Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾՈՒՂՈՒՄ՝ ՈՒՐԻՇԻ ԳՐՊԱՆԻ ՀԱՇՎԻՆ

Հուլիս 10,2009 00:00

\"\"

Նախարարությունները վարչապետի զգուշացումից հետո իրենց հաշվին առաջարկվող բոլոր գործուղումները «ցրում» են:

Երեք ամիս առաջ՝ մարտ ամսին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում խստորեն զգուշացրել էր բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարներին, որ, ելնելով տնտեսական ճգնաժամից, ՀՀ պետբյուջեից աջուձախ ծախսեր չկատարեն եւ միայն իրագործեն խիստ կարեւոր ծրագրերը:

Այս առնչությամբ մենք պետական գնումների գործակալությունից հետաքրքրվեցինք, թե մեր նախարարությունները վերջին երեք ամսում ի՞նչ ճոխություններ են իրենց թույլ տվել ու որքա՞ն գումարի գնումներ են կատարել: Պարզվեց՝ վարչապետի հորդորը ինչ-որ չափով տեղ է հասել. ոչ մի նախարարություն այս տարվա առաջին կիսամյակում որեւէ ավտոմեքենա չի գնել: Սա, կարելի է ասել, բացառիկ դեպք է, քանի որ նախորդ տարիներին այս ժամանակահատվածում արդեն նախարարությունները 1-2 մեքենա հասցրած էին լինում ձեռք բերել: Ինչ վերաբերում է գործուղումներին, որոնց համար նախկինում պետբյուջեից բավականին խոշոր գումարներ էին ծախսվում, հիմա, պարզվում է, բոլոր նախարարություններն իրենց աշխատակիցներին գործուղման ուղարկում են միայն պայմանով, որ ծախսերն իր վրա վերցնի կա՛մ մեկնողը, կա՛մ հրավիրող կողմը: Գյուղատնտեսության նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանն «Առավոտին» պարզաբանեց, որ իրենք այս տարեսկզբից ի վեր պետբյուջեի հաշվին որեւէ գործուղման չեն գնացել: Ըստ նրա, կարեւոր հրավերներ ունեցել են, բայց, երբ հասկացել են, որ իրենց հաշվին են գնալու, աշխատել են, այսպես ասած, «ցրել». «Հրավիրող կողմին ասում ենք՝ դուք փաթեթով բոլոր թղթերն ուղարկեք Հայաստան, մեր մասնագետները տեղում կուսումնասիրեն: Օրինակ, այդպես արեցինք ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստի դեպքում»: Պարոն Պետրոսյանի խոսքերով՝ ուրիշների հաշվին 15 գործուղումներ են ունեցել, որին մասնակցել է նախարարության 40-45 աշխատակից. «Մեր բախտը բերել է. որպես կանոն, այն կարեւորագույն միջոցառումները, օրինակ՝ թռչնագրիպ, խոզի գրիպ, որոնց մեր նախարարության աշխատակիցները պետք է անպայման ներկա լինեն, ինքնաթիռի տոմսերից սկսած՝ ամեն ինչ ֆինանսավորում են միջազգային կազմակերպությունները»: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից նույնպես հավաստիացրին, որ բյուջեի հաշվին գործուղում չեն ունեցել. «Որոշ աշխատակիցների գործուղել ենք Հայաստանի մարզեր, բայց դրանց վրա շատ գումար չենք ծախսել՝ հաշված կոպեկներ ենք տվել, կարելի է ասել՝ միայն օրապահիկ»:

Գնումների գործակալության՝ «Առավոտին» տրամադրած տեղեկատվության համաձայն, այս «ճգնաժամային» տարվա ընթացքում ամենաշատը ծախսել է քաղաքաշինության նախարարությունը՝ 30 մլրդ դրամ: Այդ գումարով հիմնականում շինարարություններ են կատարվել, մասնավորապես՝ վերանորոգվել են Մաստարայի, Դդմաշենի, Անգեղահովտի դպրոցները, Մեղրիի հիվանդանոցը: Բացի այդ, նախարարությունը գնել է բենզին, համակարգչային սարքավորումներ, օգտվել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ծառայությունից, ինտերնետից: Այս առնչությամբ նախարարության ֆինանսական վարչության պետ Վարդան Թորոսյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ընդհանուր առմամբ իրենք նախարարության կապիտալ ծախսերը 50%-ով կրճատել են: Բացի 30 մլրդ դրամից, նախարարությունը 1 մլն 400 հազար դրամ էլ ծախսել է ՀՀ տարբեր մարզեր կատարած գործուղումների վրա: Ըստ պարոն Թորոսյանի՝ «այդ ծախսը պարզապես աշխատանքային անհրաժեշտություն էր»:

Տրանսպորտի եւ կապի նախարարությունը նույնպես բավականին ծախսատար գնումներ է կատարել՝ 23,7 մլրդ դրամ: Այդ գումարով ավտոպահեստամասեր, անվադողեր, բենզին, համակարգչային սարքավորումներ եւ թուղթ գնելուց բացի, կատարվել են նաեւ ճանապարհաշինական ծախսատար աշխատանքներ, մասնավորապես՝ վերանորոգվել են Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս, Բերքանուշ-Դվին եւ այլ ճանապարհահատվածները: Չնայած այս ծախսերին, նախարարությունից տեղեկացրին, որ իրենք էլ բյուջեի հաշվին ընդհանրապես գործուղումներ չեն ունեցել. «Միայն մեկ անգամ հունիսի 15-16-ին մեր պատվիրակությունը գործուղվել է Ղրղըզստան՝ մասնակցելու «Տրասեկայի» նիստին, այն էլ՝ հրավիրող կողմի հաշվին»:

Առողջապահության նախարարությունը ծախսել է 948,3 մլն դրամ, որից միայն 882 մլն դրամը՝ դեղորայքի ձեռքբերման համար: Մնացած գումարով գնել են համակարգչային եւ պատճենահանման սարքավորումներ, բենզին, թուղթ, գրասենյակային նյութեր: Այս նախարարությունից նույնպես հավաստիացրին, որ իրենք էլ աշխատում են գործուղման մեկնել հրավիրողների միջոցներով. «Տարվա սկզբում մի քանի աշխատակից մեկնեց Ստամբուլ՝ Սեւծովյան համաժողովին մասնակցելու, հետո գործուղում եղավ Ժնեւ, Տուբերկուլյոզի ծրագրով մեկին ուղարկել ենք Չինաստան, մեկին՝ Վենետիկ, վերջերս էլ մի մեծ պատվիրակություն Նյու Յորք գնաց, բայց այդ գործուղումներից ոչ մեկը բյուջեի հաշվին չի եղել. ոմանք գնացին իրենց սեփական միջոցներով, ոմանք՝ միջազգային կազմակերպությունների հաշվին»:

Պետգնումների գործակալության տեղեկատվությամբ, մանր-մունր իրերի վրա բավականին մեծ գումար է ծախսել կրթության նախարարությունը. 454 մլն 700 հազար դրամով կատարվել է գրքույկների, գովասանագրերի եւ ձեւաթղթերի տպագրություն եւ գնվել բենզին: Գրեթե նույնքան գումար էլ ծախսել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Այդ գումարով ձեռք են բերել լսողական ապարատներ, հաշմանդամների սայլակներ, գրասենյակային նյութեր, ինչպես նաեւ կատարել են հաշմանդամների համար հատուկ տառատեսակներով տետրերի եւ գրքերի տպագրություն:

Կատարած ծախսերի առումով նախարարություններից ամենազուսպը, թերեւս, գտնվել է մշակույթի նախարարությունը. 5,5 մլն դրամով գնել են սանհիգիենիկ պարագաներ, բենզին ու գրասենյակային նյութեր:

Նախարարություններից արտոնյալի կարգավիճակում է միայն տարածքային կառավարման նախարարությունը, որը պետբյուջեի հաշվին գոնե 1 գործուղում է հաջողացրել իրականացնել: Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նախորդ 3 ամիսներին, ընդհանուր առմամբ, արտերկրի գործուղումները եղել են 14-ը, որից միայն 1-ն է եղել պետբյուջեի հաշվին, երբ նախարար Արմեն Գեւորգյանը, Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը եւ նախարարի խորհրդականը մեկնել են Պրահա: Այս գործուղումն արժեցել է 5 մլն 203 հազար դրամ: Բացի այդ, եղել է նաեւ 41 գործուղում՝ մարզեր, որոնց համար դարձյալ պետբյուջեից ծախսվել է մոտ 1 մլն 91 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել