Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԹՆՅԱԿԸ ԵՐԿԽՈՍՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Հուլիս 10,2009 00:00

\"\"Իտալական Ակվիլում արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում է Մեծ ութնյակի գագաթաժողովը, որի ուշադրության կենտրոնում տնտեսական ճգնաժամն է եւ պայքարը գլոբալ ջերմացման դեմ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ակնկալվում է, որ հինգշաբթի օրը հանդիպումներին կմիանան նաեւ արագ զարգացող երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի, Մեքսիկայի եւ Բրազիլիայի ներկայացուցիչները:

«Մեծ ութնյակը դադարում է ընտրյալների փակ ակումբ լինելուց: Աշխարհի առաջատարները հասկանում են, որ հրատապ խնդիրների լուծումը հնարավոր է միայն բոլորի համատեղ ուժերով»,- մեկնաբանելով այս տարվա հանդիպման ձեւաչափը՝ ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը:

«Անշուշտ, Մեծ ութնյակի ձեւաչափը իրեն չի սպառել, սակայն այժմ այն սկսում է երկխոսություն արտաքին աշխարհի հետ՝ երկխոսություն, որին հետզհետե առավել մեծ թվով երկրներ են միանում: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին այս առումով շատ բարձր նշաձող է սահմանել եւ խիզախորեն Ակվիլ է հրավիրել աշխարհի շուրջ երեք տասնյակ երկրների ղեկավարների: Ինձ թվում է, որ սա էական քայլ է մարդկության առջեւ կանգնած ֆինանսական եւ քաղաքական խնդիրների լրջությունն ու խորությունը ըմբռնելու ճանապարհին»,- ընդգծել է Կոսաչյովը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շուրջ նախօրեին տեղի ունեցած քննարկումների ժամանակ, արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Մեծ ութնյակի ղեկավարները համաձայնել են շարունակել համատեղ եւ համաձայնեցված պայքարը:

«Չնայած բարելավման որոշ նշաններին՝ այդուամենայնիվ, տնտեսական դրությունը շարունակում է մնալ երերուն: Մենք կշարունակենք անհատապես եւ համատեղ քայլեր ձեռնարկել՝ համաշխարհային տնտեսության համար ապահովելու ամուր, կայուն եւ հարատեւ զարգացում»,- հայտարարել են Մեծ ութնյակի երկրների ղեկավարները՝ չորեքշաբթի օրը տեղի ունեցած քննարկումների ավարտին:

Ֆինանսական ճգնաժամի դեմ համատեղ եւ հետեւողական պայքարից բացի՝ Մեծ ութնյակի առաջնորդները հայտարարություն են ընդունել նաեւ գլոբալ ջերմացման մասին: Փաստաթղթում, մասնավորապես, Մեծ ութնյակի երկրները պարտավորվում են քայլեր ձեռնարկել, որոնք թույլ չեն տա ջերմաստիճանի՝ 2 աստիճանից ավելի բարձրացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել