Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ 40 ՏԱՐԻ ԱՆՑ

Հուլիս 09,2009 00:00

Նախորդ դարի 70-80-ական թվականներին Թալինի շրջանում լայն ժողովրդականություն էր վայելում սպորտը, հատկապես՝ ֆուտբոլը: Գրեթե բոլոր գյուղերն ունեին ֆուտբոլի կանաչապատ դաշտեր: Համապատասխան մարզային կառույցներից տնտեսությանը հատկացված գումարով գնվում էր մարզական գույք: Տեղի էին ունենում միջշրջանային առաջնություններ: Հաղթող թիմերը մասնակցում էին հանրապետական առաջնությանը, պարգեւատրվում շրջանային իշխանությունների սահմանած պարգեւներով: Խորհրդային Միության փլուզումից հետո խաղահրապարակները սեփականաշնորհվեցին, դարձան տնամերձ:

Մի քանի տարի առաջ Ներքին Բազմաբերդ գյուղում հողատարածք հատկացվեց ու կառուցվեց ֆուտբոլի հրապարակ: Այստեղ արդեն տեղի են ունենում տարբեր առաջնություններ հարեւան գյուղական թիմերի միջեւ: Յուրօրինակ էր Ներքին Սասնաշեն եւ Ներքին Բազմաբերդ թիմերի հանդիպումը: Խաղադաշտում վետերաններ էին, որոնց միջին տարիքն անցնում էր 65-ից: Խաղը հսկում էին գյուղի բժիշկները, սակայն, բարեբախտաբար, նրանց կարիքը չզգացվեց: Ամենաարագ խաղացողը ներքինբազմաբերդցի հարձակվող Հայասեր Վարդանյանն էր, ով շուտով կդառնա 73 տարեկան: Ամենաերիտասարդը հիսնամյա դարպասապահ, Ներքին Բազմաբերդի գյուղապետ Աշոտ Հակոբյանն էր: Ծերունի վետերանները հետաքրքիր ու լարված խաղ ցուցաբերեցին՝ 3:2 հաշվով հաղթեց Ներքին Բազմաբերդը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել