Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՛վ ասելիքը, ե՛ւ ոճը

Հուլիս 09,2009 00:00

Այս շեշտադրումներն է կարեւորում Արմեն Խանդիկյանը՝ Բուդապեշտի փառատոնին ներկայացրած իր «Մակբեթում»:

\"\"Թատրոնները հաճախ բողոքում են, թե քիչ են մասնակցում թատերական փառատոների, թե դրսում վատ են ճանաչում հայ թատերական արվեստը: Այս կապակցությամբ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կարծես բողոքելու պատճառ չունի: Իր խաղացանկում 4 շեքսպիրյան բեմադրություն ունեցող թատրոնը («Մակբեթ», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», «Համլետ») մշտապես գնահատվել է միջազգային ճանաչում ունեցող շեքսպիրագետների կողմից: Երեկ Դրամատիկականը Բուդապեշտում մասնակցելով Շեքսպիրյան միջազգային ավանդական փառատոնին, որը մեկնարկել է հուլիսի 2-ին եւ կշարունակվի մինչեւ 10-ը, ներկայացրեց «Մակբեթը»՝ Արմեն Խանդիկյանի ռեժիսուրայով:

«Առավոտը» հեռախոսազրույց ունեցավ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ:

– Ինչո՞ւ հատկապես «Մակբեթը» ընտրվեց՝ այս փառատոնին ներկայացնելու համար:

– Ընտրությունը կատարվել է ոչ թե թատրոնում, այլ փառատոնի տնօրինության եւ հատկապես Շեքսպիրագիտության միջազգային կենտրոնի նախագահ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Բարտոշեւիչի կողմից: Անցած աշնանը Երեւանում անցկացված շեքսպիրյան փառատոնում դիտելով «Մակբեթը» եւ հանդիպելով ստեղծագործական խմբի հետ, Բարտոշեւիչն իր հիացմունքը հայտնեց, դրվատելով բեմադրության առավելությունները, որոնց մասին, բնականաբար, ես կլռեմ: Ուրախալին այն էր, որ ականավոր շեքսպիրագետը դիպուկ էր նկատել մտահղացման եւ ռեժիսորադերասանական լուծումների առանձնահատկությունները, որոնք մեզ համար կարեւոր նշանակություն ունեին: 21-րդ դարի Շեքսպիրը պահանջում է թատերաարտահայտչական նոր սկզբունքներ, որոնց էլ փորձել էինք մոտենալ:

– Բուդապեշտյան փառատոնը եւ նշանավոր է, եւ բարձր պրոֆեսիոնալ պահանջներ է ներկայացնում: Դժվար չէ՞ մասնակցել այս մրցակցությանը:

– Մեր թատրոնը եվրոպական հյուրախաղերի եւ փառատոների մասնակցության որոշակի փորձ ունի: Բայց, իհարկե, աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկին ներկայանալու պահը եւ բարդ է, եւ պատասխանատու: Կան եւ ավանդական դասական բեմադրություններ, եւ ավանգարդիստական: Մեր առավելությունն այն է, որ ռեժիսորական լուծումներին զուգակցվել է հզոր դերասանական անսամբլի աշխատանքը: Այսինքն՝ նպատակս չի եղել միայն ստեղծել ռեժիսորական ներկայացում: Մենք առաջադրել ենք ժամանակակից դերասանական արվեստի հետաքրքիր օրինակներ. Արթուր Ութմազյանի Մակբեթը, Ռոբերտ Հարությունյանի Դունկանը, Հովհաննես Բաբախանյանի Մակդուֆը, Գրիգոր Խաչատրյանի Մալկոլմը, Լուիզա Ղամբարյանի Լեդին իսկապես հետաքրքիր աշխատանքներ են…

– Բուդապեշտյան հանդիսատեսը ո՞ր թատերական մտածողությանն է հակված. ավանդակա՞ն, թե՞ ավանգարդիստական:

– Հունգարական թատրոնը մեծ ճանաչում չունի, բայց հանդիսատեսը, առնչվելով եվրոպական թատերական մշակույթի հետ, մեծ ինֆորմացիա ունի: Կարծում եմ, այստեղ ավելի շատ հետեւում են ասելիքին եւ ոճին, ինչը բարձրարվեստ կարելի է ներկայացնել ցանկացած ուղղության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել