Մաթեմատիկայի միասնական լրացուցիչ քննության ժամանակ դժգոհեցին դիմորդների ծնողները
Դիմորդները հանձնում են բջջայինները եւ բարդ թվաբանական
գործողություններ կատարող հաշվիչները:
Երեկ թիվ 20 դպրոցի նախասրահում, որտեղ տեղադրված էին մաթեմատիկայի լրացուցիչ միասնական քննության ընթացքին հետեւելու համար մոնիտորներ, կարելի էր լսել անհանգիստ ծնողների այսպիսի բացականչություններ. «Վերջապես գտա էրեխիս, բա էդ ինչի՞ չի գրում, որ մի քիչ մոտիկից ցույց տար էս հեռուստացույցը, գոնե կտեսնեինք՝ ո՞ր հարցի վրա է մտածում», «Էս ո՞ւր ա, չեմ գտնում, է՜, իբր ի՞նչ են տեղադրել, որ էրեխիս չեմ տեսնելու»:
Թիվ 20 դպրոցի եւ Ստեփանակերտի քննակենտրոններում երեկ անցկացվող մաթեմատիկայի լրացուցիչ քննության համար հայտագրվել էր 274 դիմորդ, իսկ անցյալ տարի այդ թիվը կազմում էր 272: Մինչ քննակենտրոն մտնելը, «Առավոտը» զրուցեց դպրոցի բակում իրենց երեխաներին սպասող ծնողների հետ՝ պարզելու նրանց տրամադրությունները: Սուսաննա Քալանթարյանն ասաց. «Երեխաս մեկ տարի ԱՄՆ-ում է սովորել՝ «Ֆլեքս» ծրագրի շրջանակներում, ուստի մինչեւ վերադարձել եւ ատեստատ է ստացել, հիմնական քննություններին մասնակցելու ժամկետն անցել է: Դա է պատճառը, որ լրացուցիչ քննություն է հանձնում»: Խոսելով կրթական ոլորտի նորամուծությունների մասին՝ ծնողն ասաց. «Ախր համակարգը հաճախակի են փոփոխում, դա լավ չէ. ամեն տարի մի բան է փոխվում, չենք հասցնում մեկին սովորել: Սակայն ասվածը չի նշանակում, որ պետք չէ նորամուծությունների գնալ, պարզապես՝ ոչ այսքան հաճախ»: Ծնող Սիրուշ Ազարյանը, խոսելով միասնական համակարգի արդյունավետության մասին, ասաց. «Մենք սովետական դպրոց անցած մարդիկ ենք, մեզ համար այն համակարգն էր հարազատ ու ճիշտ»: Լալա Շառաֆյանն էլ ասաց. «Երեխաս քննության ժամանակ վատ էր զգացել, դրա համար էլ քննությունն ընդհատել էր, այսօր է հանձնում: Իսկ ինչ վերաբերում է խոսակցություններին, թե լրացուցիչ քննության ժամանակ ավելի հեշտ է «գործ» դասավորել, ապա ասեմ, որ դասավորողը առաջին քննության ժամանակ էլ կդասավորի»: Երբ խնդրեցինք գնահատել ներկայիս քննական համակարգը, ծնող Գայանե Տոնոյանն ասաց. «Երեխաների վրա փորձեր են անում. եթե մաթեմատիկայի տարբերակի մեջ կար չորս սխալ առաջադրանք, ապա երեխան ժամերով մտածում է դրա վրա, ժամանակ կորցնում, արգելակվում, էլ ի՞նչ օգուտ, որ հետո ընդունում են, թե սխալ են եղել, միավոր են բարձրացնում: Բա երեխայի կորցրած ժամանա՞կը, բա նրա հիասթափությո՞ւնը»: Հարցրինք՝ «Ի՞նչ եք առաջարկում»: Ծնողը պատասխանեց. «Ե՞րբ են ծնողների առաջարկությունները լսում, որ… ոնց հարմար են գտնում՝ այնպես էլ անում են»: Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ առաջարկ արել են եւ չի՞ ընդունվել: Տիկին Տոնոյանը հարցիս հարցով պատասխանեց. «Ո՞ւմ առաջարկեմ»: Ասացի, օրինակ՝ ԿԳՆ-ին: Զրուցակիցս նշեց. «Բայց թողնո՞ւմ են նախարարություն մտնենք: Ներս չեն թողնում, պիտի հերթագրվես, շատ լուրջ պատճառներ ներկայացնես, որ թողնեն: Նույնիսկ ականատես ենք եղել, թե ոնց էր մի կին լաց լինում, որ երեխան կտրվել էր, եւ իրեն չէին թողնում ներս մտներ նախարարություն: Դուք լրագրող եք, կարծես թե չգիտե՞ք, որ այստեղ ամեն ինչ ձեւական է: Որ հեռուստացույցով մեծ-մեծ խոսում են, ընդամենը ժողովրդի աչքերն են փակում: Բայց ուզում եմ այսքանով հանդերձ նշել, որ իմացողը, միեւնույն է, կստանա իր գնահատականը»:
Իրավիճակը պակաս հետաքրքրական չէր նաեւ քննասենյակում: Երբ չորրորդ անգամ քննակենտրոնի ղեկավարը երեխաներին հորդորեց կամովին հանձնել բջջայինները եւ բարդ թվաբանական գործողություններ կատարող հաշվիչները, դահլիճում գտնվողների կեսից ավելին վեր կացան տեղերից:
Մինչ քննության սկսելը՝ զրուցեցինք որոշ դիմորդների հետ: Նրանցից ոմանք բավականին անլուրջ տպավորություն թողեցին. օրինակ՝ Սուրեն Ասլանյանը, որը դիմել էր Ագրարային համալսարան, սկսեց հրճվել, երբ հարցրինք, թե ի՞նչն է պատճառը, որ լրացուցիչ քննությանն է մասնակցում: Նույնիսկ չկարողացավ նշել պատճառը: Հետո, երբ հարցրինք՝ գուցե հիվա՞նդ էր, նա հրճվանքով պատասխանեց. «Հա, հիվանդ էի»:
Ավելի ուշ, երբ որոշվում էր, թե քանի դիմորդի թեստ պետք է թարգմանվի ռուսերեն, գործընթացին մասնակցեց նաեւ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը եւ շուտ լքեց քննակենտրոնը: Ռուսերենով թեստ ստանալու ցանկություն հայտնեց 5 դիմորդ, հետո հանձնաժողովականները ստուգեցին՝ արդյո՞ք նրանք իրենց ատեստատներում չունեն հայոց լեզվից գնահատական, պարզվեց, որ նրանցից մեկն ուներ, այն էլ՝ 19.5 միավոր: Հետո հրաժարվեց թարգմանված թեստ ստանալուց, առանց այդ էլ՝ չէին տրամադրի:
Ի դեպ, ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք նախորդ քննության արդյունքների մասին. «Կենսաբանության միասնական լրացուցիչ քննության միջին միավորը 9,9 է: 17.5-20 միավոր ստացել է 4 հոգի՝ հանձնողների 9.52%-ը, «անբավարար» ստացել է 14 հոգի՝ 33.33%-ը: Ընդհանուր պատմության միջին միավորը 10,1 է, 17,5-20 ստացել է մասնակիցների 6.25%-ը, դրականի շեմը չի հաղթահարել 25%-ը: Աշխարհագրության միջին միավորը 11,4 է, 17,5-20 ստացել է 1 հոգի, դրականի շեմը չի հաղթահարել եւս 1 հոգի»:
Նորից հիշեցնենք, որ ընդունելության կանոնների 45 կետի համաձայն, մինչեւ հուլիսի 10-ը դիմորդները բուհերի ընդունող հանձնաժողովներին պետք է ներկայացնեն միջնակարգ կրթության ավարտական վկայականը՝ ատեստատը: Միայն այս դեպքում բուհեր հանձնված անձնական գործերի փաթեթը կհամարվի ամբողջական: