Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է

Հուլիս 10,2009 00:00

\"\"Սեպտեմբերի 11-13-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը: Հայաստանի մարզական կյանքում նշանակալի դերակատարություն ունենալիք այդ միջազգային մարզական իրադարձության մեկնարկին մնում է ընդամենը երկու ամիս:

Ինչպե՞ս են ընթանում նախապատրաստական աշխատանքները, Հայաստանը կկատարի՞ Եվրոպայի առաջնությունը միջազգային չափանիշներին համապատասխանող մակարդակով կազմակերպելու՝ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիային նախապես տված խոստումները: Այս ամենին տեղում ծանոթանալու նպատակով երկրորդ անգամ Երեւան է ժամանել Եվրոպական ֆեդերացիայի սպորտի հարցերով տնօրեն Ինդրեկ Պերտելսոնը: Նա անձամբ լինում է ապագա մրցավայրում, հյուրանոցներում, հանդիպում է Հայաստանի մարզական ղեկավարներին եւ քննարկում նախապատրաստական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու հետ առնչվող խնդիրները:

Երեկ «Առավոտը» զրուցեց ձյուդոյի մեր ազգային ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի եւ Ինդրեկ Պերտելսոնի հետ:

Ալեքսան Ավետիսյան. «Նման բարձր մակարդակի մրցումների անցկացման վայրի ընտրությունը կատարվում է մոտ երկու-երեք տարի առաջ: Դրան նախորդում են ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացվող հայտերը: Մեր ֆեդերացիան ժամանակին համաձայնեցնելով ՀԱՕԿ-ի եւ սպորտի պետական կառույցի, նրանց միջնորդությամբ՝ նաեւ կառավարության հետ, սահմանված ժամկետներում այդպիսի ցանկություն պաշտոնապես հայտնել էր: Մեզանից բացի, այս առաջնությունն ընդունելու պատրաստակամություն հայտնել էին նաեւ Փարիզը, Ամստերդամը, Միլանը, Բրյուսելը: Մարզաձեւի եվրոպական միության համապատասխան՝ հանձնաժողովները այցելել են բոլոր երկրներ, տեղում ծանրութեթեւ արել, թե որ քաղաքը ինչ արժանիքներ ունի եւ զեկուցել իրենց ղեկավար մարմնին: Եվ անցած տարի ձյուդոյի Եվրոպայի միության 60-րդ համաժողովը քվեարկությամբ ընտրեց Երեւանը, իսկ որպես պահեստային քաղաք՝ Պրահան: Դրա հաջորդ օրվանից մեր ֆեդերացիան զբաղվում է նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ, բնականաբար, չափանիշ ընդունելով Եվրոպայի ֆեդերացիայի պահանջները: Այս ընթացքում բավականին գործ արդեն կատարվել է՝ սկսած բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությունից հետո մարզահամերգային համալիրում մեր մարզաձեւին անհրաժեշտ լրացուցիչ՝ մրցումային, դրանց սպասարկման, լուսաբանման, հեռուստահեռարձակման որակի պատշաճ ապահովման հետ կապված, օժանդակ հարմարությունների, հյուրանոցների, տրանսպորտի եւ հազար ու մի խնդիրների հետ կապված հարցերը կարգավորելու շուրջ բանակցություններ վարելուց մինչեւ դրանց լուծումներ գտնելը: Բայց կան նաեւ այլ կարեւորագույն հարցեր, առանց որոնց լուծման կարող ենք անցանկալի փաստի առջեւ կանգնել: Խոսքը ֆինանսների մասին է: Կառավարությունն առաջնության կազմակերպմանն աջակցելու նպատակով հատկացրել է 30 միլիոն դրամ, ինչը, հասկանալի է, նման մասշտաբի միջոցառման համար չնչին գումար է: Հիմա փնտրում ենք հովանավորներ, ներդնողներ: Ճիշտ է, այդ հարցում առայժմ ոգեւորվելու առիթները քիչ են, բայց հույսներս չենք կորցնում եւ հավատում ենք, որ արձագանքողներ կլինեն: Չէ՞ որ սա վերջին հաշվով երկրի պատվի գործն է»:

Ընթացքում մեզ մոտեցավ Ինդրեկ Պերտելսոնը, որի հետ զրույցը գործնական ու անկաշկանդ ստացվեց:

– Եվրոպայի առաջնության նախապատրաստության ընթացքին ծանոթանալու նպատակով երկրորդ անգամ եք Երեւանում: Ձեր գնահատականը:

– Հիմնական կետերը, որոնք ամրագրված են թղթի վրա, ամբողջովին ընթացքի մեջ են: Սակայն դեռ կան բազմաթիվ հարցեր, որոնք հընթացս լուծելու կարիք ունեն: Մնացել է ընդամենը երկու ամիս, բայց տեսնում եմ, որ ձեր ֆեդերացիան կազմակերպչական գործին ամուր է կպել: Համոզված եմ, որ ֆեդերացիան իր գործընկերների հետ համատեղ ջանքերով ժամանակի մեջ կտեղավորվի: Իսկ մարզաձեւի եվրոպական միությունը կաջակցի իր հնարավորությունների սահմաններում:

– Կոնկրետ ինչո՞վ:

– Կազմակերպչական աշխատանքների հետ կապված խորհրդատվություններով եւ համագործակցությամբ, որպեսզի կատարվող աշխատանքները կատարելագործվելով՝ համապատասխանեն սահմանված պահանջների ստանդարտներին, որոնցում մանր կամ երկրորդական հարցեր չկան:

– Իսկ նյութակա՞ն աջակցություն:

– Եվրոպական միությունը նման դեպքերում, սովորաբար, կոնկրետ նյութական օգնություն չի նախատեսում: Եվրոպայի առաջնությունները սովորական մրցաշար չեն: Եթե այս կամ այն երկիրը, ազգային ֆեդերացիան այն ընդունելու ցանկություն է հայտնել եւ երաշխավոր կանգնել, ինքը պետք է բոլոր հարցերը կարգավորի: Չէ՞ որ տվյալ պարագայում դուք Եվրոպայի շուրջ 40 երկրների ներկայացնելու եք Երեւանը, Հայաստանը, ձեր ժողովրդին, երկրի պատմությունն ու ներկայիս արժանիքները: Դա Հայաստանի հեղինակության խնդիր է: Իսկ ինչ վերաբերում է ձյուդոյի եվրոպական միություն-ազգային ֆեդերացիա հարաբերություններին, նյութական խնդիրներն այլ հարթության վրա են լուծվում: Այդ նպատակով գործող ծրագրեր կան: Բայց եթե կոնկրետ խնդիր առաջանա, դա ազգային ֆեդերացիայի եւ մարզաձեւի եվրոպական միության ղեկավարների միջեւ քննարկվելիք հարց կարող է դառնալ:

– Ասացիք՝ շուրջ 40 երկիր: Արդեն այդքան հայտ ստացվե՞լ է:

– Եվրոպայի ֆեդերացիայի անդամ բոլոր երկրները ծանուցագիր ստացել են: Քանիսը կժամանեն՝ կերեւա ավելի ուշ: Բայց, որպես կանոն, նման մակարդակի մրցումների մասնակցող երկրների թիվը տատանվում է 35-40-ի միջեւ: Հույս ունեմ, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն այդ թվի վրա չի ազդի: Գիտե՞ք՝ ինչի համար եմ այդպես մտածում: Որովհետեւ, ինչպես այլ մարզաձեւերում, այնպես էլ ձյուդոյում, մարզիկի համար ինքնադրսեւորման լավագույն տարիքը մինչեւ 20 տարեկանն է: Դրանից հետո նա շատ հաճախ կանգնում է ընտրության առջեւ՝ շարունակի՞, թե՞ իր համար ավելի նպատակահարմար զբաղմունք գտնի: Չնայած ձյուդոյում քիչ չեն դեպքերը, երբ մարզիկի աստեղային ժամը գալիս է 25 տարեկանում ու ավելի ուշ, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ 30-ից հետո:

– Հայաստանում ձյուդոյի ընդհանուր վիճակի մասին ի՞նչ կասեք:

– Եթե ունեք Ալիկ Ավետիսյանի նման նվիրված եւ ուժեղ նախագահ, խնդիր լինել չի կարող: Ձեր մոտ ձյուդոն լավ հիմքերի վրա է եւ արագ տեմպերով սկսել է զարգանալ, հատկապես՝ վերջին 6-8 տարիներին: Այս ընթացքում հայաստանցի մարզիկները արդյունքներ են ցույց տալիս Եվրոպայի եւ աշխարհի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում եւ մրցաշարերում: Դա վկայում է կայունության մասին, ինչն ամենագլխավորն է:

– Հնարավոր համարո՞ւմ եք ապագայում այստեղ նաեւ Եվրոպայի մեծահասակների առաջնություն անցկացնելը:

– Իսկ ինչո՞ւ ոչ: Ես կասեի, որ դա անհրաժեշտ է:

– Դուք մարզական ի՞նչ նվաճումներ ունեք:

– Շատ համեստ: (Բայց երբ մեր համառությանը տեղի տալով՝ Ինդրեկն սկսեց արագ-արագ թվարկել դրանք, որոշեցինք մեկ առ մեկ չներկայացնել, քանի որ նյութի ծավալն առանց այդ էլ մեծ է ստացվում: Նշենք միայն, որ նրա հավաքածուում կան բոլոր գույնի մեդալները՝ սկսած Էստոնիայի, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բոլոր տարիքային խմբերի առաջնություններից, ամենատարբեր ու բարձր կարգի մրցաշարերից, մինչեւ Սիդնեյի եւ Աթենքի օլիմպիական խաղեր- Ա. Հ.)

Սրճարանում կայացած մեր զրույցի ընթացքում Ինդրեկ Պերտելսոնը հայկական ինչ-որ ճաշատեսակ էր վայելում:

– Հայկական խոհանոցը ձեզ դո՞ւր է գալիս:

– Ձեր ուտելիքը շատ համեղ է: Հայաստանում սնվելն ինձ դուր է գալիս:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել