Ըստ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Աթանեսյանի՝ որովհետեւ այն ամենը, ինչի մասին իրենք այսօր խոսում են իբրեւ բանակցությունների նյութ, ԼՂՀ հասարակությանը եւ քաղաքական շրջանակներին չի հետաքրքրում:
– Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ համանախագահներն արդեն երրորդ անգամ այցելելով տարածաշրջան՝ չեն այցելում ԼՂՀ՝ պատճառ բերելով եղանակային անբարենպաստ պայմանները:
– Իհարկե, մտահոգում է:
– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է համանախագահների՝ ԼՂՀ չայցելելու իրական պատճառը:
– Այս պահին չեմ ցանկանում հեռուն գնացող ենթադրություններ անել, որովհետեւ տեղեկացված չեմ, թե խնդիրն ինչումն է: Ամեն դեպքում, երրորդ անգամ Ստեփանակերտ չայցելելը պատճառաբանել անբարենպաստ եղանակային պայմաններով, կարծում եմ, այնքան էլ չպիտի համապատասխանի իրականությանը: Իմ կարծիքով՝ երբ վերջին անգամ համանախագահները Ստեփանակերտում էին եւ մի շարք հանդիպումներ ունեցան քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, իրենց համար պարզ դարձավ, որ ԼՂՀ կարգավորման ներկայիս քննարկվող տարբերակը՝ մադրիդյան սկզբունքները եւ այն ամենը, ինչի մասին իրենք այսօր խոսում են իբրեւ բանակցությունների նյութ, ԼՂՀ հասարակությանը եւ քաղաքական շրջանակներին չի հետաքրքրում: Իմ տպավորությամբ, հենց այդ պատճառով էլ համանախագահները ձեռնպահ են մնում Ստեփանակերտ այցելելուց: Ինչու չէ, նաեւ որոշ հայտարարություններ՝ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության, հանրապետության նախագահի մակարդակով, կարծես թե, խոչընդոտում են, որպեսզի համանախագահները Ստեփանակերտում քննարկումներ անցկացնեն: Համանախագահների տված մամուլի ասուլիսի տոնայնությունից կարելի է ենթադրել, որ նրանք ընդունում են, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության եւ առանց ԼՂՀ իշխանությունների եւ, որ ավելի կարեւոր է՝ ժողովրդի մասնակցության՝ անհնար է հասնել համապարփակ կարգավորման:
– ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչը երեկ հայտարարել է, որ «Մեծ ութնյակի» գագաթաժողովում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ ղեկավարները հնարավոր է՝ ընդունեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն։
– Եթե համանախագահողները որեւէ հայտարարություն անեն, ապա դա վերաբերվելու է ոչ միայն հայկական կողմին, այլեւ հակամարտության բոլոր կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ ԼՂՀ-ին: Խնդիրը ներկայացնել այնպես, որ եռյակը կարող է ճնշում գործադրել բացառապես հայկական կողմի վրա, ճիշտ չի լինի: Որքանով ես եմ տեղյակ տեղեկատվական հոսքերից, որեւէ պարտադրող փաստաթուղթ չի նախապատրաստվում: Չեմ կարծում, թե ՌԴ նախագահի օգնականի մատնանշած համատեղ հայտարարության բովանդակությունն էապես տարբերվելու է այն փաստաթղթից, որն այսօր համանախագահները քննարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Չեմ կարծում, թե երեք երկրների առաջնորդների հայտարարության մեջ լուրջ շեշտադրումներ մտցվեն: Ամեն դեպքում, ժամանակից առաջ չընկնենք: Սակայն, ըստ իս, պարտադրված լուծումներ չեն կարող լինել. կարող են հնչել հորդորներ՝ շարունակել ձեռք բերվածը, բանակցությունների տեմպը պահպանել, ինչպես ընդունված է դիվանագիտության մեջ, հասնել առաջընթացի եւ այլն: Ես այդ հայտարարությունից այսպիսի ընդհանուր բնույթի սպասելիքներ ունեմ: Կտրուկ միջամտություն՝ բանակցային գործընթացն արագացնելու առումով, չեմ կարծում, թե կլինի, որովհետեւ նման դեպքերում որեւէ արդյունավետ լուծում չի կարող ծնվել:
– Պատահականությո՞ւն է գերտերությունների ղեկավարների հանդիպումների ու բանակցությունների օրերին, որտեղ նաեւ ղարաբաղյան հարցի վերաբերյալ պայմանավորվածություններ են սպասվում, ՀՅԴ-ի կազմակերպած քննարկումները ԼՂՀ հարցի կարգավորման մասին, եւ հենց ԼՂՀ-ում ու ԼՂՀ նախագահի հովանավորությամբ:
– Չեմ կարծում, թե այդքան խորքային զուգահեռների կարիքը կա: Որքան տեղյակ եմ, այդ համաժողովն անցկացնելու մասին Դաշնակցությունը բավականին երկար ժամանակ է, ինչ խոսում է: Սպասենք համաժողովի տրամադրվածությանը եւ ընդունվելիք փաստաթղթի շեշտադրումներին՝ հետո գնահատականներ տանք: