Քաղաքագետ Իգոր Մուրադյանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթաց չի տեսնում եւ առաջընթացի հույս չունի էլ: «Գործընթաց չկա, գործընթացն ավարտվել է. կա վերադարձ՝ հակամարտության կարգավորման իմիտացիոն գործընթացին: Նման գործընթացները երկար չեն տեւում, շարունակվում են առավելագույնը մեկ ամիս: Միջազգային ոչ մի ուժային կենտրոն շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Եվ դա շատ լավ է, Աստված չանի, եթե լուծում գտնվի»,- ըստ panorama.am-ի, երեկվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Մուրադյանը: Հիշեցնենք, որ այսօր սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամլո ասուլիսը, բայց մինչ այդ նրանք հանդիպումներ են ունենալու իշխանության բարձրագույն մարմինների հետ: Սպասվում է, որ առաջիկայում տեղի կունենա նաեւ երկու նախագահների հանդիպումը: Անդրադառնալով օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա կատարած այցին եւ այնտեղ ՌԴ նախագահի հետ նրանց ստորագրած համաձայնագրերին, Մուրադյանն ասաց, որ Հայաստանի համար նպաստավոր երկու համաձայնագիր է ստորագրվել: Նրա խոսքով, առաջին համաձայնագիրը ռազմավարական հարձակողական սպառազինման կրճատման մասին պայմանագիրն է, իսկ երկրորդը՝ Աֆղանստանի օպերացիայի համար ՌԴ տարանցիկ ենթակառուցվածքների օգտագործման մասին համաձայնագիրը: «Դա մեզ համար չափազանց կարեւոր է, քանի որ, այսպես թե այնպես, Հարավային Կովկասի նշանակությունը, որպես տարանցիկ տարածաշրջան, նվազում է: Մենք այդ խնդրում որեւէ դեր չէինք կատարում, այդ դերը կատարում էին Վրաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, Հարավային Կովկասը կմնա կարեւոր տարանցիկ տարածաշրջան: Բայց, ես կարծում եմ, որ եթե այդ պայմանագիրը Ռուսաստանի հետ իրականացվի եւ կայուն զարգացում ունենա, ապա, այսպես թե այնպես, Կովկասը կդառնա պահեստային տարբերակ: Այսինքն, նա կօգտագործվի, բայց կլինի պահեստային տարբերակ»,- բացատրեց Մուրադյանը: