Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ

Հուլիս 10,2009 00:00

\"\"Ըստ գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի՝ վերջիններս ավելի շատ են հանդիպում շքեղ ամսագրերում, քան պրոֆեսիոնալները:

Գեղանկարիչ Վարուժան Վարդանյանի անունը մեր ազգային արվեստի ու մշակույթի անբաժանելի մասն է դարձել: Դեռեւս երիտասարդ տարիքում նրա արվեստի վերաբերյալ անվանի գիտնական ու արվեստաբան, ակադեմիկոս Ռուբեն Զարյանի կանխատեսումը, թե Վարուժանի ստեղծագործությունը մի օր դառնալու է համընդհանուր հետաքրքրության առարկա, վաղուց իրականություն է: Իր արվեստով Վ. Վարդանյանը միանում է 1960-ականների տաղանդավոր սերնդին (Մինաս, Սեյրան Խաթլամաջյան, Աշոտ Հովհաննիսյան եւ այլք) եւ իր գործերում կապակցում ազգային ավանդականը արդիականին, հասնելով ձեւի ու բովանդակության հետաքրքիր սինթեզի: Գեղանկարիչը հատկապես կարողանում է ամենասովորական թվացող կոմպոզիցիաների լուծումների մեջ գտնել բացառիկն ու հետաքրքիրը: Շատ ենք լսել, որ նրա արվեստում զարմացնում է այն հանգամանքը, որ պարզ, անգամ երկրաչափական ուղղագծություն ունեցող կոմպոզիցիաներում Վ. Վարդանյանը կարողանում է հասնել գունային այնպիսի բացահայտումների, որոնք ցույց են տալիս նյութի ներքին ծավալն ու բովանդակությունը:

Իր տեսակի մեջ հետաքրքիր այս գեղանկարիչը, ցավոք, այսօր այնքան էլ ծանոթ չէ նոր սերնդին: Ոչ միշտ է, որ նրա ստեղծագործությունը դառնում է համընդհանուր քննարկման եւ ուշադրության նյութ: Չենք ուզում էլի ու էլի տրտնջալ, թե ոչ արվեստային ժամանակներում ենք ապրում, թե մարդիկ հիմնականում զբաղված են սոցիալական խնդիրներուվ, ու էլի նման բաներ, բայց, այնուամենայնիվ, մեզ հետաքրքրում է, թե ի՞նչն է պատճառը, որ վերջին շրջանում ճանաչված գեղանկարիչը քիչ է ներկայանում հանրությանը: Այս հարցով էլ «Առավոտը» դիմեց Վ. Վարդանյանին:

«Ճիշտ է, անհատական ցուցահանդես վաղուց չեմ ունեցել, բայց խմբակայինների մասնակցել եմ: Վերջին անհատական ցուցահանդեսս՝ «Խաչելություն» խորագրով, անցկացվեց 2001թ.՝ նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Անկեղծ ասած, անհատական ցուցահանդեսներ ստեղծագործական կյանքիս ընթացքում քիչ եմ ունեցել, որովհետեւ, կարծում եմ, դրանք պետք է թե արվեստագետի եւ թե արվեստասերի համար լինեն երեւույթ: Ժամանակին հանրությանը ներկայանում էի նաեւ հեռուստատեսությամբ, իսկ այսօր բոլոր TV-ները գրավել են ապաշնորհ աստղեր կոչվածները»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ արդյոք այսօր երիտասարդների մեջ կա՞ն գեղանկարիչներ, որոնք իրենց արվեստով կարող են այնպիսի մի շարժում ստեղծել, ինչպիսին եղավ 60-ականներին, Վ. Վարդանյանը պատասխանեց. «60-ականներին միայն տաղանդավոր գեղանկարիչներ չեն եղել: Ստեղծագործել են նաեւ միջակները, թույլերը, բայց բոլորն էլ նկարել գիտեին: Հիմա ով ասես ցուցադրվում է: Հեշտ ճանապարհ են ընտրել. ընդօրինակում են արեւմուտքի այս կամ այն արվեստագետին, նույնիսկ ամսագրից նկարը վերցնում ու տեղափոխում են իրենց կտավի վրա: Ես էդ տեսակներին անվանում եմ արվեստի հաշմանդամներ… Ոչ թե գեղանկարիչներ, այլ նկարողներ էլ կան, որոնց հանկարծ հանդիպում ես շքեղ ամսագրերում: Մի խոսքով, այսօր երիտասարդներին չի հերիքում նկարելու կարողությունը: Ճիշտ է, հաճախ ինչ-ինչ էֆեկտիվ գործեր անում են, բայց դրանով կարող են խաբել միայն ոչ պրոֆեսիոնալին»: Դիտարկմանը, թե իր ասածից կարելի է եզրակացնել, որ ոլորտի ուսուցման ընթացքից է դժգոհ, Վ. Վարդանյանն ասաց. «Լավ մասնագետ մանկավարժներ ունենք, պարզապես ուսանողի մեջ ձգտումն է մարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել