Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՐՇԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հուլիս 10,2009 00:00

Անցյալ տարվանից սկսած, աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունները շարունակվում են Կանադայում: «Քարշ՝ կերպար ստեղծողը» խորագրով ցուցահանդեսը Կանադայի «Գիտության եւ տեխնոլոգիայի թանգարանում» մեկնարկել է հունիսի 12-ին եւ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Ինչպես տեղեկացնում է «Նոյյան տապանը»՝ վկայակոչելով «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, այդ ընթացքում վերոնշյալ թանգարանի եւ Կանադայի գրադարանների եւ արխիվների «Դիմանկարների պատկերասրահ» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ Քարշին նվիրված լայնածավալ փառատոն՝ ամբողջ ամսվա ընթացքում: «Քարշի հետքերով» քայլարշավ է կազմակերպվելու, որի այցելությունների գլխավոր 11 վայրերը՝ Օտտավայի փոքրիկ թատրոնը, Աստվածամոր տաճար-բազիլիկան եւ 1933-ին Սփարքս փողոցում բացված Քարշի առաջին արվեստանոցը այս կամ այն ձեւով առնչվում են տաղանդավոր լուսանկարչի կյանքի հետ:

Արեւմտահայաստանում 1908 թվին ծնված Հովսեփ (Յուսուֆ) Քարշը «լեգենդար լուսանկարիչ» դարձավ 1940-50-ական թվականներին Կանադայում եւ համաշխարհային համբավ ձեռք բերեց տարբեր երկրների առաջնորդների ու անվանի անձնավորությունների իր անզուգական դիմանկարներով:

Դրանց թվում ամենահատկանշականը Ուինստոն Չերչիլի առանց ծխամորճի զայրացած դիմանկարն է: Մյուսներից հիշատակության արժանի են Բեռնարդ Շոուի, Ֆիդել Կաստրոյի, Օդրի Հեփբյորնի, Էլիզաբեթ թագուհու, Էլիզաբեթ Թեյլորի, Հռոմի պապի, գրողներ Հեմինգուեյի, Նաբոկովի, Մեյլորի եւ շատ ու շատ ուրիշների դիմանկարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել