Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ ԿՄԱՐՄՆԱՎՈՐԵՆ «ՖԻՐՄԱՅԻՆ» ԱՍՏՂԵՐԻՆ

Հուլիս 10,2009 00:00

\"\"Կամ «Kamoblog Hollywood Night»-ը` տարվա ամենաոճային փարթի

Madonna, Elvis Presley, Jay Lo, Jamiroqua, Kylie Minogue, Fergie, Shakira, Maroon 5, Lady Ga Ga, Beyonce, Jay Z, Gloria Gaynor, Dita von Teese, Amy Winehouse, Katy Perry, Eminem…. Մի շտապեք ենթադրություններ անել, սա «Օսկար» մրցանակաբաշխության երեկոյի հյուրերի ցանկը չէ… Պատկերացնո՞ւմ եք բոլոր այս համաշխարհային ճանաչում ունեցող աստղերին մեկ երեկոյում, մեկ հարկի տակ եւ մեկ գաղափարի շուրջ… Թերեւս դժվար է պատկերացնել։ Ամենաքիչը՝ պետք է լինեն, օրինակ, «Օսկարի», «Գրեմմիի» մրցանակաբաշխությունները կամ դրանց հաջորդող afterparty-ն, որտեղ ներկա գտնվելը հայերիս համար միայն երազանք է։ Իսկ երբեւէ կպատկերացնեի՞ք վերը նշված համաշխարհային գերաստղերին Հայաստանում… Մի փոքր երեւակայություն, աստղերին համարժեք կերպարի ընտրություն, համապատասխան երեկոյան հագուստ, եւ դուք աշխարհահռչակ հոլիվուդյան գերաստղերի երեկույթին եք. հուլիսի 24-ին kamoblog.am-ի եւ «Աֆթերշոք» ընկերության նախաձեռնությամբ համաշխարհային գերաստղերը կհյուրընկալվեն Հայաստան, սակայն ոչ անձամբ, այլ վերջիններիս կմարմնավորեն հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները։ «Kamoblog Hollywood Night»-ը տարվա ամենաstylish party-ն է լինելու, որն իրենից ներկայացնում է հոլիվուդյան պարոդիա։ Հուլիսի 24-ին՝ ուրբաթ երեկոյան, Էջմիածնի ճանապարհին գտնվող «Զվարթնոց» հյուրանոցի բակում կհամախմբվեն համաշխարհային գերաստղերին մարմնավորող տեղական շոու-բիզնեսի ներկայացուցիչները եւ կկատարեն նրանց հիթերը։ Կլինի 20 բեմականացված կատարում, լուսային եւ ձայնային հատուկ էֆեկտներ եւ նույնիսկ Կարմիր գորգ՝ Red Carpet. ամեն ինչ՝ ինչպես Հոլիվուդում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Kamoblog Hollywood Night» երեկույթի մտահղացման հեղինակ, ֆոտոլրագրող, kamoblog.am ինտերնետային ժամանցային կայքի հիմնադիր, «Night people Yerevan» ակումբային ամսագրի խմբագիր, «Էլ Սթայլ» ամսագրի հատուկ նախագծերի տնօրեն Կամո Թովմասյանը։ Նրա խոսքով, ամեն ինչ կազմակերպված է յուրօրինակ, անգամ տեղի ընտրությունն է հատուկ մտածված՝ ոչ թե շքեղ լողավազանների մոտ, ինչպես հայերը սովոր են անել, այլ հյուրանոցի հենց բակում. «Այդ երեկո բակում կհանդիպենք Մադոննային, Էլվիս Փրեսլիին, Ֆերջիին, Բեյոնսեին, Էմինեմին եւ նույնիսկ լուսահոգի Մայքլ Ջեքսոնին… Ողջ երեկո նվագելու է Moby-ն, Dress Code-ը՝ միայն հոլիվուդյան կերպարներով։ Նրանք, ովքեր կներկայանան հայտնի կինոհերոսների եւ աստղերի կերպարներով, կքայլեն Կարմիր գորգի վրայով։ Մի խոսքով՝ իսկական աստղային երեկո»։

Կ. Թովմասյանը խոստովանում է՝ «Նպատակը կայքի գովազդային արշավն է։ Ինչպես ցանկացած ամսագիր, կայք, kamoblog.am-ը նույնպես ժամանակ առ ժամանակ կարիք ունի գովազդի՝ ակցիաների, ցուցահանդեսի, միջոցառումների տեսքով։ Կայքի վարկանիշը պահպանելու համար պարտավոր եմ կազմակերպել հետաքրքիր ժամանցային միջոցառումներ, ակցիաներ՝ ֆոտոցուցահանդեսներ, party-ներ։ Սա յուրահատուկ գովազդի միջոց է՝ նպատակ ունենալով կայքի ընթերցողներին ցույց տալ, որ մենք աշխատում ենք իրենց ժամանակը հետաքրքիր դարձնելու համար։ Նպատակը՝ կայքում միայն հետաքրքիր պատմություններ, նորություններ, լուսանկարներ տեսնելը չէ, այլ մեր ընթերցողներին մի հարկի տակ համախմբելն ու միմյանց հետ ծանոթացնելը։ Ինտերնետն այնպիսի մի երեւույթ է, որ չենք տեսնում, թե ովքեր են մեզ գրողները։ Չէ՞ որ յուրաքանչյուր մամուլի տեսակ՝ լինի դա ռադիո, հեռուստատեսություն, տպագիր մամուլ թե ինտերնետ, կարիք ունի իր լսարանին ճանաչելու, իմանալու, թե ինչ տեսակ մարդիկ են հետաքրքրված իր արտադրանքով։ Ահա եւ «Kamoblog Hollywood Night»-ն էլ կազմակերպվում է նույն նպատակով»։ Վերջինիս փոխանցմամբ, սա երկրորդ նմանօրինակ միջոցառումն է. «Քանի որ, ինչպես բոլորին, այնպես էլ մեզ անհրաժեշտ է գովազդ, որոշեցինք եւ մշակեցինք գովազդային ծրագիր, որը միջոցառումների, մեծ իրարանցում առաջացնող երեկույթների շարք է, որի մասին կխոսի ամբողջ քաղաքը։ Սա թվով երկրորդն է, առաջինը Exclusive Night-ն էր, որը մեր ընթերցողների կողմից շատ սիրվեց։ Իրականում դա իմ ծննդյան տոնն էր, բայց երեկույթին հրավիրված 300 հոգին այդ մասին տեղեկացան միայն վերջում»։

Ըստ մեր զրուցակցի, նման միջոցառումները հիմնականում անցկացվում են «դռների ետեւում». «Kamoblog Holliwood Night»-ը փակ party է։ Այստեղ մասնակցելու են ընտրված մարդիկ՝ բոլոր մեր այցելուները, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները, ակտիվ կյանքի սիրահարները…»։ Հոլիվուդյան աստղերին մարմնավորելու հայ երգիչ-երգչուհիների մտահղացումը կրկին Կամո Թովմասյանինն է. «Ամեն անգամ փորձում եմ յուրահատուկ, անկրկնելի գաղափարներ իրականացնել։ Չէ՞ որ այս ամենը անում եմ իմ կայքի համար եւ արժե «գլուխ ջարդել» հասարակության մեջ իրարանցում առաջացնելու նպատակով: «Kamoblog Hollywood Night»-ի վրա աշխատում է մեծ թիմ։ Նախատեսվում է մի ծրագիր, որը յուրաքանչյուրի հիշողության մեջ կմնա իր ամբողջ կյանքում, դրա համար ես շատ եմ չարչարվել։ Արդեն նկարված են երեկոյի պոստերներն ու հրավիրատոմսերի ֆոտոշարքը։ Վերջինս իրականացրեց Արտաշես Մարտիրոսյանը, ոճի առումով պատասխանատվությունը fashionblog.am կայքի հեղինակներ, ոճաբան Արմեն Գալյանինն ու հագուստի դիզայներ Ֆաինա Հարությունյանինն է, ինչպես նաեւ հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանինը»։

Չնայած կերպարները անակնկալ են, սակայն մի քանիսը հաջողվեց բացահայտել. օրինակ՝ երգչուհի RP-ն ներկայանալու է Լեդի Գա Գայի կերպարով. «Նրա կերպարը պատրաստ է, բայց երգը դեռ չենք որոշել՝ «Just Dance» կամ «Poker Face» հայտնի երգերից մեկը։ Աշխարհի ամենասկանդալային, դիվային Մադոննային մարմնավորելու է հայ ամենասկանդալային երգչուհին՝ Շպռոտը։ Նախագծի հենց առաջին օրվանից միայն նրան էինք տեսնում Մադոննայի դերում։ Այդ ժամանակ Շպռոտը Հայաստանում չէր եւ իր համաձայնությունը՝ կերպարավորելու Մադոննային, տվեց ամենավերջինը։ Ներկա կլինի նաեւ Ջասթին Թիմբրլեյքը, որի դերում հանդես կգա Նարեկ Բավեյանը։ Նա կենդանի կկատարի Ջասթինի գործերից մեկը։ Երեկոյում իր «լուման» ունի նաեւ «Արմենոիդս» խումբը, ավելի ճիշտ՝ «Արմենոիդսի» աղջիկը կմարմնավորի Շերին։ Քեթի Թերրիի դերում Հասմիկ Կարապետյանն է։ Հասմիկին առաջարկեցինք երգել Քեթիի «Kissed A Girl» երգը, որից նա կտրականապես հրաժարվեց, ասելով՝ ես այդ երգը չեմ երգի, ուրիշ գործ ընտրեք»։ Կամոն ավելացրեց, որ «Kamoblog Hollywood Night» նախագծում լինելու են ինչպես հասուն սերնդի սուպերաստղեր, այնպես էլ նոր սերնդի կատարողներ։ Հայաստանում կազմակերպվող երեկույթների՝ party-ների եւ դրանց մասնակցողների մասին Կ. Թովմասյանն ասաց. «Բավական ակտիվ է Հայաստանը երեկույթների կազմակերպման առումով։ Օր օրի ավելի ժամանակակից, նորագույն տեխնիկայով, հետաքրքիր մտահղացումներով են անցկացվում party-ները՝ նույն լուսային էֆեկտները, դրանցում կազմակերպվող հետաքրքիր համարները, մտահղացումները բավական համարձակ են եւ, ամենակարեւորը, ազատ։ Օրինակ, նախորդ շաբաթ «Աֆթերշոք» ընկերության կազմակերպած երեկույթում առաջին անգամ Հայաստանում օգտագործվեց փրփուրի տեխնիկա։ Ամբողջ ակումբը փրփուրով էր պատված։ Նման բան միայն եվրոպական party-ներում կարելի էր տեսնել»։ Ինչ վերաբերում է party հաճախողներին՝ «Դրանք հաստատ այն հայուհիները չեն, որոնց՝ երեկոյան 10-ից հետո տուն չեն թողնում: Նրանք ավելի առաջադեմ, ավելի ազատ մտածելակերպով անկաշկանդ հայուհիներն են, որոնք չեն ամաչում լողալ փրփուրի մեջ, վայելել կյանքը՝ հաճույքներով…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել