում ենք իմանալ, թե որքանով է վարակի տարածման վտանգը մեծ, քանի որ, եթե տեղեկացված չես, ուրեմն վտանգ կա, որ դու էլ կարող ես վարակիչ դառնալ,- բացատրել է Հ. Կարապետյանն ու հավելել:- Համերգի ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի, եւ այն բացը, որ կնկատվի հարցաթերթիկների լրացման ժամանակ, բնականաբար՝ կլրացվի»:

Հ. Կարապետյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը տարիներ շարունակ պարբերաբար կազմակերպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի մասին տեղեկատվական դասընթացներ՝ հատկապես դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում: Նա նշեց նաեւ, որ կազմակերպությունը պատրաստում է երիտասարդ լիդերներ, ովքեր նույնպես անցկացնում են նմանատիպ դասընթացներ:

Տեղեկացնենք նաեւ, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ՀԿԽԸ երիտասարդական բաժինը, Ամերիկյան Կարմիր խաչի կողմից ֆինանսավորվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված ծրագրի շրջանակներում, իրականացնում է լայնամասշտաբ հանրային նորարարական միջոցառումներ, որոնք ներառում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երեկոներ, ՁԻԱՀ-ից մահացածներին նվիրված մոմավառության երթեր, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված սպորտային ակցիաներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներ պարունակող տեղեկատվական նյութերի տարածում, համերգներ՝ ՀՀ մշակույթի ճանաչված գործիչների ներգրավմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել