Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆԳ «ԲՈՄԺՈՎ» ՊԱԿԱՍ

Հուլիս 09,2009 00:00

Արագածոտնի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մի բնակչուհուց ստացած ահազանգի հետքերով պարզել է, որ քաղաքի Արցախի փողոցի գետնափոր մի տարածքում բնակվում են երեք չափահաս քաղաքացի եւ երկու անչափահաս երեխաներ: Չափահասներից Հակոբ Հարությունյանը ասել է, որ խոնավության եւ մթի արդյունքում իրենց փաստաթղթերը վնասվել եւ անհետացել են՝ իրենք չեն կարող ընտանեկան նպաստի կամ պետական այլ աջակցության հույս ունենալ: Մարզպետարանը Հակոբ Հարությունյանին Աշտարակի թիվ 1 հատուկ գիշերօթիկ դպրոցի հանրակացարանային հարկաբաժնում հատկացրել է 1 սենյականոց բնակարան, ապահովել առաջին անհրաժեշտության գույքով` մանկական եւ մեծահասակների մահճակալներ, անկողին, հագուստ, կենցաղային իրեր: Նախկին «բոմժերը» այսուհետեւ կսնվեն Աշտարակի բարեգործական ճաշարանում: Ընթացքի մեջ է նաեւ Հակոբ Հարությունյանի անձնագրի վերականգնման հարցը, որից հետո մարզպետարանը կփորձի նրա համար աշխատանք գտնել: Իսկ անչափահաս Արմինե Կարապետյանն արդեն տեղափոխվել է Երեւանի «Երեխաների աջակցության կենտրոն»: Սոցիալ-հոգեբանական, առողջական աջակցություն ստանալուց հետո, նա կտեղավորվի համապատասխան ուսումնական հաստատությունում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել