Կամ՝ «Աջակցություն գյուղին» ծրագիր-առաջարկ
Ամբողջ աշխարհն այսօր խոսում է ճգնաժամի մասին, քննարկում դրա պատճառներն ու հետեւանքները, քրեորեն պատժում դրանում մեղավորներից մեկին եւ այլ հնարավոր ու անհնարին բաներ: Դե, մեր երկիրն էլ, որպեսզի հետ չմնա բոլոր այս տեսակի խոսակցություններից, ակտիվորեն օգտագործում է ճգնաժամը ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթով կամ սկսում որոնել դրա լուծման ուղիները ասենք՝ շատ խոշոր վարկեր վերցնելով, խոշոր արտադրողներին աջակցելով, երկրի արտաքին պարտքը մեծացնելով: Սկզբունքորեն ճիշտ տարբերակ է եւ նման է բոլոր նորմալ երկրների քաղաքականությանը: Սակայն մի խնդիր կա. այս անգամ մեզ մոտ ուղղակի նմանակելու կամ «քոփի-փեյսթ» անելու տարբերակն այնքան էլ ճիշտ չէ. նախ, մեր տնտեսությունը համակարգային չէ, կառուցված չէ որեւէ մի մոդելի շրջանակում, այն չի անցել զարգացման այն էտապը, որի փլուզումն էլ ենթադրում է ճգնաժամը, բացի այդ, լիբերալ շուկայի փոխարեն՝ Հայաստանում կան մոնոպոլ մինի շուկաներ, եւ որեւէ կերպ չի կարելի սա շփոթել ազատ մրցակցության հետ: Իհարկե, այլ երկրների ճգնաժամի հետեւանքները ուղղակիորեն ազդել են մեր երկրի վրա. տրանսֆերտները քչացել են, ինչն ազդում է անշուշտ ներքին շուկայի վրա, սակայն այս ազդեցությունը մեղմելու ձեւերը բոլորովին այլ են, քան տնտեսության դիմակայությունը բարձրացնելու միջոցները:
Ես հավատացած եմ, որ մեր տնտեսագիտական դպրոցը շատ ավելի լավ, խորապես հասկանում է այս ամենը, սակայն զարմանում եմ, երբ տարբեր տեսակի բարդ բաներից խոսելու փոխարեն՝ չի առաջադրում մի քանի հիմնական հարցեր եւ այս միջոցները ուղղում նման խնդիրների լուծմանը:
Հարց 1. Ամեն տարի գյուղատնտեսության մեջ լինում է հսկայական կորուստ. վնասի չափը հասնում է միլիոնների, օրինակը՝ այս տարվա Լոռու եւ Շիրակի մարզերի պատմությունն է. որեւէ միջոց չի կարող սպեղանի լինել, քանի որ փաստորեն մարդկային աշխատուժը, ժամանակը, ռեսուրսները անարդյունք են մնացել. ոլորտի հարգելի պատասխանատուներ, ինչո՞ւ չեք ուսումնասիրում նման եղանակային միջոցառումներին դիմակայելու միջազգային փորձը, ինչո՞ւ չեք ստեղծում հակակարկտային ժամանակակից կայաններ, որոնք կարող են էականորեն մեղմել ազդեցությունը, ինչո՞ւ չեք գնում գյուղ եւ գյուղացուն բացատրում նախապատվելի եւ ոչ արդյունավետ տեսակների եւ այլնի մասին: Սրա փոխարեն կարելի է, իհարկե, որպես վնասի փոխհատուցում, հատկացնել մարզին միլիոնավոր դրամներ, որոնք կամ հասնում, կամ չեն հասնում հասցեատիրոջը, լավագույն դեպքում լուծում են 1 ամսվա հացի խնդիր:
Հարց 2. Ինչո՞ւ չեք հետաքրքրվում, թե ինչպես է գյուղացին իրացնում իր արտադրանքը, օրինակ՝ ծիրանը, որը շատ ու շատ է տեղական սպառողի համար, գրեթե չի մթերվում տեղական արտադրողների կողմից կամ մթերվում է շատ էժան եւ կարիք ունի պարզապես իրացման: Ոչ մի գյուղացի վարկ չի վերցնի ծիրանի արտադրություն ստեղծելու համար, դրա փոխարեն նա կտրում է ծառերը կամ հողը դարձնում անմշակ: Մի՞թե բրենդ համարվող ծիրանի արտահանումը չի կարող պետական հոգածության առարկա դառնալ: Կարող է, եթե նման փոքր հարցերով զբաղվելու հետաքրքրություն լինի:
Հարցերի շարքը կարող է անվերջանալիորեն ավելանալ, որովհետեւ հայ գյուղը այսօր հոգսերի ու խնդիրների թնջուկ է, որի լուծման ուղին կարծես ոչ ոք չգիտի: Այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ մեր հարստությունը շատ քիչ է, չունենք նավթ եւ ոսկի, ջուր եւ ծով, աշխարհին վաճառելու երկու ռեսուրս ունենք՝ մարդուն եւ մեր հողի բերքն ու բարիքը: Եվ եթե Շվեյցարիայի նման երկիրը կարողացել է այս երկու ռեսուրսով դառնալ աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը, ապա ինչո՞ւ չորդեգրենք այս քաղաքականությունը եւ քայլ առ քայլ գնանք գյուղական միջավայրի՝ որպես կարեւոր ռեսուրսի ենթակառուցվածքների ստեղծմանը: Սա շատ ավելի ռեալ հեռանկար է, քան, ասենք, Հայաստանը տուրիզմի կենտրոն դարձնելու կամ այլ հավակնոտ եւ եթերային ծրագրերը:
Երեւի նաեւ սովետական դպրոցն է մեղավոր, որ միայն տեսական եւ վերացարկված մտածողություն է զարգացրել մեր մեջ, այլապես մեր արհեստավարժ կառավարությունը տեսությունից կիջներ պրակտիկ շատ մանր քայլերի, նույն ամերիկացիների նման եւ նույն Բարաք Օբամայի պարտեզը մշակելու հրաշալի օրինակով:
Եվ եթե մենք շատ ենք խոսում մեր հանճարի մասին, ապա «ի՞նչ կարելի է անել», տեսականորեն վերացարկված հարցից պետք է իջնենք «ի՞նչ անեմ» կոնկրետ խնդրին եւ լուծենք մեր շատ փոքր երկրի շատ մեծ հոգսերը: