Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղաքացիների ահազանգերը շատացել են

Հուլիս 10,2009 00:00

Մարզերում ապրող քաղաքացիները սկսել են ակտիվանալ եւ տեր կանգնել իրենց խախտված իրավունքներին, բողոքել կամայականությունների դեմ:

Այսպես՝ եթե 2008 թվականի առաջին եռամսյակում քաղաքացիներից ստացվել էր 99 դիմում՝ մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում՝ 290: Դատախազությունում այս աճը հակված են գնահատել որպես հանրության շրջանում վստահության տոկոսի աճ, գնահատական՝ կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացման եւ այդ երեւույթները հրապարակային քննարկման առարկա դարձնելու դատախազության նախաձեռնությանը:

Քաղաքացիների ակտիվությամբ պայմանավորված, ավելացել է հարուցված քրեական գործերի թիվը: Ճիշտ է, որոշակի աճի միտում սկսվեց նկատվել 2008 թվականի երկրորդ կիսամյակից հետո, սակայն այս տարվա տվյալներն ավելի խոսուն են: Այսպես՝ 2007 թվականին կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարուցվել էր ընդամենը 69 քրեական գործ, իսկ 2008-ին՝ 390: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները վկայում են, որ աճի տեմպերը կշարունակվեն այս տարի նույնպես. եթե 2008-ի առաջին եռամսյակում հարուցվել է ընդամենը 51, ապա՝ 2009թ. առաջին եռամսյակում՝ արդեն 276 քրեական գործ:

Կոռուպցիայի բացահայտումը առայժմ սահմանափակվում է միջին օղակում: Սակայն այն, որ արդեն իսկ սկսվել է բարձրաձայն խոսվել հենց դատաիրավական համակարգում գրանցվող կոռուպցիոն երեւույթների մասին՝ հույս է տալիս, որ հերթը կհասնի նաեւ առավել բարձրաստիճան պաշտոնյաներին: Օրինակ՝ նշենք, որ 2008 թվականին միայն ՀՔԾ վարույթում քննված քրեական գործերով դատի տրված 33 անձանցից 18-ը եղել են ոստիկանության, 10-ը՝ արդարադատության նախարարության, 2-ը՝ պաշտպանության նախարարության եւ 1-ական՝ ազգային անվտանգության ծառայության, մաքսային ծառայության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ:

Կոռուպցիոն հանցագործությունների, պաշտոնեական չարաշահումների վերաբերյալ ահազանգերին տրվող արձագանքը դրական է գնահատում նաեւ Վերահսկիչ պալատը: «Մեր ստուգումների ընթացքում ի հայտ եկած քրեական բնույթի կասկածների դեպքում՝ գործերն ուղարկում ենք գլխավոր դատախազություն: Կրկնում եմ՝ կասկածների դեպքում: Կասկածը դեռեււս չի ենթադրում, որ մարդը հանցագործ է եւ չի էլ ենթադրում, որ հանցագործ չէ: Այս առումով մենք նախորդ տարվա ընթացքում 9 գործ ուղարկել ենք դատախազություն, 6 դեպքի համար հարուցվել է քրեական գործ, 2 դեպքում մեզ պատասխանել են, որ դրանք քաղաքացիաիրավական բնույթի են եւ ընդամենը 1 քրեական գործ է եղել, որով կայացվել է կարճման որոշում՝ կապված անկախության 15-ամյակի առիթով հայտարարված համաներման հետ: Ինչպես գիտենք, օրենսգիրքը թույլ չի տալիս նույն գործի հետ կապված 2 անգամ քրեական գործ հարուցվի: Հիմա իմ այս բերած թվերի առումով համագործակցության արդյունավետության գնահատականը թողնում եմ ձեզ եւ թողնում եմ բոլոր նրանց, ովքեր ընդհանրապես փորձում են գլխավոր դատախազության եւ ՎՊ-ի հարաբերություններում կամ ընդհանրապես այս խնդիրներում որեւէ չգիտեմ ինչ փնտրել կամ գտնել: Ես կարծում եմ, որ այս կառույցները չափազանց շահագրգռված են բացասական, նեգատիվ երեւույթները դուրս հանել եւ այդ առումով վստահ եմ եւ գտնում եմ, որ համագործակցությունը ունենալու է դեռեւս փայլուն ընթացք եւ շատ խնդիրներ մենք համատեղ փորձելու ենք վեր հանել եւ ի ցույց դնել բոլորին եւ ասել, որ գիտեք՝ վիճակը սա է»,- Իջեւանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:

Իսկ թե որքանով դատախազությունն ու մյուս իրավապահները կարդարացնեն ժողովրդի ակնկալիքները, ձեւավորվող վստահությունը եւ հուսախաբ չեն անի՝ կդատենք, թերեւս, տարեվերջին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել