«Ժամանելով տարածաշրջան՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները արդեն երրորդ անգամ հրաժարվում են այցելել Ստեփանակերտ՝ դա բացատրելով ոչ բարենպաստ եղանակային պայմաններով: Իսկ դա տարբեր ենթադրությունների եւ կասկածանքների պատճառ է տալիս»: Ինչպես հաղորդում է Ստեփանակերտում «Արմինֆոյի» սեփական թղթակիցը, այդ մասին լրագրողներին հայտարարել է «Վերածնված հայրենիք» ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպության նախագահ Տարոն Հակոբյանը: «Արդյո՞ք միջնորդների պահվածքում կանխամտածում կա, եւ արդյո՞ք նրանք նպատակ են դրել միջազգային հանրությանը համոզել այն բանում, որ նույնիսկ ամառվա շրջանում Երեւան-Ստեփանակերտ ճանապարհը դժվարանցանելի է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ԵԱՀԿ համանախագահները պատճառ են փնտրում, որպեսզի արհամարհեն հակամարտության սուբյեկտը՝ դրանով իսկ պաշտոնական Բաքվի համակրանքին արժանանալով: Իսկ գուցե հիմնական պատճառը Ստեփանակերտի քաղաքական եղանակն է, որը կապված է տարածաշրջանում միջնորդների գործունեության հետ»,- ամփոփել է Տարոն Հակոբյանը: