Զորավար Անդրանիկի թիվ 69 շենքի բնակիչները դեռեւս մեկ շաբաթ առաջ շուրջօրյա ջուր ունեին, սակայն հիմա՝ ոչ: Այս շենքի բնակիչներին սա շատ է վրդովեցրել, քանի որ «Երեւան ջուր» ընկերությունը ամեն օր ժամը 13-18-ը ջուրն անջատում է, մինչդեռ, բնակիչների խոսքերով, հենց այդ ժամերին է ջուրն ամենից շատ անհրաժեշտ: «Մենք շատ գոհ էինք «Երեւան ջուր» ընկերությունից, որ ստիպված չէինք ջուր կրել, բայց հիմա արդեն հիասթափվել ենք: Երբ մեր դժգոհություններով զանգում ենք «Երեւանջուր», ի պատասխան ասում են, թե ջրագիծը վթարվել է եւ մի 3-4 օրից ամեն ինչ կկարգավորվի: Այդ 3-4 օրից եւս 3-4 օր է անցել, սակայն՝ ոչ մի փոփոխություն: Օրերս նույն ընկերությունից մեզ ասացին, թե ջրի «հովհարային» անջատումները դեռ կպահպանվեն՝ անորոշ ժամանակով: Այս հայտարարությունը մեզ կասկածելի թվաց: Ոմանք արդեն մտածում են, թե ջուրը չի բավականացնում, քանի որ ամռանը աշխուժանում են տարբեր «օբյեկտների» աշխատանքները, իսկ դրանց մեջ քիչ չեն ջուրը առանց ջրաչափի՝ անսպառ օգտագործողները»,- մեզ հետ զրույցում պատմեցին շենքի բնակիչները: Այս առնչությամբ «Երեւան ջուր» ընկերության մամուլի ծառայությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ Արարատ-Երեւան ջրագծի վթարն է ջրի մատակարարման գրաֆիկի խախտման պատճառը, իսկ քանի որ վթարվել է ջրագծի մեծ հատված, վերականգնողական աշխատանքները երկար են տեւում: Ընկերությունն այս մասին հաղորդագրություն է տարածել ու սպառողներից ներողություն խնդրել: Որոշ ժամանակ անց նրանք մեզ տեղեկացրին, որ երեկվանից այդ շենքում շուրջօրյա ջրամատակարարումը վերականգնվել է:
Երեկ մեզ էին դիմել նաեւ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի բնակիչները՝ դժգոհելով ջրի ցածր ճնշումից: Ըստ նրանց. «Ոչ լվացքի մեքենա, ոչ էլ ջրատաքացուցիչ ենք կարողանում միացնել, ոլորտը, բարեփոխվելու փոխարեն, հետընթաց է ապրում»: Այս առնչությամբ էլ «Երեւան ջրից» հայտնեցին, որ Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքն ընդգրկվել է բակային պոմպակայանի ծրագրերի մեջ, որը ենթադրում է ոչ թե միայն պոմպի, այլ նաեւ լրիվ ջրագծի վերափոխման աշխատանք: