Երեկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկանք, որ արագ արձագանքման խումբը նախորդ օրն այցելել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր (ՁԱՊՎ)՝ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ հանդիպման նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած՝ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ: Նա հայտնել է, որ 2009 թ. հուլիսի 6-ին, ժամը 10-ից հայտարարել է հացադուլ, քանի որ նախաքննական մարմինը բացարձակ անհիմն կերպով իրեն կասկածում է հանցագործության կատարման մեջ: Հայտնել է, որ 2009 թ. հուլիսի 7-ի երեկոյան իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն այցելել է ՁԱՊՎ-ի բուժակը, որից հետո ՁԱՊՎ-ի վարչակազմի կողմից հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի կողմից իրեն կատարվել է ներարկում: Պաշտպանի ներկայացուցիչները, պարզելով, որ Տիգրան Առաքելյանին դեռեւս մեղադրանք առաջադրված չէ եւ նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում, բացատրել են նրա որպես կասկածյալ եւ ձերբակալված անձ օրենքով սահմանված իրավունքները՝ այդ թվում նաեւ պաշտպան ունենալու իրավունքը: Տ.Առաքելյանը հայտնել է, որ ձերբակալման պահից ունի պաշտպան եւ գոհ է նրա մատուցած ծառայություններից: