Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր են ադրբեջանահայերը

Հուլիս 09,2009 00:00

\"\"«Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը համոզված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ժողովրդական դիվանագիտությունը ձեւական է, հայկական կողմի համար նպաստավոր չէ, հայերին հանգստացնելու, զինաթափելու փորձ է, որ Հայաստանն ադրբեջանցիներին թշնամի չհամարի։ Սա այն դեպքում, երբ, ըստ բանախոսի՝ Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է Հայաստանի դեմ ռեւանշիստական պատերազմ սկսել:

Ադրբեջանահայերի խնդիրների մասին լրագրողների հետ խոսելիս Գրիգորի Այվազյանը նկատել է նաեւ, որ Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի հասարակությունների ներկայացուցիչների հանդիպմանը որեւէ ադրբեջանահայ չի մասնակցել ու չի եղել մեկը, որ «կեղծավոր Իլհամ Ալիեւի երեսին» ուղղակի ասեր՝ ո՞ւր եք կորցրել ադրբեջանահայությանը, «եթե հիմա բարբաջում եք տարածքային ամբողջականության մասին: Փոխարենը ադրբեջանական պատվիրակությունը ԼՂՀ իշխանությունների երեսով է տվել, թե Ղարաբաղի անկախությունը նույնիսկ ՀՀ-ն չի ճանաչել»:

Բանախոսը տեղեկացրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ Ադրբեջանը փոխհատուցի հայ փախստականների կրած բարոյական եւ նյութական վնասները եւ որ ադրբեջանցիների կազմակերպած կոտորածները որակվեն ցեղասպանություն՝ «աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է հայկական տարածքների վրա, բռնազավթել է Գանձակը, Դաշտային Ղարաբաղը, Նախիջեւանը: Աշխարհը, ի վերջո, պետք է իմանա, թե ով է իսկական օկուպանտը»:

Բանախոսի կարծիքով, ադրբեջանահայերը անտեսված են նաեւ Մինսկի խմբի կողմից, խումբն ունի պրոադրբեջանական վերաբերմունք։ «Եթե մեր դիվանագիտությունն էլ ավելի ագրեսիվ եւ վճռական լիներ՝ ավելի լավ կլիներ»,- ամփոփել է «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել