Լրահոս
Օրվա լրահոսը

Կեսդարյա հոբելյան

Հուլիս 10,2009 00:00

Կամ վագոն-տնակից մինչեւ շքեղ դպրոց

\"\"Եթե կայացած կենսագրություն ունես՝ կարող ես հպարտությամբ ետ նայել: Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը 50 տարեկան է: Քաղաքի կենտրոնում, քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող այս շենքը ոդիսական է ունեցել: Տեղական ֆելզիտից գեղեցիկ կառույցը ի սկզբանե կուսակցության (իսկ խորհրդային շրջանում կուսակցությունը մեկն էր) շրջանային կոմիտեի շենքն էր: 90-ական թվականների երկրորդ կեսին այստեղ ներքին գործերի Տավուշի մարզի ռեգիոնալ վարչությունն էր տեղավորվել, հոյակերտ շենքից հաճախ հարցաքննվողների գոռոցներն էին լսվում: Իսկ նույն օրերին՝ 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից հետո, երաժշտական դպրոցի պարապմունքները տեղի էին ունենում վագոն-տնակներում: 1999-ին երաժշտականը տեղափոխվեց այս գեղեցիկ շենք եւ արդեն մեկ տասնամյակ այս հարկի ներքո քնքուշ մեղեդիներ, մանկական զվարթ ձայներ են հնչում:

1959 թվականին Սերյոժա Հարությունյանը սկիզբ դրեց երաժշտական դպրանոցի, ուր սկզբնական շրջանում աշխատում էր… 2 հոգի՝ տնօրենը եւ դաշնամուրի ուսուցչուհի Կարինե Շամցյանը:

1961-ին դպրոցը համալրում ստացավ. ուսումն ավարտելով՝ Երեւանից այստեղ տեղափոխվեց լարային գործիքների դասատու Հրանտ Հակոբյանը, ում իրերը տնօրենը սպիպված էր դաշտերով շալակած բերել: Մեկ տարի Հրանտը բնակվեց Սերյոժա Հարությունյանի տանը, մինչեւ բնակարան հատկացրին: Հիմա 70-ամյա Հրանտը հումորով վերհիշում է, թե ինչպես Սերյոժայի մայրը նայելով իրեն՝ 48 կգ քաշով երիտասարդին, եզրակացրել էր. «Այս տղան ապրիլ չտի»:

Մի օր էլ դաշնամուրի դասատու Կարինե Շամցյանը, մտնելով նկուղային բնակարան, սարսափել էր՝ տեսնելով ոտքերի առաջ վազվզող մկանը. «Տնօրեն ես, բռնիր մկանը»՝ պահանջել էր նա Սերյոժայից: Կեսդարյա տարեգրության ընթացքում երաժշտական դպրոցը հազարից ավելի սաներ է ունեցել, 25 շրջանավարտ ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

Դպրոցի հոբելյանին, Նոյեմբերյանի ավագանու որոշմամբ, Սերյոժա Հարությունյանին շնորհվեց Նոյեմբերյանի պատվավոր քաղաքացու կոչում: Վաստակաշատ տնօրենը իրեն երախտապարտ է համարում, բայց նաեւ դժգոհում, որ դպրոցի եւ իրենց կեսդարյա վաստակի համար կառավարության կողմից որեւէ կոչումի կամ մեդալի չեն արժանացել: Այժմ Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը 6 բաժիններում սովորող 157 սան ունի ու 25 դասատու:

Այս դպրոցը նմանատիպ կրթօջախների մեջ եզակի է այն առումով, որ բոլոր դասատուներն այս կրթօջախի սաներ են: Թեեւ երաժշտական դպրոցն այժմ տանիքի եւ դասասենյակների նորոգման, գույքի եւ սարքավորումների թարմացման խնդիրներ ունի, սակայն հաջողությամբ շարունակում է սահմանագոտում երեխաների երաժշտական դաստիարակության կարեւոր գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել