Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀ Է ՆԱԵՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 10,2009 00:00

Օպերատիվ մարմինների անարդյունավետ գործունեության պատճառով

\"\"Հատուկ քննչական ծառայությունը շարունակում է մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որը դեռեւս չի կարողացել իրական արդյունքներ արձանագրել, մասնավորապես՝ 10 մահվան դեպքերի բացահայտման գործում: Օպերատիվ մարմիններն ի զորու չեն եղել առ այսօր նախաքննական մարմնին ներկայացնել գեթ մեկ տվյալ, ինչը կարող էր օգնել գոնե մեկ սպանվածի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար: Նախաքննական մարմինն առ այսօր ճշտել է միայն 10-ից յուրաքանչյուրի՝ մահացու մարմնական վնասվածք ստանալու տեղն ու ժամը, ու թվում էր՝ օպերատիվ-հետախուզական մարմինների համար առանձնապես դժվարություն չպետք է լիներ պարզել, թե ուրիշ ովքեր են այդ ժամին գտնվել այդ վայրում, այսինքն՝ գտնել վկաների, սակայն սա անգամ, պարզվում է, շատ բարդ խնդիր է, որը լուծել դեռեւս չի հաջողվել:

Օպերատիվ-հետախուզական մարմինների անարդյունավետ գործունեությունը խիստ անհարմար դրության մեջ է դրել նախաքննական մարմնին եւ քննության օրինականության վրա հսկողություն իրականացնող դատախազությանը, ովքեր չցանկանալով բարձրաձայն խոսել ոստիկանության եւ ազգային անվտանգության օպերատիվ աշխատանքի, ըստ էության, բացակայության մասին, փաստորեն՝ դարձել են այդ ամենի պատասխանատուն: Մինչդեռ, ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ էլ առավել եւս դատախազությունը օպերատիվ գործունեությամբ չեն զբաղվում:

Աբսուրդն այն է, որ դեռեւս չեն պարզվել անգամ լուսանկարներում, տարբեր տեսանյութերում պատկերված անձանց ինքնությունը ու հայտնաբերել նրանց՝ չնայած ցուցումներին: Դրանցից հերթականը գլխավոր դատախազությունը ոստիկանություն ու ԱԱԾ է ուղարկել վերջերս՝ խնդիր դնելով օպերատիվ մարմինների առաջ՝ առավել ակտիվացնել օպերատիվ-որոնողական աշխատանքները 10 անձանց մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մանրամասն շարադրելով նախաքննական տվյալները, թե նրանցից յուրաքանչյուրը ինչ տեսակի մարմնական վնասվածք է ստացել եւ որտեղ՝ դատախազությունը հանձնարարել է հայտնաբերել ականատես վկաների, որոնց առկայությունը, թերեւս, որեւէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս: Ի վերջո, գաղտնիք չէ, որ բացի մահացած անձանցից՝ միայն դեպքի վայրում եղել են մի քանի տասնյակ, եթե չասենք՝ հարյուրավոր այլ մարդիկ: Դժգոհության տեղիք է տվել նաեւ հրազենների բացակայությունը. ակնհայտ է, որ հրազեն այդ օրն օգտագործվել է, քանի որ դրանից արձակված կրակոցներից կան մահվան դեպքեր՝ ինչպես ոստիկանների, այնպես էլ քաղաքացիական անձանց շրջանում, իսկ մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ: Սակայն հանցագործության գործիք հանդիսացած հրազենները նույնպես չեն հայտնաբերվել: Ինչ վերաբերում է ոստիկանության զենքերին, ապա, պաշտոնական աղբյուրների համաձայն, դրանք առգրավվել են եւ համընկնումներ փորձագետները չեն հայտնաբերել:

Գլխավոր դատախազի ցուցումից ենթադրվում է, որ նախաքննական մարմինն ունի որոշ տվյալներ մահացածներից ոմանց բժշկական հաստատություններ տեղափոխող անձանց վերաբերյալ եւ հույս ունեն, որ այդ անձանց հայտնաբերելու դեպքում կկարողանան մի շարք հարցերում հստակություն մտցնել, պարզել գոնե այն անձի մոտավոր նկարագիրը, ում օգտագործած հրազենը կամ հատուկ միջոցը դարձել է մահվան պատճառ, եւ հանձնարարել է գտնել նրանց: Թե որքանո՞վ այս հերթական ցուցումը կկատարվի եւ արդյոք ոստիկանությանն ու ԱԱԾ-ին կհաջողվի՞ հայտնաբերել հանցագործություն կատարած անձանց եւ հրազենները՝ դժվար է ասել, եթե չասենք, որ դա քիչ հավանական է: Այդուամենայնիվ, հատուկ քննչական ծառայությունն այդ դրվագը կարճելու մտադրություն չունի: Համենայնդեպս՝ այդ մասին հրապարակավ «Ա1+»-ին տված հարցազրույցում հավաստիացրել է քննչական խմբի ղեկավարը՝ նշելով, թե նախաքննությունը շարունակվելու է մինչեւ բացահայտումը: Ինչը մեծապես պայմանավորված է օպերատիվ-որոնողական մարմինների աշխատանքից, որով կամ կփոխեն հասարակության վերաբերմունքն իրենց նկատմամբ, կամ էլ հակառակը կապացուցեն, որ օպերատիվ-որոնողական մարմինների աշխատանքը լուրջ վերանայման կարիք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել