Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հայ-թուրքական հարաբերություններն զրո են

Հուլիս 10,2009 00:00

Այդ կարծիքի է նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը

Երեկ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը ազատ արձակվելուց հետո առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ ու անդրադարձել տարաբնույթ հարցերի, այդ թվում՝ համաներմանը, «Մարտի 1»-ին, նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին: Նախկին նախարարը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումների շուրջ: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նա ասել է, թե տպավորություն ունի, որ ոչ միայն Ղարաբաղը, այլեւ Հայաստանը դադարել է բանակցային կողմ լինելուց. «Եռանախագահները կամ այլ ատյանները որոշում են, թե ինչ լուծում պետք է լինի, Ադրբեջանը հնչեցնում է այդ լուծումները, իսկ մենք սուսուփուս սպասում ենք, թե միջազգային հանրությունը կգա՞ կոնսենսուսի, որ մեզ պարտադրի, թե՞ չի գա կոնսենսուսի, եւ Ադրբեջանը զենքով կփորձի պարտադրել… Սա է վտանգը»:

Նա մտահոգիչ է համարել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ «վատ եղանակի» հիմնավորմամբ ԼՂ չայցելելը՝ արձանագրելով, որ խմբի գոյության ընթացքում միայն վերջին ամիսներին է, որ համանախագահները վատ եղանակի պատճառով Ղարաբաղ չեն գնում:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարա բերություններին, ապա Ալ. Արզումանյանը այդ հարաբերություններում որեւէ փոփոխություն չի արձանագրել, իսկ «ճանապարհային քարտեզի» մասին տեղեկատվությունն էլ որակել է որպես «մեծ բլեֆ»: «Հիմա, երբ էլի խոսվում է առանց նախապայմանների սահմաններ բացվելու, հարցեր լուծվելու մասին, եւ դրանից հետո գաղտնազերծվում է, որ կան մի շարք նախապայմաններ՝ հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողովի ստեղծում եւ այլն, գալիս են ընդամենը ապացուցելու, որ հայ-թուրքական հարաբերությունները օգտագործվել են Թուրքիայի կողմից ընդամենը իր առջեւ դրված կոնկրետ ինչ-որ մի խնդիր լուծելու: Այսօր հայ-թուրքական հարաբերությունները զրո են»:

«Ա1+»-ի մատուցմամբ, նախկին քաղկալանավորը խոսել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր եւ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանի վերադարձի հնարավորության մասին. «Խ. Սուքիասյանը այս երկրի ամենաարժանավոր քաղաքացիներից է, որը պետք է ազատ ապրի իր երկրում, ազատ աջակցի ցանկացած քաղաքական ուժի եւ դրա համար հետապնդման չենթարկվի: Ես պաշտպանելու եմ նրա ցանկացած որոշումը»:

Իսկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աղմկահարույց նախաձեռնության վերաբերյալ նախկին նախարարն ասել է, թե պատգամավորի արածի մեջ որեւէ դավաճանական քայլ չի տեսնում. «Ես հպարտ եմ, որ ՀՀ-ում մենք Զ. Փոստանջյանի նման քաղաքացի ունենք, որն իր ամբողջ հասուն կյանքը նվիրել է, որ օր առաջ ՀՀ-ում մենք քաղբանտարկյալ չունենանք: Հայրենասիրությունը որպես մահակ օգտագործող քաղաքական գործիչը նախ պետք է իր կյանքով, կենսագրությամբ ապացուցի իր հայրենասիրությունը: Նույն տրամաբանությամբ այս իշխանությունները չպետք է ընդունեն ԵԽ Մարդու իրավունքների կոնվենցիան, քանի որ դրա տակ ստորագրել են Ադրբեջանն ու Թուրքիան: Սա հիվանդ հոգեբանության արդյունք է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել