Այսօր երաժշտությունը հնչում է ամենուր. ամենօրյա օգտագործվող «ապրանք» է: Փողոցներում, տրանսպորտում, զվարճավայրերում մարդկանց են հրամցնում ամեն տեսակի երաժշտություն: Aysor.am-ի հարցին՝ արդյո՞ք երաժշտությունը զենք է, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը պատասխանել է. «Յուրաքանչյուր իր կարող է դառնալ մահաբեր զենք: Օրինակ, բժշկի ձեռքում դանակը բուժելու միջոց է, իսկ մարդասպանի ձեռքում՝ սառը զենք: Նայած՝ ո՞ւմ ձեռքում է գտնվում: Երաժշտությունը հզոր միջոց է, բայց երաժշտության լեզուն պետք է հասկանալ: Եթե ընդունակ չես լեզուն հասկանալու, ըմբռնելու, մաքրվելու՝ ուրեմն ամեն ինչ իզուր է: Հիտլերյան Գերմանիան Վագների երաժշտությունը օգտագործում էր նացիզմի ազդեցությունը տարածելու համար: Միախմբման օրինակ է Մարսելյեզը, ժամանակին՝ Ինտերնացիոնալը: Սփյուռքի եւ հայրենիքի համար համախմբման երգ է «Կռունկը», ինչպես նաեւ հայերիս համար կոմիտասյան յուրաքանչյուր դրսեւորում»: Նա նաեւ հավելեց. «Ես կարծում եմ, երաժշտությունը զենք չի կարելի համարել… Չնայած փոխաբերական իմաստով՝ երաժշտությունը զենք է պատերազմների ժամանակ»: Նույն հարցով Aysor.am-ը դիմել է հոգեբան Նազելի Մինասյանին: «Երաժշտությունը զենք է, եւ անձը երաժշտությունը լսելով կարող է այնպիսի գործողություններ անել, որ առանց երաժշտություն լսելու երբեւէ չէր անի: Երաժշտություն լսելով՝ մարդու ուղեղում տատանումներ են տեղի ունենում: Այդ տատանումների արդյունքում անձը կարող է ընկնել դեպրեսիայի մեջ: Երաժշտությունը զենք է այն պարզ պատճառով, որ լսելու ընթացքում անձը իր արարքները չի կարող ղեկավարել»,- պատասխանել է հոգեբանը: