Պաշտոնյաները հավաստիացնում են, որ Արմավիր-Երեւան եւ Արմավիր-Շորժա ուղղություններով չվերթներից կշահեն ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ ձեռնարկությունները:
Ինչպես տեղեկացրել ենք հուլիսի 3-ին, հուլիսի 10-ից կսկսեն աշխատել Արմավիր-Երեւան եւ Արմավիր-Շորժա ուղեւորատար էլեկտրագնացքները: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլինը արդեն կնքել են պայմանագիրը:
Արմավիրի փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանի փոխանցմամբ` Արմավիր-Երեւան էլեկտրագնացքը երթուղի դուրս կգա օրական չորս անգամ: Նույն չվացուցակը, սակայն, միայն ամռանը՝ արձակուրդների եւ ակտիվ հանգստի սեզոնում, կգործի նաեւ Արմավիր-Շորժա ուղղությամբ: «Մեր նպատակը մարզի բնակիչների ամառային հանգիստը հնարավորին չափ մատչելի դարձնելն է: Գնացքի շահագործումով մենք այդ խնդիրը մասամբ կլուծենք: Այսուհետեւ Սեւանում իրենց հանգստյան օրերը անցկացնել ցանկացողները, առանց տրանսպորտային խնդիրներ ունենալու, կարող են գնացքով հանգիստ գնալ, նույն օրն էլ ետ գալ»,- նկատեց Արայիկ Աղաբաբյանը:
Երեւան-Արմավիր երթեւեկության վրա, ըստ փոխմարզպետի՝ առավելագույնը 50 րոպե կծախսվի. «Նույն ժամանակահատվածում էլ «Գազելներն» են հասնում մայրաքաղաք»,- ասաց նա: Բացի մարդկանց հանգիստը կազմակերպելուն օժանդակելուց, այս երթուղու շահագործումը մեծապես կնպաստի մարզում արտադրվող գյուղատնտեսական մթերքների՝ մայրաքաղաք «արտահանմանը»:
Ջրառատցի Ռազմիկ Գեւորգյանը, ով մեզանից իմացավ գնացքի շահագործման նորությանը, ուրախացավ, որ, վերջապես, առանց ավելորդ քաշքշուկների կլուծվի գյուղմթերքը երեւանյան շուկաներ հասցնելու խնդիրը: «Վերջապես՝ մի լավ բան էլ գյուղացու համար արվեց: Չեք պատկերացնի՝ ինչքան հոգնացնող ա, երբ ամեն մի ավտո ունեցողի առաջ գլուխ ես ծռում, որ բերքդ քաղաք՝ շուկա հասցնի: Չնայած փողն էլ տալիս եմ, բայց մի քանի անգամ էլ ետեւից գնում-հիշացնում եմ, որ գալող օրվա համար ուրիշ կլիենտների հետ գործարքի մեջ չմտնի: Մեկ-մեկ էլ մի քանի հոգով հավաքվում-փող ենք դնում, մեքենա վարձում ու հասնում Երեւան, բայց որ հիմա գնացքն աշխատելու ա, գործներս կիսով չափ հեշտանալու ա»,- ասաց Ռազմիկ Գեւորգյանը:
Արմավիրի փոխմարզպետի տեղեկացմամբ՝ ուղեվարձը մատչելի է լինելու: «Ավելի մատչելի, քան միկրոավտոբուսների 400 դրամը»,- ասաց Արայիկ Աղաբաբյանը, ձեռնպահ մնալով էլեկտրագնացքի տոմսի կոնկրետ արժեքի մասին խոսելուց՝ «թող անակնկալ լինի»: Էլեկտրագնացքի շահագործումով ոգեւորված են նաեւ մարզի ուսանողները: Ե՛վ չվացուցակն է նրանց հարմար, ե՛ւ երթեւեկության արժեքը: Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երթուղիներ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ուղեվարձը կլինի 300 դրամ:
Ուղեւորատար գնացքից բացի, գործելու է նաեւ բեռնատարը, որը կնպաստի գործարար խավի աշխատանքները ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելուն: Արայիկ Աղաբաբյանի ասելով՝ բեռնատար գնացքի աշխատանքը մարզի տարածքում գտնվող բնական հանքանյութերի եւ շինանյութերի արտահանումը կհեշտացնի: Ի դեպ, մարզպետի հետ հանդիպման ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարն ասել է, որ ընկերության նպատակն է սերտացնել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը: