Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունիվերսիադան» վարակվել է խոզի գրիպով

Հուլիս 10,2009 00:00

Բայց դա Հայաստանի ներկայացուցիչներին չի վերաբերում: Սերբիայի մայրաքաղաքում ընթացող ուսանողական համաշխարհային խաղերը մոտենում են եզրագծին: Ցավոք, մեր ուսանող մարզիկների մասնակցության մասին, ինչպես միշտ, լուր չունենք: Միակ տեղեկատվությունը, որ մինչեւ երեկ կար, թեքվանդոյում նվաճած բրոնզե մեդալն է՝ միակը: Իսկ քանի որ դառը փորձը ցույց է տալիս, որ հաջողության դեպքում ավետիսը վայրկյանների ընթացքում է հասնում Հայաստան, պիտի ենթադրել, որ Բելգրադում առայժմ մեզ ձախողումներն են ուղեկցում: Սպորտում ամեն բան հնարավոր է: Պատահում է, որ նույնիսկ օլիմպիական խաղերում այս կամ այն մարզաձեւում աշխարհի բացարձակ առաջատարը պարտվում է ինչ-որ մի նորելուկի, այն էլ՝ նախնական փուլում: Ու ոչ մի երկրում, բացի Հայաստանից, դրանից ողբերգություն չեն սարքում՝ որպես քավության նոխազ ինչ-որ մեկին անարգանքի սյունին գամելով: «Ունիվերսիադան» ավարտվում է: Ենթադրաբար, մեր մարզիկների մի մասն արդեն իրեն լավ կամ վատ դրսեւորել է: Բայց մեզ հետաքրքրող օրվա ինֆորմացիա այդպես էլ չկա, որքան էլ ինտերնետում փնտրում ենք:

Դրա փոխարեն, այլ երկրների լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ «Ունիվերսիադայում» երկու թե երեք մարզիկ հոսպիտալավորվել է խոզի գրիպով հիվանդանալու պատճառով: Սակայն միանգամից ասենք, որ հիվանդությունը մեր հանրապետության պատվիրակությանը չի դիպել: Հիվանդացածները Ուգանդայից, Ավստրիայից եւ Արգենտինայից են:

«Ունիվերսիադայի» կազմակերպիչների տարածած պաշտոնական հայտարարության համաձայն, այդ մարզիկները Սերբիա ժամանել են արդեն վարակված վիճակում:

Մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, թե Բելգրադում արդեն գրանցվել է նոր հիվանդության 26 դեպք ու նշում նաեւ Ավստրալիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել