Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձագանք «Առավոտին»

Հուլիս 10,2009 00:00

\"\"«Առավոտի» հունիսի 16-ի համարում, հենվելով ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից ստացած տեղեկությունների վրա, գրել էինք, թե Հայաստանի շատ համայնքապետարաններ չունեն հեռախոսակապ՝ թե բջջային, թե ֆիքսված: Վիճակը հատկապես անմխիթար է Արմավիրի եւ Լոռու մարզերում: Այս հրապարակումից երկու շաբաթ անց՝ հուլիսի 2-ին նամակով մեզ է դիմել ֆիքսված կապի միակ օպերատոր՝ «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Նամակը ստացել ենք հուլիսի 7-ին:

Անուշ Բեղլոյանը պնդում է, որ հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Արմավիրում բոլոր համայնքներն էլ ունեն հեռախոսակապ: 5971 բաժանորդ օգտվում է գծային հեռախոսակապից, իսկ 8987 բաժանորդ՝ CDMA տեխնոլոգիայից: Լոռու մարզում գծային կապից օգտվում է՝ 2608, իսկ CDMA կապից՝ 8610 բաժանորդ»:

Ի դեպ, «ԱրմենՏելի» դժգոհությունը հարուցած նյութի հենց առաջաբանում էինք գրել, որ համայնքներում հանրային իրազեկման միջոցների (ֆիքսված եւ շարժական կապ, պաշտոնական կայքեր, տեղական թերթ, ռադիո եւ հեռուստաընկերություններ) վիճակի ուսումնասիրության հեղինակը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է, իսկ «ԱրմենՏելի» ներկայացուցիչը արձանագրելով, որ այդ տեղեկությունները մեծ վնաս են պատճառում ընկերության գործարար համբավին, մեզ ուղղված նամակում առաջարկում է տվյալները ճշտել հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովից: Մենք, ինչպես ասվեց, հենվել ենք պետական մեկ այլ գերատեսչության՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տրամադրած տեղեկության վրա: Պետական կառույցների աշխատանքի համակարգումը մեր պարտականությունների մեջ չի մտնում: Ավելին, կարող էինք Անուշ Բեղլոյանի նամակը ուղարկել մեզ տեղեկություն տրամադրած կառույցին: Բայց «Առավոտը» կողմ է բազմակարծությանը: Ու Անուշ Բեղլոյանի տրամադրած տվյալները ներկայացնում ենք բացառապես այդ հարթությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել