Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԱՆՏԵՂՅԱ՞Կ ԵՆ

Հուլիս 09,2009 00:00

Տարածքային կառավարման նախարարի անբավարար գնահատականից անտեղյակ եւ դրան անհամաձայն մարզպետները հրաժարական չեն տա, իսկ նախարարը խոստանում է քննարկել վատ աշխատողին պաշտոնից ազատելու առաջարկը:

\"\"\"\"
Չնայած նախարարի «2»-ին՝ ոչ Արարատի մարզպետ Վարդգես Հովկիմյանը, ոչ էլ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մտադիր չեն հրաժարական տալ

«Առավոտի» հուլիսի 3-ի համարում տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի հունիսի 30-ի նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն անբավարար է գնահատել Արմավիրի եւ Արարատի մարզպետների աշխատանքը՝ հողի հարկի հավաքագրման գծով անցած տարվա նույն ժամանակի համեմատ աճ չապահովելու համար: Արմեն Գեւորգյանը խիստ անբավարար է գնահատել 2009 թվականին կուտակված աշխատավարձի պարտքերի մարման գործընթացը Արմավիրի մարզում եւ հանձնարարել խորությամբ ուսումնասիրել պատճառները, իրավիճակը շտկելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել եւ մեկ ամսվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին: Այս առթիվ զրուցեցինք «երկու» ստացած մարզպետների հետ: Պարզվեց, որ մարզպետները տեղյակ չեն, որ «2» են ստացել:

Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանն իրեն գերազանցիկ եւ հանիրավի «երկու» ստացած աշակերտի պես է զգում: Չհավատալով հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշների համար տարածքային կառավարման նախարարությունից անբավարար գնահատական ստանալու մասին լուրին, շտապեց իր գերազանց աշխատանքի մասին վկայող ապացույց ներկայացնել՝ նախորդ տարվա հողի հարկի հավաքագրման ցուցանիշը: «Անցյալ տարի 106,7%-ով բյուջե ենք կատարել: Ի՞նչ է նշանակում… կիսամյակը դեռ չենք ամփոփել՝ ինչ-որ գնահատականների ենք արժանանում»,- ոչ այն է՝ արդարանում, ոչ այն է զայրանում էր մարզպետը: Իր աշխատանքը գերազանց որակող մարզպետն ասաց, որ կիսամյակի ամփոփումը դեռ առջեւում է եւ որ նախորդ հինգ ամիսների ցուցանիշն իրեն թույլ է տալիս հույս հայտնել, որ հավաքագրումը կիրականացնեն 50%-ից բարձր ցուցանիշով:

Հերթական անգամ չհամաձայնելով իր աշխատանքի անբավարար գնահատականին՝ մարզպետ Հովակիմյանն ասաց, որ ինքն այս հարցը դեռ բարձրացնելու է: Իսկ հարցին, թե ո՞րն է լինելու, իր կարծիքով՝ անարդար գնահատման համարժեք պատասխանը, Վարդգես Հովակիմյանն ասաց՝ կերեւա տարեվերջին: Դատելով մարզպետի վճռականությունից՝ նա մտադիր չէ անբավարար գնահատականից հետո հրաժարվել պաշտոնից:

Վերջին հինգ ամսվա հավաքագրման ցուցանիշները համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ, երբ հավաքագրումը բարձր տոկոս էր կազմել, Արարատի մարզպետը քաղաքական հիմնավորում բերեց. «Ընտրություններից առաջ էր, մթերող կազմակերպություններն էլ գյուղացիներին կուտակած պարտքեր ունեին: Քանի որ կարեւոր շրջան էր, այնպես կազմակերպվեց, որ մթերողները մինչեւ վերջին լուման վճարեցին: Գյուղացին դարձավ վճարունակ ու ինքն էլ իր մասով կատարեց իր հարկային պարտավորությունները: Հիմա ընտրություն չկա, հավաքագրումները փոքր-ինչ դանդաղում են: Բայց մենք գրաֆիկ ենք կազմել եւ ըստ համայնքների նորմալ հավաքագրումներ ենք անում: Վեց ամիսը կամփոփենք ու կապացուցենք, որ հավաքագրումների հարցում չենք թերանում»: Վարդգես Հովակիմյանն ասաց նաեւ, որ հարցը բարձրացնելուց բացի, պահանջելու է նաեւ, որ ամփոփումներն անեն կիսամյակի կամ տարվա կտրվածքով, բայց չասաց, թե ինչու ոչ ընտրական ժամանակահատվածներում «այնպես չի կազմակերպվում», որ ոչ մի մթերող ոչ մի գյուղացու պարտք չմնա:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասաց, որ հողի հարկի հավաքագրումների ամփոփումներ նախարարությունը կարող է իրականացնել նաեւ 4 կամ 5 ամիսների հաշվարկով: Երբ նախարարին փոխանցեցինք Արարատի մարզպետի անհամաձայնությունը ստացած ցածր գնահատականի համար, նախարարն իր մոտ հրավիրեց քիչ այն կողմ կանգնած մարզպետին՝ հասկանալու համար վերջինիս դժգոհության պատճառը: Վերադասի եւ ենթակայի երկխոսությունից պարզ դարձավ՝ մարզպետը համաձայն է անբավարար գնահատականի հետ, սակայն ոչ թե ընթացիկ տարվա առաջին կիսամյակի, այլ առաջին հինգ ամիսների կտրվածքով: Վարդգես Հովակիմյանն ասաց, որ կիսամյակի տվյալներով՝ հողի հարկի հավաքագրման ցուցանիշը բարձր է 50%-ից:

Վերջին ամիսներին Արարատի մարզում հողի հարկի գանձումից ավելի մեծ հարցեր՝ քրեական եւ աղմկոտ դեպքեր եղան, եւ մարզը կրիմինալի համարում ստացավ: Մարզպետը հերքեց այդ որակումը եւ ասաց, որ Արարատը «ամենախախանդ» մարզն է, ուր ոչ մի լարվածություն, անգամ՝ ընդդիմություն չկա. «Իմ պաշտոնավարման առաջին օրվանից ասել եմ, որ այս մարզում ընդդիմություն չկա. բոլորը մեր ընկերներն ու բարեկամներն են, բոլորի հետ կարողանում ենք համագործակցել ու աշխատել»: «Առավոտի» հարցին, թե այդ մոտեցումը արդյո՞ք տոտալիտար համակարգից մնացած ժառանգություն չէ, մարզպետն ասաց. «Ոչ, ես այդպես չեմ կարծում: Մարզում հարց ունեցող յուրաքանչյուր մեկի հետ խոսում եմ անձամբ, բացատրում եմ, թե որն է ճիշտը, մարդը համոզվում ու գնում է»:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ չէր լսել, որ անբավարար է ստացել: Երբ ասացինք, որ այդ մասին թերթում արդեն գրել ենք եւ մեր տեղեկությունը ստացել ենք ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, Աշոտ Ղահրամանյանը ասաց, որ 2009-ի թե առաջին 5, թե առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն հատվածների համեմատ, հողի հարկի հավաքագրումը մոտ 10 տոկոսով աճել է՝ 52%ս հավաքագրում՝ հինգ, եւ 59%՝ վեց ամսում: Աշոտ Ղահրամանյանն էլ չի ընդունում անբավարար գնահատականը եւ մտադիր չէ հեռանալու հրաժարական տալ. «Եթե հողի հարկի մասով անբավարար են գնահատել, մարդը աշխատանքից ազատվո՞ւմ է: Նման մոտեցում ես չեմ պատկերացնում: Հողի հարկի հավաքագրումը համայնքապետերի պարտականությունն է: Իհարկե, սեփական եկամուտների հավաքման ցուցանիշով գնահատվում է նաեւ մարզպետների աշխատանքը, բայց մեր ցուցանիշը 59% տոկոս է»:

Աշոտ Ղահրամանյանը հիշեց, որ իրենք սեփական եկամուտների հավաքման ցածր մակարդակ են ունեցել տարվա առաջին եռամսյակում, երբ գյուղացին դեռ բերք չի ստացել ու պարզապես վճարունակ չէ: Արմավիրի մարզպետը մտադիր է եկող տարվա բյուջեում անպայման հաշվի առնել այս առանձնահատկությունը:

Իսկ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ասաց, որ անբավարար գնահատականից հետո մարզպետները պետք է աշխատեն, որ գնահատականը դառնա բավարար: Ավելի հարմար չէ՞ աշխատանքների գոհացուցիչ մակարդակ չապահովող մարզպետին ազատել աշխատանքից, մյուսներին էլ դաս կլինի, հարցրինք Արմեն Գեւորգյանին: «Դիմեք գրավոր, կմտածենք»,-խոստացավ Արմեն Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել