Միջին քաշային կարգում Եվրոպայի (EBU) չեմպիոն Խորեն Գեւորը, որը բնակվում է Գերմանիայում եւ հանդես գալիս այդ երկրի դրոշի ներքո, ձեռնոց է նետել գերմանացի Ֆելիքս Շտուրմին:
WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Շտուրմը հուլիսի 11-ին Նյուրնբերգի «Rheinen-Pfalz» սրահում պետք է փորձի իր գոտին պաշտպանել հայաստանցի հավակնորդ բռնցքամարտիկի հետ մենամարտում:
Խորեն Գեւորը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 33 մարտ, հաղթել 30-ում, որից 16-ը՝ նոկաուտով, եւ կրել 3 պարտություն:
Ֆելիքս Շտուրմի մարզական այցեքարտն այսպիսին է. 35 մարտ, 32 հաղթանակ (14-ը՝ ժամկետից շուտ), 2 պարտություն (1-ը՝ նոկաուտով), 1 ոչ-ոքի:
Գերմանիայի լրատվամիջոցները համոզմունք են հայտնում, որ երեք տարի անընդմեջ պարտություն չկրած աշխարհի չեմպիոնի մրցակիցը էապես տարբերվում է նախորդներից եւ ավելի քան վտանգավոր է, հետեւաբար, ավելի արժանավոր է, քան նախորդ բոլորը:
Նույն լրատվամիջոցները լռում են, թե մենամարտից առաջ, անգամ համատեղ մամուլի ասուլիսում Խորեն Գեւորն ի՞նչ է ասել մրցակցի եւ իր նպատակների մասին: Սակայն «fightnews.com»-ը մեջբերում է Ֆելիքս Շտուրմի հայտարարությունները. «Ինձ լուրջ պայքար է սպասվում անչափ ուժեղ մրցակցի հետ: Առավելագույն չափով կենտրոնացած եմ եւ մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես եմ հաղթելու: Նայել եմ Գեւորի որոշ մենամարտեր եւ իմ մարզչական շտաբի հետ միասին առանձնացրել նրա բոլոր ուժեղ եւ թույլ կողմերը: Ես հիանալի թիմ ունեմ, որի հետ շատ լավ նախապատրաստական աշխատանք ենք կատարել: Վստահ եմ, որ հաղթանակն իմը կլինի»:
Չնայած տեղյակ չենք, թե ինչ է մտածում Խորենը, սակայն նրա հաջողությանը հավատում ենք եւ սպասում, որ պրոֆեսիոնալ ռինգում շուտով տղամարդկանց աշխարհի երրորդ չեմպիոնն ունենալու լավ շանսեր ունենք: Նախ, հիշում ենք, թե Գեւորն ինչպիսի համառ դիմադրություն ցույց տվեց Արթուր Աբրահամին, որի հարվածի ուժը հավասարը չունի աշխարհում՝ բոլոր քաշային կարգերը միասին վերցրած: Ապա չենք մոռանում, որ Ֆելիքս Շտուրմը մյուս վարկածների չեմպիոնական գոտիների տերերի նման ամեն տեսակի պատճառաբանություններով խուսափել եւ հիմա էլ խուսափում է Աբրահամի հետ ռինգ մտնելուց: Իսկ Գեւորը չվախեցավ ու թեեւ պարտվեց, բայց՝ արժանավայել, տղամարդու պես: