Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳԱԶԱՅԻՆ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԵՐ

Հուլիս 10,2009 00:00

Կամ ի՞նչ կարող է անել Եվրամիությունը հարցը լուծելու համար

«Կարծում եմ, վերջապես պետք է վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը եւ սկսել բարեկամություն անել ռուսների հետ: Չնայած գազի հետ կապված խնդրով բոլորս ենք մտահոգված, չէ՞ որ առջեւում ձմեռ է»,- մեզ հետ զրույցում ասաց Կիեւի բնակիչ՝ 56-ամյա Մարինա Ալեքսանդրովնան: Ռուս-ուկրաինական գազային պատերազմից 6 ամիս անց դեռ ոչ մի փորձագետ կամ քաղաքական գործիչ չի կարողանում տալ հետեւյալ հարցի պատասխանը՝ ստեղծված իրավիճակի մեղավորը Ռուսաստա՞նն է, թե՞ Ուկրաինան:

Նույն փաստի վերաբերյալ մեկնաբանությունները տրամագծորեն տարբերվում են ռուսական եւ ուկրաինական ճամբարներում: Օրինակ՝ ուկրաինական «Նաֆտոգազը» հայտարարել էր, որ «Գազպրոմն» ամբողջությամբ դադարեցրել է տրանզիտ գազի մատակարարումն Ուկրաինային: Իսկ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ժամանակին հայտարարեց, որ Ուկրաինան գողանում է Եվրոպայի համար նախատեսված ռուսական գազի շուրջ 15%-ը: Նա հայտարարեց, որ եթե պետք է խոսել այս կամ այն երկրի մեղավորության մասին, ապա միանշանակ պետք է մեղադրել Ուկրաինայի կառավարությանը: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազային պատերազմը սկսվել է դեռ 2005-ի վերջին, երբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գազի սակագների շուրջ վեճ ծագեց: Որոշ փորձագետներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ծագած վեճը դուրս են համարում զուտ տնտեսական շրջանակներից, նրանց մեծամասնության կարծիքով՝ այն ունի նաեւ քաղաքական, ռազմավարական ենթատեքստ: Թերեւս սա պայմանավորված է այն հանգամանքով, որ գազի համաշխարհային պաշարների 33%-ը գտնվում է Ռուսաստանում:

Քանի որ ռուս-ուկրաինական գազային, այսպես կոչված, պատերազմի անմիջական տուժող են դառնում եվրոպական երկրները, ապա խնդրի լուծման առումով Եվրամիությունը ինչ-ինչ դերակատարություն պիտի որ ունենա: Այդպիսի քայլ կարելի է համարել, օրինակ՝ մարտի 23-ի բրյուսելյան համաձայնագիրը:

«ՆՕՄՕՍ» կենտրոնի ղեկավար Միխայլո Գոնչարը նկատեց. «Ռուսական գազի արտահանումը հինգ ամսում կրճատվել է 40%-ով, այն դեպքում, երբ Ալժիրից եւ Նորվեգիայից ներմուծման ծավալներն աճել են: Եթե այս միտումները պահպանվեն, ապա մյուս տարի «Գազպրոմին» կոլապս է սպասվում»:

«Առավոտը» զրուցեց նաեւ «ԻՆՈԳԵՅԹ» նախագծի ղեկավար Էմիլի Կուլուվարիսի հետ: Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կարող է Եվրամիությունը լուծել ռուս-ուկրաինական հակամարտությունը, հաշվի առնելով, որ Ռուսաստանը «ԻՆՈԳԵՅԹ» նախագծի անդամ չէ: Նա պատասխանեց. «Եվրամիությունը՝ «ԻՆՈԳԵՅԹԸ», ուկրաինա-ռուսական խնդիրը կարող է լուծել միայն տեխնիկական ցուցումների միջոցով, բայց որոշումներ կայացնողները այդ երկրներն են»: Իսկ Միջազգային էներգետիկ ակումբի անդամ Ալեքսանդր Տոդիյշչուկը նույն հարցի վերաբերյալ «Առավոտին» ասաց. «Ցավալի է, որ Ռուսաստանը «ԻՆՈԳԵՅԹԻ» անդամ չէ, քանի որ այն բավականին կառուցողական ծրագիր է եւ ուղղված է Եվրամիության եւ նախկին ԱՊՀ երկրների միջեւ հարաբերությունների հաստատմանը: Սակայն ռուսական կողմը երբեմն-երբեմն մասնակցում է քննարկումներին, բայց՝ պասիվ դիտորդի դերում: Չեմ կարծում, որ խնդիրը միայն ուկրաինական կողմի մեջ է: Այս ամենը կեղտոտ խաղ է»:

Հետաքրքրվեցինք՝ Եվրամիությունը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում կարգավորել այդ կեղտոտ խաղը: Զրուցակիցս պատասխանեց. «Եվրամիությունն ավելի շատ է ուզում կարգավորել հարցը, բայց դեռ չի կարող, չէ՞ որ Եվրոպան չի կարող խոսել մեկ լեզվով»:

Զրուցեցինք նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ՝ «APA» լրատվական գործակալության լրագրող Վիկտորյա Դեմետեւայի հետ: Նա նկատեց. «Խնդիրը չի կարող լուծվել առանց Եվրամիության դերակատարության: Իհարկե, Եվրամիությունը մասնակցություն ցուցաբերում է, բայց ռեալ քայլեր դեռ չեն նկատվում: Չնայած հարցն ունի նաեւ քաղաքական երանգավորում, բայց այստեղ կա նաեւ կոմերցիոն ուղղվածություն: Մասնավորապես «Գազպրոմն» ունի գումար, բայց չունի պարտականություններ: Ողջ պարտականությունն ընկած է «Նաֆտոգազի» վրա»:

Իսկ Վրաստանի ներկայացուցիչ՝ «24 ժամ» օրաթերթի լրագրող Լեվան Գիրշիաշվիլին նկատեց. «Այս պահին Վրաստանը ռուսական գազից անմիջական կախում չունի: Վրաստանը բոլոր գազային խնդիրներով կախված է Ադրբեջանից: Իսկ ձեր նշած հարցի լուծման համար պետք է մտածել ալտերնատիվ էներգետիկ փոխհամաձայնություն գտնելու մասին: Կարծում եմ, որ «Նաբուկո» նախագիծը հարմար տարբերակ է, որտեղ հնարավոր է ներգրավվի նաեւ ՀՀ-ն: Այն հատկապես օգտակար կլինի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առումով: Չեմ կարծում, որ այս խնդրում մեղավոր է ուկրաինական կողմը, ընդհակառակը, այստեղ Ռուսաստանի մեղքն ավելի մեծ է, նա էլ պիտի քայլեր անի այս խնդրի լուծման առումով: Օրինակ՝ այդ քայլերից մեկը կարող է լինել սակագների իջեցումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել