Բնապահպանության լույսն ու ստվերը
Երբ ուսումնասիրում ենք մարդկային քաղաքակրթության զարգացումը, անպայման գալիս ենք այն հետեւության, որ ահա մի քանի դար է, ինչ այն իրենց ուսերին են կրում ինժեներ-տեխնոլոգները: Այն երկիրը, որտեղ տեղ չի տրվում ինժեներական մտքին, հետընթաց է ապրում եւ վերջնականորեն ետ մնում քաղաքակրթության զարգացումից: Նման մի տարօրինակ իրավիճակում է հայտնվել մեր երկիրը: 1988-ից սկսած, հեղափոխական շնչի զոհ դարձավ խորհրդային տարիներին դժվարությամբ կուտակված երկրի ինժեներական պոտենցիալը: Շարժման առաջնորդները, զոհ դառնալով արեւմտյան ծառայությունների՝ խորհրդային կարգերի ոչնչացման համար նախապատրաստած որոգայթներին, ոչնչացրին ոչ միայն տեխնոլոգիական գծերը, արտադրությունները, այլեւ անգործության մատնեցին ինժեներատեխնոլոգիական միտքը: Այս ուղղությամբ համընկնում էին Թուրքիայի եւ Արեւմուտքի շահերը: Այդ տարիներին երբեմն մամուլ էին թափանցում թուրք պաշտոնյաների՝ Հայաստանը էներգետիկ ու տեխնոլոգիական ճգնաժամի մեջ խեղդելու ծրագրերը: Կարելի է ասել, որ ծրագրի մի մասը նրանց հաջողվեց: «Նաիրիտի» արտադրության կանգնեցումով կանգ առան արտադրական այս շղթայի մեջ գտնվող ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի շուրջ 600 գործարաններ, այսինքն՝ միլիոնավոր մարդիկ գործազուրկ դարձան: Էներգետիկ ճգնաժամի պատճառով կանգ առավ հայաստանյան արտադրությունների մեծ մասը: Հայ ինժեներները սկսեցին աշխատանք որոնել այլ երկրներում, քանի որ հիմնականում երկրի հումանիտար կրթություն ունեցող ղեկավարները երկրորդ պլան էին մղել մասնագետներին: Երբ այսօր փորձում ես հետազոտել այս հույժ կարեւոր հարցը, տեսնում ես, որ շարունակվում է քսան տարի առաջ սկսված գործընթացը: Իշխանական այրերը տուրք են տալիս ԵՊՀ շրջանավարտ «միջազգայնագետներին»՝ ուշադրությունից դուրս թողնելով փորձ կուտակած մասնագետներին:
Օրերս առիթ ունեցա ուսումնասիրելու Երեւանի ոսկերչական գործարանի տեխնոլոգիական վիճակը: Ինժեներ-տեխնոլոգի մասնագիտությունս թույլ է տալիս այն կապելու ժուռնալիստական իմ ունակությունների հետ: Զարմանքով տեղեկացա, որ նրանց արտադրանքի ինքնարժեքի 80%-ը կազմում է արտասահմանյան երկրներից դժվարությամբ ու խիստ թանկ գնով ձեռք բերված ոսկու հումքը, որը թանկանում է մաքսային, այլ տուրքերի պատճառով: Տարօրինակ է, որ հայաստանյան ոսկերչական ձեռնարկությունը չի կարողանում ոսկի ձեռք բերել երկրի ոսկու արտադրությունից: Իսկ ոսկերչական արտադրանքի ինքնարժեքը այնքան է մեծանում, որ դուրս է մղվում միջազգային շուկայից: Գործարանի ղեկավարությունը ստիպված է իջեցնել մշակողների, հղկողների, դիզայներների, ինժեներների աշխատավարձը: Ու բարձր որակավորում ունեցող մասնագետը չի դիմանում այս պայմաններին եւ աշխատանք է փնտրում այլ երկրներում: Արդյունքում, երբ այդ մասնագետին պատրաստելու համար երկիրը ծախսել է հսկայական միջոցներ, պետական այրերի ոչ մասնագետ լինելու, մասնագիտական կրթություն չունենալու կամ ղեկավարի սխալ մտածելակերպի պատճառով պետությունը հսկայական կորուստներ է կրում: Իսկ Հայաստանը հազարամյակներ շարունակ ոսկերչության ու արծաթագործության մեջ եղել է աշխարհում բարձր ճաշակ թելադրողներից մեկը:
Սա միայն մեկ օրինակ է մեր արդյունաբերությունից: Նման տասնյակ օրինակներ կան, որտեղ սխալների պատճառով երկրի կորուստները միլիարդների են հասնում: Այստեղ են ասել. «Երկրի հարստությունը ոչ թե ընդերքի պաշարն է, այլ ուղեղը»:
Վերջերս ես զարմանքով էի հետեւում բնապահպանական կազմակերպությունների եւ երկրի հանքարդյունաբերողների միջեւ ծավալված պայքարին: Դեռեւս 70-ական թվականներին հեռուստատեսության տեղեկատվական ծրագրերում ես համարյա ամեն օր մի հաղորդում էի եթեր տալիս բնապահպանության թեմաներով: Իմ տեխնոլոգիական կրթությունը թույլ էր տալիս ինձ խորությամբ ուսումնասիրելու այս կամ այն արտադրության պրոցեսներն ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկել: Ես նպատակ ունեի կաթիլ առ կաթիլ շրջակա միջավայրի պահպանության մշակույթ զարգացնել երկրում: Ես համոզված եմ, որ տեխնոլոգիական լուծումները արտադրության կատարելագործման, բարելավման ուղղությամբ՝ սահմաններ չունեն: Եթերում ցույց տալով «Նաիրիտի» թափոնները, ես ցույց էի տալիս, թե ինչ նյութեր կան դրանց մեջ ու դրանք ինչ արժեք են պարունակում: Օրինակ, թափոնի տեսքով դուրս են նետում ու գետերը աղտոտում մի նյութ, որը կարող է օգտագործվել նավթարդյունաբերության մեջ՝ աղակալած ու փակված հանքահորերը վերաբացելու համար: Կամ եթե պղնձահանքերում պղնձանյութով հարուստ հսկայական պոչամբարներ են գոյացել, չի նշանակում, թե այդ հանքերը բնապահպանական ուղղությամբ վնաս են երկրին: Խնդիրը կրկին տեխնոլոգիական մշակույթի մեջ է: Այդ պոչամբարները հազարավոր տոննա պղինձ ու ոսկի են պարունակում: Ահա մենք շարունակում ենք պղնձի խտանյութ վաճառել այլ երկրների: Իսկ շահողը միշտ մաքուր պղինձ արտադրողներն են: Խորհրդային շրջանում մենք մետաղի արտադրության մասնագետների հսկայական ներուժ ունեինք: Կրկին գանք բնապահպանների եւ հանքարդյունաբերողների՝ եվրոպական ատյաններ տեղափոխվող վեճին: Համոզված եմ, որ վեճը պետք է գնա ոչ թե արդյունաբերությունը արգելելու, այլ տեխնոլոգիական լուծումների շուրջ: Այս դեպքում բնապահպանները երկրի զարգացման գործում լուրջ ձեռքբերում կունենան: Թե չէ, մի աղջնակ, որը ոչ տեխնոլոգիայից է հասկանում, ոչ էլ երկրի քաղաքական ու տնտեսական իրավիճակից, իր հեռուստաելույթում աչքերը փակ փորձում է ծառերը պաշտպանել հատումից: Ու եվրոպական ատյանները չէ, որ պետք է որոշեն Հայաստանի տնտեսության ճակատագիրը:
Մեկ այլ տեսանկյունից էլ քննենք հարցը: Հայտնի է, որ տեղեկատվական պատերազմներում այսօր լուրջ տեղ ունեն «Գրինպիսի» կազմակերպությունները: Ասենք, մի հզոր երկրի անհրաժեշտ է մեկ այլ երկրի խանգարել օվկիանոսյան իր կղզում ինչ-որ հրթիռների արձակման կայան կազմակերպել: Այդ երկրորդ երկրում Կանաչների կազմակերպությունները գտնվում են առաջին հզոր երկրի գաղտնի ծառայությունների ազդեցության ներքո: Հովանավորությունը իրականացվում է տարբեր հիմնադրամների միջոցով: Նրանք, օգտագործելով «կանաչներին», հարցը միջազգայնացնում են եւ լուրջ հարված հասցնում այդ երկրին: Ես համոզված եմ, որ Թեղուտի պղնձահանքերի շահագործման խնդրում մեր բնապահպանները, չիմանալով՝ գործում են օտարերկրյա գաղտնի ծառայությունների թելադրանքով: Հարեւան Ադրբեջանում արդեն պղնձի եւ ոսկու տասնյակ հանքավայրեր են բացվում: Ոչ մի տեղ նրանք նման արգելքների չեն հանդիպում: Իսկ որ պղնձի, ոսկու արտադրության ու վաճառքի լուրջ մրցակցություն է սկսվում ծավալվել տարածաշրջանում, դա ակնհայտ է: Ստացվում է, որ ադրբեջանական ծառայությունները զարտուղի ճանապարհներով օգտագործում են հայկական միամտությունը, հարված հասցնում մեր երկրի տնտեսությանը: Այնպես որ, բնապահպանների մեջ էլ պետք է տեխնոլոգների, նաեւ քաղաքագետների ընդգրկել, ավելի լայն սպեկտրով քննել խնդիրը, այն անպայման բերել տեխնոլոգիայի բարելավմանը, որը սահմաններ չունի: