Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կեղծ ցուցակներով

Հուլիս 10,2009 00:00

Հայտնաբերվել են չարաշահման դեպքեր՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում:

Մասնավորապես ՄԱԿ-ի՝ «Գյուղատնտեսական ներդրանքի մատակարարումը բնակչությանը պարենի կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության սահմաններում» ծրագրի, Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի կարիքավոր 15 տնտեսությունների հատկացվել է 2250 կիլոգրամ աշնանացան ցորենի սերմացու: Տնտեսություններից յուրաքանչյուրը պետք է ստանար 150 կիլոգրամ ցորեն: Սակայն Մարմաշեն համայնքի ղեկավար Ա. Եղոյանը, անձնական այլ դրդումներից ելնելով, աշնանացան ցորենը բաշխելիս կատարել է պաշտոնեական կեղծիք. 2008 թ. սեպտեմբերի 3-ին իբրեւ թե կայացած համայնքի ավագանու նիստի վերաբերյալ կեղծ արձանագրություն է կազմել, որից հետո համայնքի 15 տնտեսություններից յուրաքանչյուրին հատկացված 150 կիլոգրամ ցորենի փոխարեն վերջիններիս տվել է 8-ական կիլոգրամ:

Կրկին կատարելով պաշտոնեական կեղծիք՝ ցորենի բաշխման վերաբերյալ կեղծ ցուցակ է կազմել՝ նշելով, որ յուրաքանչյուր տնտեսություն ստացել է 150 կգ ցորեն: Ցորենի մնացած քանակությունն Ա. Եղոյանը բաշխել է ՄԱԿ- ի՝ հիշյալ ծրագրում չընդգրկված՝ համայնքի մյուս տնտեսություններին: Ա. Եղոյանը վերը նշված կեղծ փաստաթղթերը 2008թ. սեպտեմբեր ամսին ներկայացրել է Շիրակի մարզպետարան: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի՝ Ախուրյան բաժանմունքում 2009թ. հունիս ամսին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքի կարիքավոր 20 տնտեսությունների հատկացվել է 3000 կիլոգրամ աշնանացան ցորենի սերմացու:

Ըստ ծրագրի՝ տնտեսություններից յուրաքանչյուրը պետք է ստանար 150 կիլոգրամ ցորեն: Սակայն Ղարիբջանյան համայնքի ղեկավար Մ. Պողոսյանը, անձնական այլ դրդումներից ելնելով, աշնանացան ցորենը բաշխելիս կատարել է պաշտոնեական կեղծիք. 2008թ. օգոստոսի 28-ին եւ 2008թ. սեպտեմբերի 25-ին իբրեւ թե կայացած համայնքի ավագանու նիստի վերաբերյալ կեղծ արձանագրություններ է կազմել, որից հետո Մ. Պողոսյանը համայնքի 20 տնտեսություններից յուրաքանչյուրին հատկացված 150 կիլոգրամ ցորենի փոխարեն վերջիններիս տվել է 100-ական կիլոգրամ: Մարմաշենի համեմատությամբ, Ղարիբջանյան համայնքի ղեկավարը գտնվել է ավելի բարեխիղճ: Կրկին կատարելով պաշտոնեական կեղծիք՝ ցորենի բաշխման վերաբերյալ կեղծ ցուցակ է կազմել՝ նշելով, որ յուրաքանչյուր տնտեսություն ստացել է 150 կիլոգրամ ցորեն: Ցորենի մնացած քանակությունը Մ. Պողոսյանը բաշխել է ՄԱԿ-ի՝ հիշյալ ծրագրում չընդգրկված համայնքի մյուս տնտեսություններին: 2008թ. սեպտեմբերին Մ. Պողոսյանը վերը նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել է Շիրակի մարզպետարան: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի՝ Ախուրյան բաժանմունքում 2009թ. հունիսին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել