Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կառավարությունը կարող է եւս մի քանի տարով արգելել մրցույթները

Հուլիս 10,2009 00:00

Այս հեռանկարը չի բացառում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Չնայած ԵԽԽՎ 1677 բանաձեւում 5 կետ կա հեռուստաոլորտի վերաբերյալ եւ արձանագրված են հստակ պահանջներ, այնուամենայնիվ՝ առնվազն առաջիկա տարիներին դրանք կատարելու կապակցությամբ թերեւս հնարավոր չէ անել ոչինչ: Մասնավորապես՝ «Ա1+»-ի խնդրի լուծման կապակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը մեր զրույցի ընթացքում ասաց. «2008 թվականի սեպտեմբերի 10-ին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում ԱԺ ընդունած փոփոխությամբ այնպիսի՜ խառնաշփոթ է ստեղծել, որ հիմա եթե անգամ այդ փոփոխությունը չեղյալ հայտարարվի՝ հնարավոր չի լինի դուրս գալ այդ խառնաշփոթի տակից:

Բացատրեմ. ըստ այդ փոփոխության՝ մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ը չեն հայտարարվում արտոնագրման մրցույթներ, ու նաեւ նշված է, թե այն հեռուստառադիոընկերությունները, որոնց արտոնագրի գործողության ժամկետը լրանում է մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը՝ կարող են արտոնագրի գործողության ժամկետի երկարաձգման հայտ ներկայացնել ՀՌԱՀ: Այս տարվա ապրիլին ու մայիսին լրացել են մի շարք հեռուստաընկերությունների արտոնագրերի ժամկետներ: Ենթադրում եմ՝ նրանք օրենքը հավանաբար կատարած կլինեն՝ դիմել են ու արտոնագրի ժամկետը երկարացրել մինչեւ 2011 թվականի հունվարի 21-ը: Այսինքն, եթե նույնիսկ հիմա այս փոփոխությունը չեղյալ համարեն՝ այդ կապուղիների համար չեն կարող մրցույթ հայտարարել, քանի որ մարդիկ օրենքով սահմանված կարգով երկարացրել են գործողության ժամկետը: Ուրեմն պիտի գա 2010 թվականի հուլիսի 20-ը, երբ արդեն կարող են մրցույթ հայտարարել՝ արտոնագրի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ: Եթե իհարկե՝ մինչ այդ կառավարությունը՝ հասկանալով, որ մեկ է՝ թվայնացման համար պայմաններ չի կարող նախապատրաստել 2 տարում, նորից օրենքի նախագիծ չներկայացնի ու եւս 2, 4 կամ 8 տարով արգելի մրցույթները: Ստեղծվել է մի այսպիսի՜ վակուում, որը չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է հաղթահարել: Հավանական ելքը կարող է լինել հետեւյալը՝ չեղյալ հայտարարել օրենքում 2008-ի սեպտեմբերի 10-ին արված փոփոխությունները, թող շարունակեն աշխատանքը նրանք, ում արտոնագրի ժամկետն արդեն երկարացվել է, եւ եթե կան ազատ կապուղիներ՝ դրանց համար թող հայտարարվի մրցույթ: Իսկ կան, թե չկան ազատ կապուղիներ՝ գիտի միայն կապի նախարարությունը, որն ըստ օրենքի՝ պարտավոր է տարին մեկ անգամ ազատ հաճախականությունների մասին տվյալները տրամադրել Ազգային հանձնաժողովին: Իսկ թե վերջինս կարո՞ղ է մրցույթ անցկացնել կամ ոչ՝ չգիտեմ, քանի որ ՀՌԱՀ-ն այս պահին բաղկացած է 4 հոգուց»:

Մեր հարցին ի պատասխան, թե կարելի՞ է եզրակացնել, որ ԵԽԽՎ բանաձեւի այս կետերի վերաբերյալ օրենսդիր մարմինն անելիք չունի՝ Մեսրոպ Հարությունյանը պնդեց. «Օրենսդիր մարմինն ունի՛ անելիք, քանի որ 2009-ի ապրիլի 28-ին ընդունվել ու մայիսի 20-ին արդեն ստորագրվել է ԱԺ կանոնակարգի փոփոխությունը, եւ ենթադրում եմ՝ հունիսի 1-ից արդեն գործողության մեջ է մտել: Այս ընթացքում ԱԺ-ն արդեն պիտի մտածած լիներ, մրցութային հանձնաժողովներ ձեւավորած լիներ ու մրցույթներ հայտարարեր գոնե Ազգային հանձնաժողովի այն թափուր տեղերի համար, որտեղ նշանակումներ անելն իր բաժինն է: Լա՛վ, եթե ԱԺ-ն չէր անում՝ գոնե նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունն իր պարտականությունը կատարեր, եւ այն 2 տեղերի համար, որոնք իրենն են՝ մրցույթ հայտարարեր ու նշանակեր: Բայց դե՝ հասկանում եմ, ամառ է, մարդիկ արձակուրդ են գնում, շատ են հոգնել ու պիտի հանգստանան: Եվ Ազգային հանձնաժողովի ձեւավորումը դարձյալ ձգձգվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել