Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի լավ է՝ չնեղանան

Հուլիս 09,2009 00:00

«Առավոտի» հուլիսի 4-ի համարում տեղ գտած «Թեկուզ ինձանից նեղանան» հոդվածը միանգամից երկու արձագանք-պարզաբանում է ստացել: Ներկայացնում ենք դրանք. «Առավոտի» 2009թ. հուլիսի 4-ի համարում հրապարակված «Թեկուզ ինձանից նեղանան» հոդվածում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի խոսքն ամբողջական չի մեջբերվել, ինչն էլ հանգեցրել է մտքի սխալ մեկնաբանման: «Առավոտի» թղթակցի «Ի՞նչ է, կրթության եւ գիտության նախարարությունը չի՞ զբաղվում գիտության խնդիրներով» հարցին, պարոն Հարությունյանը մասնավորապես պատասխանել է. «Կրթության եւ գիտության նախարարությունը գիտության հարցերով շատ քիչ է զբաղվել: Չեմ ասում՝ չի զբաղվել, զբաղվել է, բայց ոչ այն չափով, ինչքան պետք է: Այսինքն՝ 1993 եւ 2003 թթ. բարեփոխումներ իրականացնելու որոշ փորձեր արվել են: Բարեփոխումների փորձեր արվեցին, բայց կիսատ մնացին, որովհետեւ պրոբլեմները շատ-շատ էին»: Լրագրողի կողմից կոմիտեի նախագահի ելույթի համատեքստից կիսատ մեջբերումը, ինչպես նաեւ «եթե զբաղվել էլ են» արտահայտությունը, փոխել է Սամվել Հարությունյանի խոսքի իմաստը: Խնդրում ենք կոմիտեի նախագահի խոսքի ամբողջական մեջբերումը տպագրել օրաթերթի առաջիկա համարում»: Այս պարզաբանումը ստացել ենք Գիտպետկոմից, իսկ ահա ԿԳՆ-ից ստացել ենք հետեւյալը. «Գիտության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության գործունեության հիմնական գերակայություններից է եւ գիտելիքահենք տնտեսության եւ հասարակության կայացման գործընթացի կարեւոր մասն է կազմում: Գիտության նկատմամբ պետական ուշադրությունը դրսեւորվել է նաեւ գիտության համակարգի կառավարման ինստիտուցիոնալ բարեփոխումներով, որոնք նախ եւ առաջ արտահայտվել են 2007 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համակարգում գործող պետական մարմնի՝ Գիտության պետական կոմիտեի ստեղծմամբ: Գիտության պետական կոմիտեն նոր ձեւավորված մարմին է եւ դեռեւս չի սպառել իր զարգացման բոլոր ռեսուրսները եւ ընձեռած հնարավորությունները, որպեսզի տվյալ ոլորտում հավակնենք նոր կազմակերպական փոփոխությունների:

Տեղեկացնում ենք նաեւ, որ մինչեւ 2007 թ. գիտության ոլորտի բարեփոխմանը միտված ընդունվել են «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» (05.12.2000 թ., փոփոխություններ 14.12.2001թ., 13.04.06թ.) եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները (14.12.04թ.), շուրջ հիսուն նորմատիվ իրավական փաստաթղթեր, ստորագրվել է վեց միջազգային համաձայնագիր:

ՀՀ ԿԳ նախարարությունը իր լիազորությունների շրջանակում հավասարապես կարեւորում է ինչպես գիտության, այնպես էլ նախադպրոցական, հանրակրթական, նախնական եւ միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական կրթական ոլորտներում իրականացվող բարեփոխումները՝ դիտարկելով այն որպես ամբողջական համակարգ: Այս համատեքստում տեղին է ընդգծել, որ խնդիրը նախ եւ առաջ եղած հնարավորությունների եւ ռեսուրսների արդյունավետ օգտագործման մեջ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել