Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռք բերեք հաղորդվելու իրավունք՝ մկրտվելու միջոցով

Հուլիս 09,2009 00:00

Սուրբ հաղորդությունը Աստծու եւ մարդու միջեւ խզված կապը վերականգնելու միջոց է

Մարդիկ շատ են խոսում Հայ առաքելական եկեղեցու խորհուրդների նշանակության մասին, բայց այդ ամենի վերաբերյալ ճիշտ եւ գրագետ ինֆորմացիայի տիրապետում են քչերը… Ի՞նչ խորհուրդ ունի Սուրբ հաղորդությունը. վերջինիս մասին հավանաբար լսել են բոլորը: Հաղորդությունը Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է: Հաղորդությունն ունի Աստծո հետ միանալու, հաղորդակցվելու եւ մեկ մարմին լինելու իմաստ: Սուրբ հաղորդության խորհուրդը Հիսուս Քրիստոսը հաստատեց վերջին ընթրիքի ժամանակ, երբ 12 առաքյալների հետ զատկական սեղանի շուրջ նստած՝ վերցրեց բաղարջ հացը, օրհնեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, կերեք, այս է Իմ մարմինը»: Հետո վերցրեց անխառն գինով լի բաժակը, գոհություն հայտնեց, տվեց աշակերտներին եւ ասաց. «Խմեցեք դրանից ամենքդ, որովհետեւ այդ է Նոր ուխտի Իմ արյունը, որ թափվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար»: Այնուհետ պատվիրեց. «Այս արեք իմ հիշատակի համար»: Քրիստոսի Եկեղեցին՝ նրա պատվիրանի համաձայն, Սուրբ եւ Անմահ պատարագի ընթացքում հաց եւ գինի է բաշխում ժողովրդին, որով յուրաքանչյուր քրիստոնյա հաղորդվում է Աստծո հետ:

«Հաղորդություն»՝ նշանակում է հաղորդակցության մեջ պահել արարածին՝ Արարչի հետ, մեղավորին՝ Քավչարարի հետ, փրկվածին՝ Փրկչի հետ: Այս խորհրդով կենսական կապ է ստեղծվում քրիստոնյայի եւ Քրիստոսի միջեւ: Սուրբ պատարագի ժամանակ, ճաշակելով Տիրոջ մարմինն ու արյունը, հաղորդվողները խորհրդաբար միանում են ոչ միայն Աստծուն, այլեւ՝ իրար, եւ այդպիսով կազմում են Քրիստոսի մարմինը՝ Եկեղեցին: Սուրբ հաղորդության խորհուրդը եկեղեցու բոլոր անդամներին մեկտեղում է եղբայրական սիրո եւ խաղաղության կապով: Այդ պատճառով էլ քրիստոնյան առանց այս խորհրդի չի կարող երկնքի արքայության ժառանգորդ դառնալ, հավիտենական կյանք ժառանգել. «Ով ուտում է Իմ մարմինը եւ ըմպում Իմ արյունը, հավիտենական կյանք ունի. եւ Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ Իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք: Ով ուտում է Իմ մարմինը եւ ըմպում Իմ արյունը, կբնակվի իմ մեջ՝ եւ Ես՝ նրա մեջ»:

Հաղորդության խորհրդի սպասավորն օծյալ հոգեւորականն է, իսկ հաղորդվողը՝ մկրտված անձ, ով պատրաստ է Աստծուն ընդունել իր մեջ: Արդյունքը՝ հաղորդվողի շնորհների բազմացումն է եւ մեղքերի քավությունը:

Ինչ վերաբերում է խորհրդի նյութին, ապա խորհրդակատարման նյութը ցորենի անթթխմոր հացն է եւ խաղողի անապական գինին: Սուրբ Գրիգոր Տաթեւացին այսպես է բանաձեւում խորհուրդը. «Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսին՝ հաց ու գինու տեսքով, եւ նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես»: Սուրբ պատարագի ընթացքում հացն ու գինին խորհրդավոր կերպով փոխակերպվում են Քրիստոսի ճշմարիտ մարմնի եւ արյան:

Հաղորդվելու ամենակարեւոր նախապայմանն է անձի մկրտված լինելը, ինչպես նաեւ ուղղափառ վարդապետության խոստովանությունը: Կարեւոր է նաեւ գիտակցել, թե ինչ ենք ճաշակում՝ սովորական հաց եւ գինի՞, թե՞ Քրիստոսի մարմինն ու արյունը: Սուրբ պատարագից առաջ անհրաժեշտ է խոստովանել բոլոր մեղքերն ու սխալները: Հայ առաքելական եկեղեցին մեղքերի խոստովանության երկու կարգ ունի՝ անհատական եւ ընդհանրական: Անհատականը տեղի է ունենում հոգեւորականի հետ առանձնազրույցի ընթացքում, երբ հավատացյալը կարող է ոչ միայն խոստովանել իր մեղքերը, այլեւ ստանալ խորհրդատվություն հոգեւորականից:

Ընդհանրական խոստովանության ժամանակ հավատացյալները եկեղեցում Աստծո առջեւ ծնկաչոք ընթերցում են եկեղեցու հայրերի կողմից գրված «զղջման» աղոթքը, որտեղ հիշատակվում են մարդկային բոլոր մեղքերը: Այնուհետեւ հոգեւորականը Քրիստոսի կողմից շնորհված իշխանությամբ արձակում է նրանց մեղքերը, որից հետո խոստովանողները կարող են հաղորդվել: Այս է պատճառը, որ Սուրբ հաղորդությունից առաջ անպայման պետք է քննենք ինքներս մեզ, զղջանք մեր սխալների համար, խոստովանենք Աստծու եւ հոգեւորականի առջեւ: Այդ օրը պետք է նաեւ ֆիզիկապես մաքուր լինել:

Հաղորդվելու իրավունք ունենալու համար էլ անհրաժեշտ է լինել մկրտված եւ ունենալ հավատի ուղղափառ խոստովանություն: Հաղորդությունից առաջ արգելվում է որեւէ կերակուր ճաշակել: Մինչեւ Աստծուն մերձենալու պահը խրախուսելի է ինքնաքննությունը, որ ճանաչելով ինքդ քեզ՝ կարողանաս վճռել՝ հաղորդվե՞լ, թե՞ ոչ: Մեղքի պատճառով Աստծու եւ մարդու միջեւ խզված կապը վերականգնելու լավագույն միջոցը Սուրբ հաղորդությունն է: Նշենք, որ Մեծ պահոց շրջանում, երբ եկեղեցու վարագույրը փակ է, Սուրբ պատարագի ժամանակ հաղորդություն չի տրվում: Հղի կանայք եւ հիվանդները կարող են հաղորդվել, նրանց թույլատրվում է Սուրբ հաղորդությունից առաջ սնունդ ընդունել: Սուրբ հաղորդություն ստանալու բուն պահը Սուրբ պատարագն է: Ծանր հիվանդ հավատացյալները կարող են հաղորդվել տանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել