«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը մտավախություն ունի, որ ավագ դպրոցը կարող է դառնալ հերթական «զաստավիտի» դպրոց:
Ինչպես արդեն բազմիցս անդրադարձել ենք, արդեն հայտնի են այն 38 դպրոցները, որոնք այս տարվանից դառնալու են ավագ դպրոցներ: Այս ցանկում են նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստագործական դպրոցը, Գեղարվեստի խորացված ուսուցման հանրակրթական դպրոցը եւ վարժարանը: Երեկ կրթահամալիրի Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ այս դպրոցներում 2009-2010 ուստարում իրականացվելիք կրթական ծրագրերի շնորհանդեսը: Նկատենք, որ կրթահամալիրի կազմում գործող ավագ դպրոցներն իրենց իրականացրած ծրագրերով կառանձնանան մյուս ավագ դպրոցներից՝ ուսուցման ձեւով, ուսումնական պլաններով եւ ծրագրերով: Օրինակ՝ եթե ավագ դպրոցներում կլինեն ընդհանուր, բնագիտամաթեմատիկական, հումանիտար հոսքեր, ապա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմում գործող ավագ դպրոցներում կրթությունը կտարվի 2 մասնագիտացումների գծով՝ սկսած կիրառական մաթեմատիկայի եւ ծրագրավորման, բժիշկ-կենսաբանի, իրավագետ-քաղաքագետի եւ այլ մասնագիտացումների գծով խորացված ուսուցումից, մինչեւ հայագիտության, արեւելագիտության, պոլիգրաֆիայի, զարդակիրառական արվեստի, բուսաբուծության եւ պարտեզապուրակային գործի խորացված ուսուցում:
«Առավոտը» այս ծրագրերի մասին զրուցեց կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանի ղեկավար Գեւորգ Հակոբյանի հետ: Նա ասաց. «Օրինակ, ունենք ծրագրավորման 2 մասնագիտացում՝ կիրառական մաթեմատիկա եւ ծրագրավորում, էլեկտրոնիկա եւ ծրագրավորում: Վերջին մասնագիտացումը բացվում է առաջին անգամ. ամբողջ աշխարհում էլեկտրոնիկայով զբաղվողներն առանց ծրագրավորման՝ գործ չեն անում: Նրանք սարքերը համակարգչով հավաքում, մշակում, աշխատեցնում են, հետո անցնում դրա ֆիզիկական պատրաստմանը: Մենք երեխաներին պիտի սովորեցնենք այդպիսի ծրագրեր: Արդյունքում դասարանը կունենա սարքերի պատրաստման ռեալ պատվերներ»: Իսկ ավագ դպրոցի՝ երեխայի բուհ նախապատրաստելու գործառույթի մասին պարոն Հակոբյանն ասաց. «Ավագ դպրոցի խնդիրը երեխային բուհի նախապատրաստելը չէ: Չէ՞ որ ավագ դպրոց ավարտածների միայն 20-25%-ն է բուհ գնում, մյուսները մտնում են կյանք, աշխատաշուկա: Մենք շեշտը դնում ենք սովորողի գործունեության, կարողությունների զարգացման վրա, որ եթե ուզենա՝ ավագ դպրոցում ստացած գիտելիքներով կկարողանա աշխատանք գտնել»:
Հետաքրքրվեցինք՝ դասարաններում քանի՞ աշակերտ կլինի եւ արդյո՞ք ուսուցումը կլինի վճարովի: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Կլինեն 20-22 հոգանոց դասարաններ, իսկ մասնագիտական խմբերը կլինեն ավելի փոքր: Ընդհանրապես, ավագ դպրոցում սովորող մեկ աշակերտի համար պետությունը վճարում է 110 հազար դրամ, իսկ արհեստագործական ուսուցման դեպքում, մեկ աշակերտի համար՝ 230 հազար դրամ: Եթե պետությունը համաձայնի ֆինանսավորել ավագ դպրոցին՝ ինչպես արհեստագործական ուսումնարանին, ուսուցումը կլինի անվճար, հակառակ դեպքում՝ կրթական լրացուցիչ ծառայությունների համար ծնողը պիտի փոխհատուցի, որը կկազմի ամսական մոտավորապես 10 հազար դրամ: Մեր տնօրենը դիմել է նախարարին, առաջարկների փաթեթ ներկայացրել, սպասում ենք պատասխանին»:
Զրուցեցինք նաեւ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Մեր դիտարկմանը, թե կրթական ոլորտի պաշտոնատարները շեշտում են, որ ավագ դպրոցի կարեւորագույն խնդիրներից է երեխային պատրաստել բուհում կրթությունը շարունակելու, պարոն Բլեյանն այսպես պատասխանեց. «Անգամ այդ խնդիրն իրենք չեն կարող լուծել, քանի որ, եթե երկամյա ավագ դասարաններում, որտեղ եւս գոյություն ունեին հոսքային դասարաններ, սովորողների մեծ մասը չէր ուզում 11-րդ դասարան գնալ, ապա ի՞նչը պիտի փոխվի եռամյա ավագ դպրոցում: Մեծ վտանգ կա, որ միջնակարգ անգիրի դպրոցը կվերարտադրի անգիրի ավագ դպրոց: Սա կլինի հերթական «զաստավիտի» դպրոց, որը կօրինականացնի կրկնուսուցումը, կլինի օլիգարխիկ համակարգ, փորձ կարվի կրկնուսույցներին տեղայնացնել ավագ դպրոցներում: Դրա համար էլ մեր կրթահամալիրի կազմում առաջարկում ենք որպես այլընտրանք՝ 3 ավագ դպրոցներ, որտեղ սովորողը կունենա անհատական ուսումնական պլան»:
Անդրադառնալով կադրերի հարցին, Ա. Բլեյանը նկատեց. «Համ անգիրի հիմնական դպրոցում ուսուցչի ավելցուկ կա, համ անգիրի ավագ դպրոցում: Իսկ մեր ավագ դպրոցում խորացված ուսուցման համար նոր մասնագետներ ենք ընդունում»: Մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանն էլ ասաց. «Մեր կադրերին ընտրում ենք մրցույթով կամ հրավիրում ենք հանրապետությունում ճանաչված մասնագետների: Առարկայական ծրագրերում նույնիսկ կարեւորվում է, թե ինչ ուսումնահասարակական աշխատանքներ կատարելու հնարավորություն է տալիս այդ առարկայի ծրագիրը, քանի որ ուզում ենք, որ ոչ թե աշակերտը կրթվի՝ հետո արտադրություն տա, այլ կրթության ընթացքում նրա տված արտադրանքը հասարակությանը ինչ-որ օգուտ տա»:
Երեկ նաեւ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն. «Կրթություն բոլորի համար» անվանակարգում պարգեւատրվեց հատուկ մանկավարժ Սոնա Բալայանը, «Հանուն տեխնիկական առաջընթացի» անվանակարգում՝ սովորողներ Անահիտ Մարգարյանն ու Տիգրան Շիրվանյանը, «Կրթասեր» անվանակարգում՝ մի քանի սովորողների տատիկ Հասմիկ Ենգիբարյանը: