Քաղաքագիտական գրականության մեջ պայքարը իշխանության, այն իրականացնելու կամ վերահսկելու համար՝ համարվում է կուսակցության հիմնական գործառույթ։
Իհարկե, սա չի նշանակում, որ կուսակցությունը պայքարում է իշխանության համար՝ հանուն իշխանության։ Պետական իշխանությունում գերիշխող դիրքի ձեռքբերումը հնարավորություն է տալիս կուսակցությանն իրականացնել իր կողմից մշակված ծրագրերը։ Պետական իշխանությունում գերիշխող դիրք ձեռք բերելու ժամանակակից գործընթացը ընտրություններն են։ Սա նշանակում է, որ կուսակցության կողմից ընտրությունների միջանկյալ ժամանակահատվածում իրականացվող գործունեությունից է մեծապես կախված ընտրություններում նրա հաջողությունը։ Իհարկե, վերոշարադրյալը մեծապես տեսական քաղաքագիտության ոլորտից է եւ քաղաքական գործընթացի իդեալականացված պատկեր: Գաղտնիք չէ, որ իրական քաղաքական գործընթացը տարբերվում է տեսական գիտելիքից, սակայն կուսակցությունների միջընտրական գործունեությունը իրականում մեծ ազդեցություն ունի ընտրությունների ժամանակ հասարակության կողմից վերջիններիս տրվող վստահության քվեի վրա:
2003թ. «Արդարություն» դաշինքը խորհրդարանական ընտրություններում բավականաչափ քվե ստացավ եւ կարողացավ ԱԺ-ում ձեւավորել խորհրդարանական խմբակցություն: Հասարակության կողմից դաշինքին տրված ձայները պայմանավորված էին 2003թ. նախագահական ընտրություններից հետո՝ մինչեւ խորհրդարանական ընտրությունները դաշինքի ակտիվ գործունեությամբ: 2003-ից մինչեւ 2007 թվականը «Արդարություն» դաշինքն ընտրեց քաղաքական բոյկոտը, սակայն՝ ոչ արդյունավետ տարբերակով: Պահպանելով պատգամավորական մանդատները՝ դաշինքը իրականում իրեն դուրս պահեց քաղաքական գործընթացներից: Շատ մեկնաբաններ եւ նույնիսկ դաշինքին մաս կազմող կուսակցությունների ղեկավարներ այդ ժամանակ նշում էին, որ բոյկոտելիս պետք է վայր դնել մանդատները, որպեսզի հասարակության համար հասկանալի լինի, թե որն է «Արդարություն» դաշինքի իրական նպատակը: Բոյկոտի այս տարբերակի անարդյունավետության ապացույցը 2007 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էին, երբ «Արդարություն» դաշինքում ներգրավված կուսակցությունները չկարողացան հանդես գալ միասնաբար, իսկ առանձին-առաձին չկարողացան հաղթահարել նույնիսկ պահանջվող շեմը եւ դուրս մնացին խորհրդարանից: Նմանատիպ իրավիճակում հայտնվեց նաեւ խորհրդարանական մյուս ընդդիմադիր՝ «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Վերոնշյալ երկու քաղաքական կառույցների համար բեկումային էր 2005թ. սահմանադրական բարեփոխման գործընթացը: Վերջիններս իրենց անհեռատես քաղաքականությամբ իրենց ընդհանրապես դուրս թողեցին քաղաքական գործընթացներից, իսկ հասարակությունը սկսեց նոր փնտրտուք, այսինքն՝ թարմ քաղաքական ուժ, որը, բացի նույնանման հայտարարություններ անելուց, կարող է իրական խնդիրներ դնել եւ ակտիվ գործունեությամբ լուծել այդ խնդիրները:
Ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից տարածված այն միտքը, թե փոքրաքանակ խմբակցությունը չի կարող ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացներում՝ քննադատության չի դիմանում: Այս թեզը կատարյալ ձեւով հերքեց «Ժառանգություն» կուսակցությունը, որը ԱԺ-ում ունենալով ավելի քիչ թվով պատգամավորներ, ապացուցեց, որ ակտիվ քաղաքական գործունեությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ քաղաքական գործընթացների վրա: Ներկայումս «Ժառանգություն» կուսակցությունը, ԱԺ-ում ունենալով ընդամենը 6 պատգամավորից բաղկացած խմբակցություն, իր նախաձեռնողականության եւ ակտիվության հաշվին կարողանում է բավականաչափ ազդեցություն ունենալ իշխանության կողմից ԱԺ-ում ներկայացվող օրինագծերի եւ որոշումների վրա: Այլ հարց է, որ «Ժառանգություն» կուսակցությունն էլ ունի որոշակի մարտավարական սխալներ եւ շատ հաճախ ենթարկվում է քննադատության՝ խոսքի եւ գործի անհամապատասխանության պատճառով: Նմանատիպ ամենամեծ սխալը, կարծում ենք, «Ժառանգություն» կուսակցության 2009 թ. Երեւանի ավագանու ընտրություններին չմասնակցելն էր: Իհարկե՝ այս կուսակցության ներկայացուցիչները բազմաթիվ, շատ դեպքերում նաեւ հակասական մեկնաբանություններ են տվել այս հարցի կապակցությամբ, սակայն մեկ բան անժխտելի է, խորհրդարանական կուսակցությունը իրավունք չունի իրեն զերծ պահել մի քաղաքական գործընթացին մասնակցելուց, որը իր նշանակությամբ գրեթե չի զիջում խորհրդարանական մրցապայքարին: Թե ինչպես այս քայլը հետագայում կանդրադառնա կուսակցության վարկանիշի, այսինքն՝ հասարակության կողմից վերջինիս նկատմամբ ունեցած վստահության վրա, ցույց կտան հաջորդ քաղաքական ակտիվ գործընթացները: Շատ բան կախված է, իհարկե, նաեւ կուսակցության հետագա քայլերից եւ գործունեությունից:
(շարունակելի)