Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո ավելի շատ են շրջանառվում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնազրկման մասին լուրերը: Եվ եթե մինչեւ վերջերս նախարարի ամենահավանական թեկնածուն, դարձյալ ըստ լուրերի, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն էր, ապա այժմ 2 անուն էլ է ավելացել: Խոսքը ՄԻԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանի եւ «Շարմ Հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռուբեն Ջաղինյանի մասին է: Երկուսն էլ հարմար կապեր ունեն «վերեւների» հետ. Լ. Մարտիրոսյանը՝ comedy club-ի Գարիկի եղբայրը, ընտրությունների ժամանակ նախագահին ծառայություններ մատուցելու համար 2008-ից նրա օգնականն է: Ինչ վերաբերում է Ռ. Ջաղինյանին, ապա վերջինս, բացի նրանից, որ ողջ «Շարմով» հանդերձ մշտապես արժանանում է «ամենավերին» ողորմածությանը, պարզվում է՝ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս է: Մեկը այն կոոպերատիվ տիտղոսներից, որոնցից հանրապետությունում ունի մեծամասնությունը: Դառնալով մշակույթի ներկայիս նախարար Հասմիկ Պողոսյանին, փաստենք, որ նրա ղեկավարած գերատեսչությունը շարունակում է տարօրինակ քայլեր անել: Օրինակ, վերջերս ԶԼՄ-ներին են ուղարկել մի տեղեկանք, թե Վերահսկիչ պալատի 2007-2008թթ. պետական բյուջեից ստացված միջոցների օգտագործման եւ պետական գույքի կառավարման արդյունավետության վերահսկողության արդյունքների մասին հայկական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առիթով ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարությամբ հանդես կգա միայն ՎՊ պաշտոնական եզրակացությունը ստանալուց հետո: Փաստորեն, նախարարությունը տեղյակ չէ, որ պաշտոնական եզրակացությունները տեղադրվում են ՎՊ կայքէջում, եւ դա նշանակում է, որ ուղղված է ոչ միայն իրեն, այլեւ ողջ հանրությանը: Ավելին, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն արդեն պաշտոնապես ամեն ինչ հայտարարել է ասուլիսում: