Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԱՌՈՒՅՑԸ ԿԿԱՅԱՆԱ»

Հուլիս 10,2009 00:00

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ եւ, ըստ նախագահի մամուլի ծառայության, իր բացման խոսքում, մասնավորապես, ասել. «Ես չէի ցանկանա, որ Հանրային խորհուրդը դառնար փակ ակումբի նման մի կառույց, այլ ընդհակառակը՝ լիներ կարծիքներ լսելու, գաղափարներ ընկալելու, որոշումներ կայացնելու մի մեծ խողովակ: Ես այսպես եմ տեսնում Հանրային խորհրդի գործունեությունը եւ մեկ անգամ եւս կրկնում եմ, որ այն անհրաժեշտ կառույց է, եւ ես որեւէ այլ նպատակ չեմ հետապնդել:

Ցանկանում եմ, որ ձեր դերակատարությունը կայացվող որոշումների մեջ էական լինի: Նախագահի, պետության շահն այստեղ այն է, որ դուք մասնակցելով կարեւոր որոշումների կայացմանը՝ արդեն ինքներդ պետք է լինեք դրանք իրականացնողներն ու, առաջին հերթին, տարածողները: Եթե մենք պետական կառույցներում հնարավորություն ունենք ծառայողներին պարտադրել հրամանագրերով, օրենքներով, կառավարության որոշումներով, ապա այստեղ կամավորության հիմքի վրա կառույց եկած եւ որոշումներ կայացնող մարդկանց դերակատարությունն, անշուշտ, պետք է տարբերվի: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս կառույցը կկայանա:

Գիտեք, որ գաղափարը հնչեցնելու առաջին իսկ օրվանից եղան մարդիկ, ովքեր սկսեցին պիտակավորել կառույցը՝ նույնիսկ չիմանալով, թե ինչպիսի կանոնադրությամբ այն պետք է աշխատի: Վստահ եմ՝ ե՛ւ դուք, ե՛ւ մեր հասարակության հասուն մասը շատ լավ հասկանում են, թե ինչու վարկաբեկման այս գործընթացը սկսվեց: Եթե մենք այս պարզ բանը հասկանում ենք, նշանակում է մեր գործունեության մեջ այն անպայման պետք է հաշվի առնենք եւ իրականացնենք գաղափարները՝ ոչ թե ինչ-որ մեկին համոզելու, թե իրենք իրենց մոտեցումներում ճիշտ չէին, այլ՝ կարողանանք կառուցել ավելի լավ երկիր, որ մեր հասարակությունը դառնա ավելի լավը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել