Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպանել ու այրել էին

Հուլիս 09,2009 00:00

\"\"2009 թ. հունիսի 13-ին Գյումրի քաղաքի «Պոլիտեխնիկում» ուսումնարանի պատի տակ հայտնաբերվել էր կիսաայրված տղամարդու դիակ՝ բռնի մահվան հետքերով:

Փաստի առթիվ 2009 թ. հունիսի 13-ին ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ դիտավորյալ սպանության հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է Գյումրի քաղաքի Բաշինջաղյան 10 տան բնակիչ Ս. Հակոբյանի դիակը, ում հունիսի 12-ին Գյումրիի Սավոյան փողոցում ծեծի են ենթարկել Հ. Գեւորգյանը, Ա. Բարիչենկովը, Գ. Գեւորգյանը, Ս. Թադեւոսյանը՝ Բարիչենկովի կնոջը՝ Ա. Թադեւոսյանին վիրավորելու եւ սեռական հարաբերության առաջարկություն անելու համար: Հ. Գեւորգյանը, Ա. Բարիչենկովը, Գ. Գեւորգյանը, Ս. Թադեւոսյանը բռունցքներով հարվածներ են հասցրել Ս. Հակոբյանի մարմնի տարբեր մասերին: Ա. Բարիչենկովի բռունցքի հերթական հարվածից Ս. Հակոբյանը վայր է ընկել, որից հետո Հ. Գեւորգյանը, Ա. Բարիչենկովը, Գ. Գեւորգյանը, Ս. Թադեւոսյանը ոտքերով հարվածներ են հասցրել տուժողի կրծքավանդակին եւ մարմնի մյուս մասերին:

Դրանից հետո Հ. Գեւորգյանը դեպքի վայրից հեռացել է, իսկ Ա. Բարիչենկովը, Գ. Գեւորգյանը եւ Ս. Թադեւոսյանը շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել Ս. Հակոբյանի մարմնին, որի ընթացքում վերջինս կորցրել է գիտակցությունը: Կարծելով, թե նա մահացել է՝ Ա. Բարիչենկովը տնակից սավան է բերել եւ կապելով Ս. Հակոբյանի ձեռքերն ու ոտքերը՝ մարմինը տեղավորել են անկողնու ծածկոցի մեջ, տեղափոխել Գյումրի քաղաքի նախկին Պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենք ու հեռացել: Մոտավորապես 5 ժամ անց Ա. Բարիչենկովը զանգել եւ կանչել է Ս. Թադեւոսյանին, Գ. Գեւորգյանին եւ միասին Ս. Հակոբյանին տեղափոխել են Գյումրու «Պոլիտեխնիկում» ուսումնարանի պատի տակ եւ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ Ա. Բարիչենկովի կողմից նախապես բերված հեղուկ վառելանյութը լցրել Ս. Հակոբյանի վրա ու այրել:

Հունիսի 22-ին Ա. Բարիչենկովին, Ս. Թադեւոսյանին եւ Գ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), իսկ Հ. Գեւորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից): Նրանք կալանավորվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել