Հայաստանյան թատրոններն ու մշակութային քաղաքականությունը՝ ըստ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի
Հայ ռեժիսորն ու «չեխ» տիկնիկը:
Մայիսի 22-ից Մոսկվայում բացվել է Չեխովի անվան VII միջազգային թատերական փառատոնը, որը կտեւի մինչեւ օգոստոսի 2-ը: Առանցքում «noveau cirque» (նոր կրկես) ժանրի ներկայացումներն են: Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը հայաստանցի մի քանի երիտասարդ արվեստագետների հետ մասնակցել է այս փառատոնին: Ասում է՝ աշխարհի լավագույն ներկայացումներն էին բերվել, հանրահայտ ռեժիսորներ հրավիրվել, իրենք էլ հնարավորություն են ունեցել լավագույն փորձը յուրացնել: Մոսկվայից անմիջապես հետո Ս. Շահվերդյանը մեկնել է Պրագա՝ մեկ այլ փառատոնի, որտեղ ռումինական թատերախմբի հետ բեմադրած նրա «Hitler in love» ներկայացումը ստացել է 2-րդ մրցանակ: Ի դեպ, սա այն փառատոնն է, որի ժամանակ պիտի բարձրացվեր Հայաստանի դրոշը, ու մշակույթի նախարարությունը սկզբում զլացել էր աջակցել ընդամենը 299 եվրոյով, եւ գումարը հատկացրել էր այն բանից հետո, երբ բեմադրիչն ասել էր, թե պատրաստվում է նամակ գրել ՀՀ նախագահին ու վարչապետին («Ինչպես խանգարել ռեժիսորին», «Առավոտ», 30.05.2009):
«Երբ ստացա հրավերը, այնտեղ գրված չէր, թե մրցանակային տեղեր են լինելու: Մի քանի օրից հասկացա, որ քվեարկություն է լինելու, ժյուրի կա… Ակնկալիքներս շատ քիչ էին, որովհետեւ աշխարհի տարբեր երկրներից ճանաչված խմբեր էին ժամանել: Մյուս կողմից էլ ռումինական թատրոնը շատ ուժեղ էր, եւ բեմադրությունս արդեն մի քանի տեղ հաջողությամբ ներկայացվել էր: Չեխական փառատոնից հետո Գերմանիա մեկնելու հրավեր էլ ստացանք: Հետաքրքիր կլինի «Hitler in love»-ը Գերմանիայում ներկայացնել»,- պատմեց ռեժիսորը: Նա, որ իբրեւ հրավիրված ռեժիսոր աշխատում էր Ռումինիայում, նույն թատրոնի կողմից օգոստոսին Թեննեսի Ուիլյամսի ստեղծագործությունը բեմադրելու առաջարկ է ստացել: «Մի քիչ կհանգստանամ այստեղ եւ կմեկնեմ»,- նշեց Սուրենը ու խոսեց թատրոնի ոլորտի խնդիրների, մշակութային քաղաքականության մասին ընդհանրապես:
«Երկար ժամանակ կոնֆլիկտի մեջ եմ մեր մշակույթի նախարարության հետ, որովհետեւ մշտապես խոստումներ են հնչում, ասվում է, թե երիտասարդությանը պիտի ուշադրություն դարձնել, բայց մինչ օրս դրանք դեռ խոսքեր են: Կրկին նոր պրոյեկտներ եմ ներկայացրել ե՛ւ նախարարություն, ե՛ւ թատրոն ու դեռեւս պատասխան չեմ ստացել: Մամուլի հրապարակումներից ելնելով՝ հույս ունեմ, որ շուտով լուրջ փոփոխություններ կլինեն, տեսնում եմ, թե այդ նախարարությանը ինչ մեղադրանքներ են ներկայացված: Կարծում եմ՝ արվեստի ղեկին հետագայում նստող մարդիկ մի քիչ ավելի խոհեմ կլինեն, կհասկանան թատրոնից եւ երիտասարդ արվեստագետների պրոբլեմներից»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա համոզմամբ, արվեստում եւ հատկապես թատրոնում մի միտում կա՝ բթացնել ազգը որքան հնարավոր է, թատրոնը դարձնել սպասարկման ոլորտին բնորոշ մի բան, ինչին ինքը եւ այլ երիտասարդներ դեմ են. «Ինձ հետ միասին չեխովյան փառատոնին մասնակցած երիտասարդ ռեժիսորները պատրաստ են ինչ-ինչ քայլերի, որպեսզի լուրջ բաներ փոխվեն ոլորտում: Մեր թատրոնն այսօր խնդիր ունի, մեր մշակույթը խնդիր ունի, մեր քաղաքում խնդիրներ կան… Այնպես է ստացվել, որ թատրոնն անջատված է այն ամենից, ինչ կատարվում է մեր կողքին: Ուղղակի աբսուրդ է, բայց թատրոնն ասես ինքն իր համար է գործում, եւ դա ձեռնտու է շատերին: Այն մարդիկ, որոնք ղեկավարում են, վախենալով իրենց տեղերը կորցնելուց՝ հրատապ եւ կարեւոր հարցեր չեն բարձրացնում, իսկ եթե անգամ բարձրացնում են, ինչպես դա եղավ, օրինակ, «Արշակ Երկրորդում», «Ծեր տիկնոջ այցում», սկսեցին պաշտոններ կրճատվել: Ցավալի է, որ այսօր մեր հայ մտավորականը հեշտ եւ էժան ծախվող է, ընտրությունների ժամանակ մշակույթի կարկառուն դեմքերը հայտնվում են քաղաքական գործիչների կողքին»: Դառնալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, որտեղից նրան ազատել են անցյալ տարվա դեկտեմբերից, Ս. Շահվերդյանն ասաց. «Եթե առաջ ամիսը 4 ներկայացում կար, հիմա 2-ն է… Սա միտումնավոր է, որ իբր մեզ թատրոն պետք չէ, շենքն էլ լավ տեղում է, կարող է մեծ գումարներ բերել՝ վարձակալության դեպքում»:
Հետաքրքրվեցինք՝ փառատոներին մասնակցող իր օտարազգի կոլեգաներն իրենց երկրներում ինչի՞ց էին դժգոհ:
Պարզվեց, օրինակ, ռուսաստանցի ճանաչված ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովն էլ իրենց մշակույթի նախարարության վարած քաղաքականությամբ հիացած չէ: «Սերեբրեննիկովն ասում էր, որ իրենց նախարարությունը լուրջ վերաբերվում է միայն անվանի արվեստագետների թաղումներին, վերածվել է թաղումների նախարարության: Բայց դրա հետ մեկտեղ, իրենց մոտ հսկայական գումարներ են հատկացվում մշակույթի ոլորտին: Մամուլից տեղյակ եմ, որ մեր երկրում էլ քիչ գումար չի հատկացվում, մնում է դրանք գրագետ տնօրինել: Երբ ամենամեծ ներկայացման ծախսը 4-5 մլն դրամ է, դերասաններին էլ սիմվոլիկ գումար են տալիս, մնացած փողն ո՞ւր է գնում, չես հասկանում»,- զարմանում է Ս. Շահվերդյանը:
Նա նաեւ փաստում է. «Բոլոր թատրոնի ղեկավարներն արդեն մի 30 տարի իրենց աթոռին նստած՝ ոչ մի արտակարգ բանով չեն զբաղվում, պահանջարկ չունեն, նշանակում է՝ այսօրվա թատրոնի նոր պրոցեսին համահունչ չեն քայլում, հետ են մնացել: Նայենք՝ աշխարհում ո՞ւր է հասել թատրոնը, մենք ուր ենք: Հայկական թատրոնները կա՛մ քիչ են մասնակցում փառատոների, կա՛մ էլ գնում են ինչ-որ երրորդ, բանանային երկրների միջոցառումների… Սրա կողքին այսօր կա՛ նվիրված երիտասարդություն, որն ի զորու է խոսք ասել այլ թատրոնի, նոր տեսակի մեջ եւ ոչ թե դոփել նույն տեղում»: