ԵԼՓԻՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ
ՀՀ վարչական դատարանն առաջին անգամ վարչական պատասխանատվության՝ տուգանքի ենթարկեց պաշտոնյայի՝ անձի տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտելու համար:
Երեկ ինֆորմացիայի ազատության կենտրոնից «Առավոտին» տեղեկացրին, որ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Պողոսյանի նախագահությամբ, դատական պրակտիկայում աննախադեպ վճիռ կայացրեց՝ բավարարելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հայցը՝ պաշտոնատար անձին տեղեկատվություն չտրամադրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասով, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը 50 000 դրամ տուգանք է մուծելու ԻԱԿ-ին՝ պահանջվող տեղեկատվությունը ժամանակին չտրամադրելու համար:
Հիշեցնենք, որ ԻԱԿ-ը փետրվարի 2-ին դիմել էր Ելփինի գյուղապետին՝ խնդրելով տրամադրել.
1. Ելփին համայնքի 2008թ. բյուջեի պատճենը:
2. Ելփին համայնքի 2008թ. բյուջեի կատարման հաշվետվության պատճենը:
ԻԱԿ-ի հարցումը մնացել էր անպատասխան: Եվ միայն դատարան դիմելուց հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Ելփինի գյուղապետից պատասխան էր ստացել:
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ Է
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ «Առավոտին» տեղեկացրին, որ ինքնափլուզվել է Գյումրի քաղաքի Աբովյան 135 հասցեում գտնվող երկհարկանի սեփական տան երկրորդ հարկը:
Տան 2-րդ հարկը 1988 թվականից եղել է չբնակեցված:
1-ին հարկում բնակվող Միլիտոսյանների 5 հոգանոց ընտանիքը տարհանվել է, տարածքն արգելափակվել է:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրու քաղաքապետին:
ԴԱՐՁՅԱԼ՝ ՍՆԿԻՑ
Սնկային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել Հաղթանակի փողոցի թիվ 3 շենքի 24-րդ բնակարանի բնակիչներ՝ 34-ամյա Վարդուշ Առաքելյանը եւ 38-ամյա Հերմինե Սարգսյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների վիճակը ծանր է:
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԿԻՐԱՌՎԵԼ Է
ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի տեղեկացմամբ, երեկվա դրությամբ դատարանների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» թիվ Ն-152-4 որոշումը կիրառվել է ընդհանուր առմամբ 308 քրեական գործերով 384 անձի նկատմամբ, մասնավորապես. Վճռաբեկ դատարան–1 անձի նկատմամբ, Վերաքննիչ քրեական դատարան–36 անձի նկատմամբ: