Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ի ՀԱՐՑՈՎ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ

Հուլիս 10,2009 00:00

\"\"Այս եզրակացությանը հանգեցինք ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի հետ զրույցից:

– ԵԽԽՎ 1677 բանաձեւի մի շարք պահանջներ վերաբերում են հեռուստաոլորտին: Ասենք, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների առնչությամբ Վեհաժողովը նկատում է, որ հեռուստաոլորտը կարգավորող մարմիններում ՀՀ նախագահի կողմից նշանակվող անդամների նշանակման ընթացակարգը չի կարգավորվում օրենքով. «Այդ մարմինները չեն կարող լիովին անկախ լինել, քանի դեռ դրանց անդամները չեն նշանակվում քաղաքականապես չեզոք ընթացակարգով»: Արդյոք մտադի՞ր եք անդրադառնալ օրենքի այս բացին:

– Նախ հստակեցնենք. ԵԽԽՎ այս բանաձեւի 11.1 կետում իրոք արձանագրված է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի խորհրդի անդամների նշանակման ընթացակարգը չի կարգավորվում օրենքով: Բայց դա նշելուց հետո առաջարկ չկա, որ օրենքով կարգավորվի այդ հարցը, այլ խորհուրդ է տրված, որ ՀՀ նախագահն ընդունի հրամանագիր, որով կսահմանի նշանակման այնպիսի ընթացակարգ, որը նույնական կլինի ԱԺ կողմից այդ մարմինների կազմում անդամների նշանակման ընթացակարգին: Վերջինս ընդունվեց ապրիլի 28-ին՝ ԱԺ կանոնակարգի 97 հոդվածի փոփոխությամբ: Եվ առաջիկայում ԱԺ-ն պիտի ՀՌԱՀ կազմում 8-ից 4 թափուր տեղերի համար ընտրություն կատարի՝ սահմանված նոր ընթացակարգով: Այսօր ԱԺ աշխատակազմը պատրաստում է գործունեության կարգ, որով պիտի առաջնորդվի մրցութային հանձնաժողովը՝ ինքնառաջադրվող թեկնածուների ընտրության հարցում: Դրանից հետո ՀՌԱՀ հերթական թափուր տեղերը կլինեն միայն 2011 եւ 2013 թվականներին: Կարծում եմ՝ բավական ժամանակ կա, որ իրականության մեջ փորձարկվի ԱԺ կողմից նշանակման նման ընթացակարգը: Միգուցե լինեն որոշ թերություններ, որոնք հաշվի առնելով էլ՝ ՀՀ նախագահի կողմից կսահմանվեն իր ընթացակարգերը:

– ԵԽԽՎ-ն նաեւ խորհուրդ է տվել արգելել այդ մարմինների կազմում քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակումը:

– Օրենքում կատարված փոփոխություններով արդեն իսկ արգելված է. հստակ նշված է, որ կուսակցությունների ղեկավար կազմը, կառավարության եւ նախագահի աշխատակազմի անդամները, պատգամավորներն ու պետական ծառայողները չեն կարող լինել մրցութային հանձնաժողովի անդամ:

– Անդրադառնանք 1677 բանաձեւի 12-րդ կետին, որով առաջարկվում է չհետաձգել «Ա1+»-ին հեռարձակման արտոնագիր չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ի կատար ածումը: Հիշեցնեմ, որ արդեն երկրորդ անգամ է ԵԽԽՎ Հայաստանին վերաբերող բանաձեւերում տեղ գտնում «Ա1+»-ի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռը կատարելու, ըստ այդմ՝ մրցույթ հայտարարելու պահանջը:

– Որպես կանոն՝ այդ հարցադրումն անելիս շատերը կարծում են, թե Եվրոպական դատարանը որոշել է, որ «Ա1+»-ին պիտի տրամադրվի հեռարձակման արտոնագիր: Իրականում վճիռը ենթադրում է, որ ուղղակի պիտի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթ հայտարարվի, որի արդյունքները կասկածելի չպիտի լինեն: Եվ այդ մրցույթին իրավունք կունենա մասնակցել «Ա1+»-ը: Օրենքում կատարված փոփոխությամբ՝ ՀՌԱՀ-ը չի կարող որոշում կայացնել՝ առանց պատճառաբանելու, թե ինչու է մերժվում այս կամ այն հայտը: Եվ ՀՌԱՀ այն անդամները, որոնք կընտրվեն ԱԺ կողմից՝ մեծ անելիքներ ունեն այս կապակցությամբ, քանի որ պիտի ընդունեն մրցույթի անցկացման համապատասխան կարգը:

– Դուք շրջանցում եք, որ ԱԺ 2008-ի սեպտեմբերին ընդունած օրենքով մրցույթ չի կարող անցկացվել եւս մի տարի: Այս արգելքը չպիտի՞ վերացվի:

– Բանաձեւի տվյալ կետը չի ենթադրում, թե մենք պետք է չեղյալ համարենք այդ օրենքը:

– Մեջբերեմ՝ «Վեհաժողովը վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ Հայաստանում թվային հեռարձակման ներդրման հետ կապված տեխնիկական գործոնները չպետք է օգտագործվեն նման մրցույթի անցկացումն անհարկիորեն ձգձգելու համար»: Սա արդյոք չի՞ նշանակում, որ մրցույթ պե՛տք է հայտարարվի առանց հետագա ձգձգման:

– Բայց ե՞րբ: Այստեղ ժամկետներ նշված չեն: Եվ որպեսզի մրցույթ հայտարարվի՝ պիտի՞ լինի հեռարձակման ազատ կապուղի:

– Ըստ էության՝ դրանք կարող էին լինել, քանի որ ավարտվել էր մի շարք հեռուստաընկերությունների տրված արտոնագրի ժամկետը: Բայց ԱԺ-ն ընդունած օրենքով ՀՌԱՀ-ին հնարավորություն տվեց երկարացնել այդ ժամկետները եւ կապուղիները պահել զբաղեցված վիճակում:

– Նախ այս ամբողջը՝ մրցույթներ չանցկացնելը, հեռուստաընկերությունների արտոնագրերի լրացված ժամկետները երկարացնելը, վերաբերում է մինչեւ 2010 թվականի հուլիսի 20-ին. օրենքում այդ ձեւակերպումն է տրված: Եվ մի պահ պատկերացնենք. ՀՌԱՀ-ին՝ իր համալրված նոր անդամներով, անհրաժե՞շտ է ժամանակ, որ մրցութային կարգերը սահմանեն եւ դրանից հետո անցկացնեն մրցույթ: Դա անելուց հետո գրեթե կգա այն ժամկետը, որը մենք սահմանել ենք օրենքով: Ընդունենք, թե սեպտեմբերին ենք ընտրելու ՀՌԱՀ այդ 4 անդամներին, մրցույթը հայտարարվում է արտոնագրի ժամկետը սպառվելուց 6 ամիս առաջ, արդյունքները պարզ կլինեն 2010 թվականի մարտ-ապրիլին: Այսինքն՝ եթե նույնիսկ հիմա որոշենք, որ մինչեւ 2010-ի հուլիսի 20-ը մրցույթները հետաձգելու արգելքը վերացնում ենք, ապա առկա ընթացակարգերով, միեւնույն է, էլի հասնելու ենք այդ ժամկետին: Այս պարագայում օրենքում փոփոխություններ անելը, կարծում եմ, որեւէ էական տեղաշարժի չի հանգեցնի այս հարցի լուծման կամ ազատ մրցույթ անցկացնելու առումով:

– Արձանագրենք՝ մի տարի է մնացել, որ լրանա այն ժամկետը, որն ԱԺ-ն սահմանել է թվային հեռարձակման համակարգի ներդրումը սկսելու համար ու մինչ այժմ ոչ մի քայլ չի կատարվել: 2008-ի սեպտեմբերից հետո անգամ թվային հեռարձակման անցնելու ծրագիրը չի ներկայացվել, ինչն անընդհատ խոստանում է նախարար Ներսես Երիցյանը: Արդյոք այդ ծրագիրը կներկայացվի՞ եւ ճգնաժամի ներկա պայմաններում կգտնվե՞ն միջոցներ՝ թվային հեռարձակման համակարգը մնացած 12 ամսում ներդնելու համար:

– Ճիշտ եք նկատում՝ այդ քայլերը պիտի տեսանելի լինեին: Այս հարցում մենք խնդիր ունենք: Եվ Ներսես Երիցյանի գլխավորությամբ գործող աշխատանքային խումբը, որը նախապատրաստում է այդ ծրագիրը եւ թվայնացմանը վերաբերող բոլոր աշխատանքները՝ պիտի արագացնի այդ գործընթացը, որ ԱԺ-ին եւ ընդհանրապես՝ հանրությանը պարզ լինի, թե ինչ ժամկետների մասին է խոսքը, տեխնիկական ինչ խնդիրներ կան, որոնք պիտի լուծվեն այդ ընթացքում: Ես դժվարանում եմ նշել՝ արդյոք 1 տարին բավարա՞ր ժամանակահատված կլինի, որ կատարվեն այդ աշխատանքները, թե՞ անհրաժեշտ կլինի էլի ձգել այդ ժամկետը: Շատ ավելի մեծ ժամանակ է պետք, որպեսզի ամբողջովին անցնենք թվային հեռարձակման: Այն, որ տեխնիկական առումով սա լուրջ բեկում կլինի մեր եթերում՝ բոլորն են միանշանակ ընդունում: Բայց թե որոշակի ի՞նչ կներկայացվի՝ 1 տարվա՞, թե՞ 2-3 տարվա ծրագիր՝ պարզ կդառնա հետո:

Մի առիթով ԵԽԽՎ համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի հետ հանդիպման ժամանակ ասել եմ եւ էլի կասեմ՝ ինքս բարձր եմ գնահատում «Ա1+»-ի պրոֆեսիոնալիզմը: Եվ միանշանակ կարծում եմ, թե պետք է անցկացվի մրցույթ, եւ այն պետք է լինի այնպիսին, որ որեւէ մեկի համար կասկածելի չլինի դրա անկողմնակալությունը եւ վերջնական արդյունքը: Բայց թե նման մրցույթ անցկացնելուց հետո կհաղթի՞ «Ա1+»-ը, թե՞ չի հաղթի՝ ուրիշ խնդիր է: Սակայն իշխանությունն ունի բավականաչափ կամք ու տրամադրվածություն, որ հավուր պատշաճի կատարվեն այն պահանջները, որոնք այս կապակցությամբ նշված են 1677 բանաձեւում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել