Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Թբիլիսիում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով բոլոր ութ քաշային կարգերում՝ նվաճեց ընդամենը մեկ բրոնզե մեդալ, իսկ թիմային հաշվարկում գրավեց 10-րդ հորիզոնականը:
Վերջին շրջանում պաշտոնական մրցումներում ձեռք բերված մեդալների քանակի աճի ֆոնի վրա այս արդյունքը առավել քան համեստ է:
Այս մասին ի՞նչ է մտածում մեր հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը: Երեկ «Առավոտը» հանդիպեց նրան:
– Եվրոպայի առաջնությունում մեր թիմի մասնակցության ձեր գնահատականը:
– Բավարար: Քանի որ հավաքականի գրեթե յուրաքանչյուր անդամ արեց այն, ինչի այս պահին ունակ էր:
– Ձեր գնահատականն ավելի հանգամանալից կարո՞ղ եք հիմնավորել:
– Հավաքականը նոր է կազմավորվել: Ութ ըմբիշներից առնվազն վեցը նոր են պատանեկանից տեղափոխվել երիտասարդական տարիքային խումբ ու դեռ հարմարվում են այստեղ սահմանված նոր քաշային կարգերին: Սա նաեւ նրանց առաջին մասնակցությունն էր Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այդ տղաները դեռ չունեն անհրաժեշտ մրցափորձ, կասկածում են սեփական ուժերին, հոգեբանորեն էլ պատրաստ չեն իրենց համար նման նոր մակարդակի պայքարի: Նրանք, ովքեր ճանապարհի կեսից դուրս մնացին, պարտվեցին ոչ թույլ մրցակիցների, չնայած նույն մրցափորձն ունենալու եւ կենտրոնանալու դեպքում միանշանակ կարող էին նաեւ հաղթել: Կային նաեւ մասնավոր օբյեկտիվ պատճառներ: Օրինակ, 60 կգ քաշային Ռոբերտ Հովհաննիսյանը ծառայում է բանակում ու Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար է վերջերս հավաքական գալու թույլտվություն ստացել:
Մենք՝ մարզիչներս, այս նորաթուխ երիտասարդների հետ դեռ շատ պետք է աշխատենք՝ մինչեւ կայանան: Դրա համար ժամանակ է պետք: Որքան էլ ծառը ջրես, պտուղը հասունանալու իր ժամանակն ունի:
– Սովորաբար, նման դեպքերում մարզիչներն ասում են, թե մրցավարությունն էր կողմնակալ, վիճակահանությունն էլ բարեհաճ չգտնվեց:
– Նման բան չկա: Մրցավարները մեր դեմ չեն աշխատել: Վիճակահանությունից էլ դժգոհելու մտադրություն չունեմ: Պարզապես, ընդհանուր առմամբ, թիմն առաջադրանքը կատարեց ո՛չ ավելի եւ ո՛չ էլ պակաս:
– Հիմա, երբ սպորտին մեծ ուշադրություն է հատկացվում ու արվում է հնարավոր առավելագույնը, պահանջներն էլ բարձրացել են:
– Այո, հիմա պետությունը, օլիմպիական կոմիտեն, մեր ֆեդերացիայի նորընտիր ղեկավարությունը ոչինչ չեն խնայում: Մեդալների սպասում են բոլորը, իսկ երբ դա լինում է քո ամենօրյա աշխատանքի շնորհիվ, մարզչի համար կրկնակի երջանկություն է: Ճիշտն ասած, չեմ մտածել: Բայց պատկերացնենք, որ ամեն մի մրցումում մարզիչն աշխատի ամեն գնով հնարավորին չափ շատ մեդալ բերել: Բայց դրա համար գին պետք է վճարվի: Կարելի է մարզումների եւ հավաքների ժամանակ մարզիկին դնել պահանջվող ծանրաբեռնվածության տակ, մրցման ժամանակ էլ նրան քամել: Բայց այդպես երկար չի կարող շարունակվել: Մեր պարագայում ըմբիշը, այն էլ՝ երիտասարդ, մարզական շատ կարճ կենսագրություն կունենա: Այս պահին մեծարման արժանանալու եւ խրախուսանքներ ստանալու համար հաստատ չարժե այդպես վարվել: Ես, որպես երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, ու իմ գործընկերները նույնպես, իմ առաջնային խնդիրը տեսնում եմ այսպես. շնորհալի ու խոստումնալից պատանիներին բերել երիտասարդական հավաքական, հետներն աշխատել, հասցնել մի նոր մակարդակի եւ ճանապարհել ազգային հավաքական: Այ, այնտեղ արդեն թող գրանցեն իրենց մարզական կարիերայի ամենակարեւոր նվաճումները:
– Իսկ դա ստացվո՞ւմ է:
– Ոչ ոք հարյուր տոկոսով ոչինչ ասել չի կարող: Սպորտում ամեն տեսակի լավ կամ վատ անակնկալ էլ լինում է: Բայց վստահ եմ, որ այսօրվա, նույնիսկ Թբիլիսիում պարտված տղաներից մեկը կամ երկուսը կարող են հանդես գալ 2012 թվականի օլիմպիական խաղերում:
– Երիտասարդականի հաջորդ կարեւոր մեկնարկն այս տարի ե՞րբ է լինելու:
– Օգոստոսի 2-ին մեկնելու ենք Անկարա՝ աշխարհի առաջնության: Մոտ օրերս նախատեսում ենք հավաքներ կազմակերպել: Թե ովքե՞ր հավաքականում տեղ կունենան՝ դեռ կորոշենք: