«Հայաստանում վերջին գիտական նորույթները միջազգային շուկայում ճանաչվելու հնարավորություններ գրեթե չունեն»,- երեկ Բյուրականում Աստղագիտության միջազգային տարվան նվիրված գիտաժողովում ասաց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Հայկական գյուտերը միջազգային շուկայում ներկայացնելու համար կան լավ գաղափարներ, բայց դրանք իրագործելու ֆինանսական աջակցություն չկա: Ռ. Մարտիրոսյանի համոզմամբ՝ միայն միջազգային գիտաժողովները ու արտասահմանցի գործընկերների հետ հանդիպումները բավարար չեն, անհրաժեշտ է նաեւ ՀՀ-ում գիտական կառույցների ինտերնետային կայքերը պարբերաբար թարմացնել գիտական վերջին փորձարարական նյութերով եւ ներկայացնելու նոր մոտեցումներ մշակել: ԳԱԱ նախագահն ասաց, որ փորձարարական հետազոտություններով վերջին տարիներին արագ զարգանում են հատկապես կենսաբանության, հայագիտության ոլորտները: Իսկ ֆիզիկայի ոլորտը, վերջին հինգ տարիների կտրվածքով, ըստ ուսումնասիրությունների, գիտաշխատողների որակյալ կադրերի թվով զիջում է Ռուսաստանին ու Ուկրաինային՝ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում:
Գիտաժողովում Հայկական տուրիզմի ինստիտուտի ղեկավար Ռոբերտ Մինասյանը կարեւորեց գիտական տուրիզմի զարգացմանն ուղղված քայլերը: Նրա խոսքով, Հայաստանում, ի տարբերություն արտերկրի, այս ոլորտն ընդհանրապես զարգացած չէ՝ չնայած մեծ ներուժին: Նրա համոզմամբ, եթե քաղաքացիների համար այն ուղղակի պարզ շփման հնարավորություններ է ընձեռում, ապա մշակույթի եւ գիտական ոլորտներում նոր հայտնագործությունների, միջոցառումների, ցուցահանդեսների, փառատոների պահպանման երաշխիք է: Գիտական տուրիզմի առանձնահատկությունը, ըստ Ռ. Մինասյանի, գիտական նոր հետազոտությունների համար ներդրումների խրախուսումն է: Ռ. Մինասյանը գիտական տուրիզմի զարգացման իր ծրագիրն ունի: Նրա համար առաջնայինը, որ ԳԱԱ-ն ապահովի գրավիչ ու վստահելի գիտական հիմք՝ պետք է զարգանան տուրիստական բուհերը, պետք է ապահովեն որակյալ կադրեր ու մշակեն գիտական տուրերի նախագծման, անցկացման մեթոդները, պետական եւ օրենսդիր մարմինները պետք է աջակցեն գիտատուրիստական նորամուծություններին եւ նպաստավոր պայմաններ ստեղծեն դրանց իրագործման համար: Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն էլ, անդրադառնալով աստղադիտարանը՝ որպես տարածաշրջանային գիտակրթական կենտրոն լինելուն, կարեւորեց Աստղադիտարանի բազայով իրենց՝ տարածաշրջանում գիտական կենտրոնի նախաձեռնությունը: Նրա համոզմամբ՝ այն կնպաստի տարածաշրջանում աստղագիտության զարգացմանը: Խոսելով ոլորտի խնդիրներից, նա նշեց երբեմնի աստղացուցարանի անհետացման փաստը. «Աստղացուցարանը գործել է 1982-88թթ., հիմա գոյություն չունի, ճակատագիրը չկարողացանք պարզել, գիտենք միայն, որ այդ շենքն այժմ տնօրինում է ինչ-որ մասնավոր կազմակերպություն»: Նրան մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ այօր միջնակարգ դպրոցների շրջանավարտները տարրական գիտելիքներ չունեն աստղագիտությունից, բուհերում էլ վերջին տարիներին ֆիզիկայի ֆակուլտետներից այլ ֆակուլտետներ մեծ արտահոսք է արձանագրվել, իսկ այդ ոլորտի ուսանողներն էլ անտարբեր են: Եվրոպական մի շարք երկրների աստղագետներ վերջին տարիներին գալիս են ու վերապատրաստվում Բյուրականում, իսկ ԵՊՀ-ի աստղաֆիզիկայի բնագավառում մասնագիտացող ուսանողներից շատերը նույնիսկ չգիտեին, որ Աստղադիտարանը գործում է: Նրա համոզմամբ, պետք է մեծ ուշադրություն դարձնել նաեւ սիրողական աստղագիտությանը, ինչը դեռեւս, ի տարբերություն եվրոպական շատ երկրների, Հայաստանում դեռեւս չի զարգացել: Viva cell ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր խոսքում կարեւորեց գիտությանը նպաստելու ցանկացած ծրագիր. «Միայն հպարտանալ ու բարձրաձայնել, թե անցյալում լավ գիտնականներ ենք ունեցել՝ բավական չէ, պետք է այսօր աջակցել գիտական ոլորտի ներկայացուցիչներին ու նպաստել նոր հայտնագործություններին»:
Եռօրյա գիտաժողովի ավարտին աստղագիտական ընկերությունը իր հիմնադիր անդամներին բեղմնավոր գործունեության համար հանձնեց պատվոգրեր: