Գնահատման կենտրոնը միայն երեխայի կրթական կարիքն է գնահատում, այլ ոչ թե՝ որոշում, թե որտեղ պիտի սովորի երեխան:
«Առավոտի» ապրիլի 25-ի համարում տեղ գտած «Աշխարհն առանց խտրականության» հոդվածում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, պատմելով ժամանակին իր տնօրինած թիվ 27 դպրոց ընդունված մի աղջնակի մասին, ասել էր. «Աշխենիկ Ավագյանը մեզ մոտ տեղափոխվեց հատուկ դպրոցից, որտեղ 4 տարի սովորել էր եւ ընդամենը մի քանի տառ գիտեր: Նրա բժշկական տեղեկանքի մեջ գրված էր, որ նա մտավոր հետամնաց է եւ չի կարող սովորել: Բայց այսօր նա ավարտել է դպրոցը, սովորում է քոլեջում եւ պատրաստվում է դառնալ գործավար»: Աշխենիկի դեպքը եզակի չէր: Ժամանակին բժիշկները շտամպով «դատապարտում» էին բազմաթիվ երեխաների: Սակայն արդեն գրեթե 2 տարի է, որ հանրապետությունում գործում է մի հաստատություն, որի վրա է դրված երեխաների կրթական կարիքների գնահատման պատասխանատվությունը: Ըստ Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանի՝ ներկայացված օրինակը իրենց չի վերաբերում. «Այն ժամանակ չկար Գնահատման կենտրոնը: Մեր կենտրոնը սկսել է աշխատել 2007 թ. սեպտեմբերից, իսկ դրանից առաջ եղել են բժշկահոգեբանական ինչ-ինչ անհասկանալի կառույցներ, որոնք չգիտեմ, թե ինչպես՝ բժշկական ախտորոշո՞ւմը հաշվի առնելով, թե՝ միայն փաստաթղթային փաթեթը հիմք ընդունելով, կարող էին տալ նման կատեգորիկ գնահատական: Շատ հնարավոր է, որ օբյեկտիվ տվյալներ չէին կարող ստանալ: Շատ է պատահում, որ երեխան գալիս է մեզ մոտ՝ բժշկական փաստաթղթերով առողջ, բայց ունի խնդիր, դա պարզվում է գործիքներով ստուգելուց հետո, եւ հակառակը՝ երեխան ունի խնդիր՝ ըստ ծնողի, բայց իրականում չունի՛ խնդիր, կամ ֆիզիկական խնդիրն այնպիսին է, որ նա առանձնահատուկ կրթության կարիք չունի, եւ մենք տալիս ենք այդ գնահատականը»:
Վարդուհի Կատինյանի խոսքով՝ «2007 թվականի սեպտեմբերից մինչեւ այսօր գնահատել ենք շուրջ 3500 երեխայի: Նախորդ տարվա ընթացքում գնահատել ենք շուրջ 2000 երեխայի: Տարեցտարի դիմողների թիվն ավելանում է»: Մեր հարցին՝ գնահատելուց հետո ուղղորդո՞ւմ եք երեխային, թե ուր գնա ուսում ստանալու՝ հատուկ դպրո՞ց, թե՝ ներառական կրթություն իրականացնող հաստատություն, Կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Ոչ, մենք գնահատում ենք, տալիս ենք երեխայի կրթական կարիքը, եւ ուղղորդում ենք նրան, թե ինչ չափորոշիչով, ինչ ծրագրով պիտի կրթական հաստատությունը պարապի երեխայի հետ, բայց, թե ինչ դպրոց պիտի տանի՝ հատո՞ւկ, թե՝ ներառական կրթություն իրականացնող, դա ծնողի որոշումն է: Ինչպիսի վիճակում էլ լինի, ինչ կրթական կարիք էլ ունենա, յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք եւ յուրաքանչյուր ծնող ունի իրավունք՝ ընտրելու այն հաստատությունը, որն իրեն ամենահարմարն է»: «Առավոտի» հարցին՝ հետեւո՞ւմ եք երեխայի զարգացմանը, տիկին Կատինյանը պատասխանեց. «Երկու տարին մեկ վերագնահատում ենք իրականացնում, ինչը մեզ հնարավորություն է տալիս նախ ճշտել, թե երեխան ուր է գնացել մեր գնահատումից հետո, այսինքն՝ տվյալներ հավաքել եւ, բացի դրանից, տեսնել, թե ինչպես է այդ հաստատությունը փորձել գտնել երեխայի հետ աշխատելու ճիշտ մեխանիզմը: Սակայն առայժմ վերագնահատման ոչ մի դեպք չի եղել, քանի որ մեր աշխատանքային գործունեության 2 տարին դեռ չի լրացել: 2009-ի սեպտեմբերից հետո կսկսենք այդ գործընթացը, եւ պարզ կլինի՝ արդյոք նրանց հետ ճի՞շտ են աշխատել դպրոցներում»:
Տիկին Կատինյանը ներկայացրեց այն երեք գործոնները, որոնք, ըստ իրեն, նպաստում են իրենց կենտրոն դիմողների թվի աճին: Ըստ նրա՝ հանրապետությունում տարեցտարի ներառական դպրոցների շատանալն առաջին կարեւոր խթանն է. «Այդ դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները առանց կրթական կարիքի համապատասխան գնահատման՝ չեն կարող համարվել ներառված երեխաներ»: Երկրորդ կարեւոր գործոնը հետեւյալն է. խորհրդային տարիներից ընդունված էր հատուկ դպրոցներ ներառել նաեւ սոցիալապես անապահով, բայց ինտելեկտով բարձր երեխաների, ինչը Վ. Կատինյանն ուղղակի անընդունելի է համարում: Նրա խոսքով, այժմ նման մոտեցումները փոխվել են, հատուկ դպրոցներն իրենք են շահագրգռված ներառել միայն դպրոցին հատուկ ունակություններով երեխաների: Երրորդ գործոնն էլ, ըստ Կենտրոնի տնօրենի, հասարակության մտածելակերպի փոփոխությունն.«Եթե նախկինում ծնողները կարծում էին, թե մեր տված գնահատականը պիտակավորում է իրենց երեխաներին, ապա հիմա գիտակցում են՝ երեխան պետք է ստանա միայն իր ընդունակություններին համապատասխան կրթություն, ինչը հեշտությամբ կարող կյուրացնի»: Տիկին Կատինյանի խոսքով, իրենց շատ են դիմում նաեւ երեխաների վարքով անհանգստացած ծնողներ, ովքեր Կենտրոնում բացահայտում են, որ անհանգստանալու կարիք չկար:Շատ են գալիս նաեւ մարզերից: Պահանջարկը մեծանում է նաեւ հեռավոր սահմաններում: Այդ է պատճառը, որ կառավարության այս տարվա որոշմամբ, աշնանից Գնահատման կենտրոնի մասնաճյուղ կգործի Ստեփանավանում: Այժմ մայրաքաղաքի մասնագետները վերապատրաստական աշխատանքներ եւ փորձի փոխանակում են իրականացնում մարզի գործընկերների հետ: Առաջիկայում նախատեսվում է Գնահատման կենտրոնի մասնաճյուղ՝ նաեւ Կապանում: